ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանի հետ զրուցել ենք Մաշտոցի պուրակի մի հատվածը Միսաք Մանուշյանի անունով վերանվանելու շուրջ
Պարոն Սարգսյան, երեկ Մաշտոցի պուրակի մի հատված վերանվանվեց Միսաք Մանուշյանի անունով: Քաղաքացիական ակտիվիստները նշում են, որ դա Քաղաքացիական հարթակը, որը շատերի համար բանավեճի, քննարկման մի անկյուն է, վերացնելու միտում ուներ: Ինչպիսին է Ձեր կարծիքը. երկու տարի առաջ Մաշտոցի պուրակի պայքարի կիզակետում էիք:
Պարզ չէ, թե ինչը ստիպեց գործող վարչակարգին նման քայլի գնալ, որովհետև մարդիկ հազար ու մի պատճառ կարող են ունենալ: Հանրության կողմից դա ընկակվեց որպես նսեմացնելու, ստորացնելու նշան: Ակցիաներն էլ դրանից ելնելով են արվել, իսկ ոստիկանների կոշտ միջամտությունն ավելի ամրապնդեց այն մտայնությունը, որ իշխանությունները հատուկ քայլ են արել: Մեծ աղմուկ ստեղծվեց ոստիկանների գործողությունների պատճառով: Հիմա նորից տարբեր քաղաքական ակտիվ շերտեր բանավեճի մեջ են, և դա արտացոլում է այս կամ այն խմբի քաղաքական դիրքորոշումը: Կան մարդիկ, որոնք ամեն կերպ դրա մեջ փորձում են ռուսամետություն տեսնել՝ ուղղված Արևմուտքի դեմ: Կան մարդիկ, որոնք հիշում են Մաշտոցի պուրակի ժամանակվա վեճերը: Ըստ էության, գնահատելու ցանկություն չկա, բայց կա մոլուցք՝ թեման օգտագործել իրար մեջ հարցեր պարզելու համար: Հետաքրքիր է, որ Մաշտոցի պուրակից երկու տարի անց, այդ պայքարի արձագանքը եկավ բանավեճի կիզակետում կանգնեց:
Կակարծիք, որ գուցե այս անվանափոխությունը պայքարի գաղափարը չեզոքացնելու միտում ուներ:
Օլիգարխիկ համակարգում ամեն ինչ հնարավոր է: Գուցե ինչ-որ մեկին ասել են մի բան արա, չի էլ իմացել ինչ է անում, առաջին գաղափարը եկել է գլուխը, և մեկ գիշերում որոշել են, առավոտյան իրականացրել են: Բայց, հնարավոր է նաեւ՝ սա վրեժ լուծելու պես մի բան էր. դառնությունը, որը մնացել է վարչակազմի մոտ երկու տարի առաջ, իրեն զգացնել է տալիս: Նման իշխանությունների պարագայում ինչ ասեք սպասելի է:
Կարծում եք, Օլանդի համար պա՞րզ էր, թե ինչ պայքար է մղվել պուրակի համար:
Սա բացարձակապես չի վերաբերվում ոչ Օլանդին, ոչ էլ մարդուն, ում անունով անվանակոչել են պուրակը: Օլանդը կարող էր եւ չգալ, չէր լինելո՞ւ այս ակցիան, պարզ չէ՞, որ լինելու էր: Կամ մեկ այլ մարդու անունով անվանակոչեին պուրակը, էլի լինելու էր բողոքի ակցիան:
Մաշտոցի պուրակից հետո տեղի ունեցող զարգացումները քաղաքացիական տիրույթում ի՞նչ տրանսֆորմացիաների ենթարկվեցին, Մաշտոցի պուրակից հետո շատ հաղթանակներ կարծես չեղան: Գուցե գործիքակազմի՞ պակասն է, կամ պայքարի մեթոդների՞:
Մաշտոցի պուրակի ազդեցությունը քաղաքական ու քաղաքացիական կյանքի վրա շատ մեծ է եղել: Նախ, երկու տարվա մեջ առաջին անգամ երկրում ակտուալացվեց կուսակցությանների գործունեության դերը: Մի կողմից, կա բացասական վերաբերմունք կուսակցական գործունեության նկատմամբ, բայց կա նաեւ հակառակը, երբ հանրության համար ակտուալ է դառնում այն, թե ինչու Հայաստանում ստեղծվել է մի համակարգ, երբ կուսակցությունները չեն կարողանում զարգանալ, որոնք կդառնան լիարժեք, հանրության շահը պաշտպանող քաղաքական կառույցներ: Ինքնին այս բանավեճը ծնվել է Մաշտոցի պուրակի պայքարի ժամանակ: Այն ժամանակ դա նոր երեւույթ էր, որը նախկինում երբեւէ չէր եղել: Մինչ այդ, Հայաստանի ներքաղաքական կյանքում քաղաքականություն էր համարվում միայն նախընտրական ու հետընտրական դաշինքների գործունեությունը: Իսկ Մաշտոցի պուրակից հետո ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներ աշխատեցին, ինչը քաղաքականության մեջ նոր ալիք բերեց: Պատահական չէ, որ հիմնական խանդն ու հարվածները այդ շարժումն սկսեց ստանալ կուսակցությունների կողմից, որովհետեւ մենաշնորհը ջարդվեց, ու մինչեւ հիմա էլ այդ միտումը կա:
Այժմ շատ ակտիվ է «Դեմ եմ» շարժումը, որը եւս որոշակի հաջողություններ կարողանում է արձանագրել: Սա նույնպես կուսակցական մենաշնորհը ջարդելու օրինա՞կ է:
Իհարկե, «Դեմ եմ» շարժումը եւս ստիպեց, որ քաղաքական կուսակցությունները զգան քաղաքացիական շարժումների դերի մեծացումը: Թե կուսակցությունները, թե քաղաքացիական շարժումները հասկացան, որ կարող են հաջողությունների հասնել միասնական ջանքերով. առանձին-առանձին դա հնարավոր չէ: Կուսակցական լիդերները արդեն հասկացան, որ գործ ունեն լուրջ երեւույթի հետ: Ինչ վերաբերվում է նրան՝ բավարար են, թե բավարար չեն քաղաքացիական շարժումների գործողությունները, դա իհարկե շատ սուբյեկտիվ երեւույթ է եւ կախված է սպասելիքներից: Այլ երկրներում քաղաքացիական շարժումները կարողացել են ռեժիմներ տապալել: Վերջերս դա տեսանք Ուկրաինայում: Բնականաբար Հայաստանում էլ գործընթացներն այս սանդղակով են ընթանում: Եթե քաղաքացիական շարժումը չի դնում ռեժիմը տապալելու խնդիր, նշանակում է դեռ այդ մակարդակին չի հասել:
Ինչ վերաբերվում է ոստիկանության գործողություններին, ապա նրանք իրենց ամեն տեղ են գռեհիկ պահում, բայց Մաշտոցի պուրակում առավել բարդույթավորված են: Երկու տարի առաջ ոստիկանները, որոնք լավ չէին հասկանում՝ ինչ է կատարվում, իրենց սարսափելի նվաստացած են զգացել, ու դա է նաեւ պատճառը, որ հիմա իրենց շատ վատ են պահում: