Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը
Արմինե, կարծիք կա, որ նախագահական ընտրությունների շուրջ արհեստական ծայրահեղ անլրջություն է ստեղծվել: Իսկապե՞ս այդպես է, թե պարզապես սա հոգեբանական պահ է հասարակության մեջ, գիտակցության մեջ ներարկվել է սա՝ որպես հիմնավոր կարծիք:
Այդպես է, եթե խոսքը վերաբերում է նախագահական ընտրությունների շուրջ արհեստական ծայրահեղ անլրջություն ստեղծելուն, իմ կարծիքը միանշանակ է: Օրեցօր համոզվում եմ այս տեխնոլոգիայի առկայության մասին: Նախագահի թեկնածուների մի մասը անլրջացնելու համար է մասնակցել և մասնակցում: Տպավորությունն այն է, կարծես պահի տակ «գտնված» փրկարար տեխնոլոգիա լինի, որ հընթացս է գրվում: Բայց եթե մյուս կողմից դիտարկենք, կտեսնենք էպոսագետի վաղաժամ առկայությունը. «ռելաքս» ոճի քարոզարշավի գաղափարը դեռ վաղուցվանից կա:
Շրջանառված դավադրությունների տեսությունները` Հայրիկյանի մահափորձի, թեկնածուների դիմադիր ու ընդդիմադիր լինելու հաշվարկները, այս ամենը շատ չնչին մաս են իրական նպատակի դիմաց: Իսկ իրական նպատակն, իմ դիտարկմամբ` բոլոր միջոցներով և եղանակներով անլրջացնել ու ծիծաղաշարժ, պրիմիտիվ դեդեկտիվ սցենար հասցնել մարդկանց:
Օրինակ, «այն մորուքավոր թեկնածուն» (այո, դիտմամբ եմ ասում, որ ընդգծեմ, որ այդ թեկնածուին ոչ ճանաչեցին, ոչ ուզում էին ճանաչել, ոչ էլ հասկացան մարդիկ` ինչու դրեց, ինչու վերցրեց): Իրականում, նա ոչ մի կերպար չստեղծեց, մարդիկ այդ առումով շատ զգայուն են: Կտրուկ գաղափարներ առաջարկեց, ոչ ռեալ, թեկուզ այն պատճառով, որ իր քաղաքական կշռով չէր կարող ավելի լուրջ նպատակադրված թեկնածուներին ինչ-որ էական բան առաջարկել: Նա հանդես եկավ որպես «կեղծ» թեկնածու:
Անդրիաս Ղուկասյանի շուրջ աղմուկից հետո լռություն տիրեց, երբ մարդիկ համոզվեցին, որ նա իր գաղափարների և մտադրության տերն է: Որպեսզի արժեզրկվի «հացադուլ» երևույթը հասարակության մեջ, հանկարծակի, էլի թեկնածուներ հացադուլից խոսեցին:
Այդ մենք գիտենք, դուք գիտեք, թե ինչ է Անդրիասի հացադուլի էությունն ու իմաստը և ինչ է Հայրիկյանի շրջիկ հացադուլն ու Արամ Հարությունյանի մեկօրյա ծոմը: Իսկ հեռուստատեսությամբ, հասարակության տարբեր շերտերի ականջին հասնում է, որ մեկ այլ թեկնածու էլ է արել, հետո մյուսն էլ: Ու հետո կրկին չեն անում հացադուլ: Հասկանո՞ւմ եք. սա շփոթ սարքելու մի ձև է` փորձել աղավաղել և արժեզրկել Անդրիասի քայլի ձևն ու բովանդակությունը՝ սովորական արար ներկայացնելով:
Արմինե, այս շփոթն ո՞ւմ է ձեռնտու, իշխանությա՞նը:
Միանշանակ: Իշխանությունը հավաքագրել էր մարդկանց, որ տատանեին մրցակցության դաշտը, հավաքագրել էր բոլոր դեպքերի համար, որ լուրջ մրցակիցներին լղոզեն ընտրապայքարում ու ուշադրությունը շեղեն «կեղծերի» վրա: Նա հավաքագրել է նաև այնպիսի թեկնածուի, որը շատ բանի է պատրաստ, ինչպես օրինակ խաղի, սցենարի արագ փոխվելուն և այլ դերակատարմանը: Խոսքն էպոսագետի մասին է, որը բոլորի նման չէ քարոզարշավ կազմակերպում և բավական անլուրջ, անհավատալի հայտարարություններ անում: Բայցև երբեմն բոլորի նման կարծիք է հայտնում, վերլուծում: Մարդը, որն ինչ որ գուշակություններով և «Վերևն Աստված կա» կարգախոսով ներկայանալով որևէ հաղորդաշարի, կարող է ծայրահեղությունից ծայրահեղություն խաղալ, կարելի էր հասկանալ, որ նա վաղուցվանից լավ պատրաստված կադր է՝ թե անլրջացնելու, թե ցածրացնելու քննարկումների որակն ու մակարդակը, թե զբաղեցնելու, ըստ որում՝ շատ էլ տեղեկացված ու «փաստերով» պատրաստված է: Խեղկատակի գործառույթ է:
Կողքից ամբողջականորեն որ նայեք իրականությանը, կտեսնեք իրական թեկնածուներին ու խաղացողներին: Իշխանությունը կարողացավ նույնիսկ իրական մեկ թեկնածուի շարքից հանել և դարձնել խաղացող, այն էլ շատ օգտակար:
Խոսքը Պարույր Հայրիկյանի մասի՞ն է:
Այո: Գուցե կմիավորվեի՞ն երեք ավելի մեծ վարկանիշով թեկնածուները, բայց իշխանությունը մեկին շարքից հանեց: Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը կարողացան հեռու մնալ այս վերջին սցենարից` Հայրիկյանի կողմից առաջարկված, գուցե նաև այն պատճառով, որ իրենք լրջորեն զբաղված էին իրենց քարոզարշավով և գուցե ինտուիտիվ իրենց հեռու պահեցին «մայրաքաղաքային կրքերից»: Հիմնական մրցակիցներն են Րաֆֆի Հովհաննիսյանը և հետո Հրանտ Բագրատյանը, ինչպես նաև իշխանությունը չի կարող արհամարհել Անդրիաս Ղուկասյանին, որոնց «շուրջ» էլ այս ամբողջ «թատրոնը» խաղացվում է: Այն նպատակ ունի մի հարթություն ստեղծել, մի մակարդակ, մի որակ, որում բոլորը հավասարաչափ են, կամ գոնե իրենց տարբեր թերություններով լրացնում են դաշտը, և առավել մեկը չկա: Բայց խնդիրն այն է, որ թերություն վերհանելու փոխարեն այդ մարդկանց որոշակի որակ, մոտեցում, գուցեև առավելությունն են շահարկում` իբրև հումոր:
Երբ դա հրահանգով է արվում՝ հասկանալի է, ցավոք, իսկ երբ մտահոգ ընդդիմադիր մտավորականը կամ արվեստագետը կարող է այս խաղերին ենթարկվել ու «բոլորի պես» ստանդարտ ընկալել օրինակ Րաֆֆու բարևելը, ավտոբուս նստելը որպես անհասկանալի երևույթ, դա արդեն մտահոգիչ է, ուրեմն այս մարդիկ դեռ պատրաստ էլ չեն օլիգարխիայից ու «թագավորից» հրաժարվելու: Իսկ օրինակ ինչու որևէ մեկը լուրջ քննարկման կամ քննադատության տակ չի առնում Հովհաննիսյանի ծրագրային այս կամ այն դրույթը, կամ Բագրատյանի որերորդ քայլն է անհավանական, բայց փոխարենը խելացի մարդիկ օրերով իրենց կաղապարված միտքը չեն կարող ազատագրել բարևը հասկանալու ալգորիթմից: Այսինքն, անգամ առողջ մտածող հասարակական մասում քննարկման հարթությունը դեռևս վարքային մակարդակի է: Մարդիկ վախենում են փոփոխություններից խոսել կամ հետաքրքրվել, դրանով մատնում իրենց մեջ ամեն ինչի նկատմամբ եղած վախը, նույնիսկ փոփոխությունների:
Արմինե, բայց այդ քայլերը չեն ընկալվում հասարակության կողմից, քանի որ կարծես կիրառված տեխնոլոգիա է, որը մեր իրականության մեջ չի ընկալվում:
Նախ, պետք չի ասել, թե չի ընկալվում, քանի որ որքան չընկալվող է, դրանից առավել արդեն իսկ ընկալվում է: Այսինքն, ցանկացած տեխնոլոգիա, եթե ազնիվ է կատարվում, և մարդու տեսակից է բխում, կեղծություն չկա, արդեն իսկ ընկալվում է: Մեկ տարի առաջ ավելի պակաս, քան հիմա: Միանշանակ վերաբերմունք ոչ ոք չի կարող վաստակել, քանի որ մարդիկ տարբեր են: Առավել ևս միանշանակ չէ վերաբերմունքը Րաֆֆի Հովհաննիսյանին, որը հայաստանյան լճացած քաղաքական դաշտում տարբերվել է իր մոտեցումներով և առաջարկներով, չափանիշներով: Ի վերջո, մարդկային շփումների կամ վարքի ձևերը միթե տաղտկալի միօրինակ ու փակ պիտի լինեն, ասենք խորհրդային ձևաչափում` առանց «դեմքի», հայացքի, մարդկանց արհամարհած ոճով, թե օլիգարխիայի` հաստավիզ թիկնապահներով: Կարծում եմ՝ պետք է գնահատել. միայն ուժեղ մարդիկ են, որ սովորությանը դեմ են գնում և առաջարկում նորը, հատկապես, երբ շատ ու շատ խոսվում է, հումորի վերածվում, քննադատվում, իսկ նա մնում է անդրդվելի: Ուրեմն հատկապես, սա պետք է ստեղծագործ մարդիկ գոնե հասկանան:
Իսկ մեզ համար ընդունված տեխնոլոգիան ո՞րն է. նախագահի թեկնածուն բեմից կարդա գրա՞ծը, և սցենարից դուրս հարցերին պատասխանելով` վարկաբեկի մի ամբողջ հասարակություն կամ ժողովո՞ւրդ, որ ինչքան ուզի` կխփի: Բարևի տեխնոլոգիան վատն է, մենք անպատվության տեխնոլոգիային ենք սովոր:
Այսինքն՝ Սերժ Սարգսյանի պատասխանը անպատվությո՞ւն է սեփական ժողովրդի նկատմամբ:
Էլ ինչպե՞ս է լինում անպատվելը: «Դուք ով եք, որ ընտրեք, դուք ոչ ոք եք, ես եմ որոշում»: Սերժ Սարգսյանի Գյումրիում արտասանած խոսքն անմեկնելի է, դա ցինիզմի ու արհամարհանքի անսահմանությունն է սեփական ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև անթաքույց լարվածություն:
Շատ խառը ժամանակներ ենք ապրում, շատերը խոսում են, շատերը խառնված են ու անուշադիր. հատվածական շահերով տարբեր ուժեր տարբեր կողմեր են գնում: Իշխանությունից սադրանք են նետում ինֆորմացիոն դաշտ, ընդդիմադիրները կասկածում են ընդդիմադիրներին այդպիսիք լինելու մեջ, հետո պայքարում միմյանց դեմ, անպատվում, նեղացնում, վերջում պարտվում: Սադրիչն ինչպես ծիծաղում էր, այդպես էլ ծիծաղում է: Զգոն է պետք լինել:
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ