Արմինե Ղազարյան

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը

Արմինե, այն, ինչ կլինի մինչև ընտրություններ, կարծես թե պարզէ, ըստ Ձեզ, ի՞նչ կլինի փետրվարի 18-ից հետո:

Եթե պարզ է, թե ինչ կլինի մինչև ընտրություններ, ապա դժվար չի գուշակել, թե ինչ կա փետրվարի 18-ից հետո: Նախ, համընդհանուր առումով թե ինչ կլինի` ոչինչ էլ չի լինի, բայց նեղ, տարբեր շերտերում կգնան տարբեր գործընթացներ: Նախագահի մի քանի թեկնածուներ դեռ որոշ ժամանակահատված կզբաղեցնեն հասարակության ուշադրությունը՝ կեղծ ընտրությունների դեմ բողոքարկելով, մի քանիսը իրենց կատարած դերը ավարտած համարելով՝ կգնան վաստակած հանգստի, մինչև նոր դեր ստանձնեն. հասարակական շերտերում ևս տարաբնույթ վիճակներ ու խոսակցություններ՝ անտարբերությունից և հանդուրժողականությունից մինչև հույսերի և հավատի խորտակում ու հիասթափվածություն, ապատիկ վիճակ: Ակտիվի շրջանակներում էլ հատուկ միասնականություն և ծրագիր չեմ տեսնում, առավել ևս, որ լայն իմաստով քաղաքական ակտիվը Հայաստանում ցրված է տարբեր, անգամ հակադիր ուժերի և կուսակցությունների, կազմակերպությունների միջև, և թեպետ բոլորն էլ դեմ են գործող նախագահի իշխանությանը, բայց ավելի դեմ են միմյանց և անհանդուրժող: Այնպես որ, եթե սկսեն միմյանց ոչնչացնել, ինչպես եղել և շարունակվում է, այդ բարոյահոգեբանական մթնոլորտում էլ կհաղթի հին նախագահը:

Հիմա խոսում են նոր էլիտայի անհրաժեշտության մասին,որքանո՞վ է դա հնարավոր մեր իրականության մեջ:

Նախ պիտի հասկանանք նոր էլիտան որն է, խոսքը քաղաքակա՞ն էլիտայի մասին է: Ամեն տեսակ ոլորտ թարմացվելու կարիք ու պահանջ է զգում, հատկապես քաղաքական ոլորտը: Վաղ թե ուշ կլինի սերնդափոխություն: Բայց հարցը միայն ֆիզիկական սերնդափոխության մեջ չէ, նոր էլիտան միայն առավել ժամանակակից կրթություն ու տեխնոլոգիաներ, տեխնոկրատ և միջազգային իրավունքը լավ կերտած երիտասարդ մասնագետները չեն, նոր էլիտան պետք է նոր մտածողության կրողը լինի, և դրանով պետք է հանդես գա որպես ընդդիմադիր` հին մտածողության, կարծրատիպային և շաբլոնային մտածողության: Եթե հիմա մենք դա չունենք կամ չենք տեսնում, ուրեմն լավագույն այդ մասնագետներն էլ, ավաղ, հնի իներցիոն շարունակությունն են:

Այսինքն՝ նորն էլ իր բնույթով հին կլինի՞:

Հայաստանյան քաղաքական դաշտի ավտորիտարիզմը, մենաշնորհային քաղաքականությունը, իշխանության կառչածությունը կառավարման այս ոճից՝ ակնհայտ են, երկար տարիներ իշխանությունը վերարտադրվում է, ինքն իր լծակներով վերընտրվում: Դրա համար վարչակարգից կախված այդ ոլորտն էլ ունի իր սեղմությունն ու սահմանափակությունը: Եթե բացվի համակարգը՝ նոր շունչ, թթվածին կմտնի կառավարության ոլորտ, բայց դա անպատկերացնելի է: Ամեն դեպքում, խոսքս տարիքով երիտասարդ, բայց հոգով փտած իշխող կուսակցականների մասին չէ, որոնք որպես մեկ այլ սերունդ կան, գոյություն ունեն իշխանության մեջ, բայց դոգմատիկ մտածողությամբ հասցրել են հավասարվել իրենցից տարիքով գործընկերներին:

Մինչև հայաստանյան քաղաքական «իրականությունը» չփոխվի, նոր էլիտայի պոտենցիալ ներկայացուցիչները կմնան «անկյուններում» քշված: Համակարգը պարտքի զգացում ունի, խնդիր ունի տեղավորելու իրեն այս 20 տարվա մեջ տարատեսակ ծառայություններ մատուցած անձանց, և միայն փոխատեղումներ կարող է անել, իսկ թարմացնել` ոչ: Ողջ պատկերը կտեսնենք և իշխանության վիճակի մասին պատկերացում կկազմենք, եթե վերցնենք Ազգային Ժողովի համամասնական ցուցակը, որտեղ «դուրս գրված» մարդկանցից մինչև «դաշտային գեներալներ» ու կարիերիստ երիտասարդներ են: Բոլորին տեղավորել են, դա հասարակության, ժողովրդի բարօրության հետ ոչ մի կապ չունի, այլ կոնկրետ իշխանության վերարտադրման ճահիճն են սարքել: Նոր բան չեմ ասում:

Ուրեմնև թող Սերժ Սարգսյանը շատ գեղեցիկ խոստումներ տա, բայց կատարածը, արարքը կա` արդեն իսկ դե ֆակտո, որով էլ պարոն նախագահը մատնում է իր «իրականությունը», իր հնարավորությունների իրականությունը, քանի որ ունեցած ռեսուրսներով մեծ ցանկության դեպքում էլ մեծ բան չի փոխի: Հիմա մի շատ լավ վիճակում էլ հակառակ կողմը չի` գրագետ և ակտիվ զանգվածը: Առհասարակ, բոլոր դիտարկումներս թույլ են տալիս կասկածանքով վերաբերվել ցանկացած շարժման ու գաղափարական կառույցի, որտեղ նոր մտածողության, նոր մոտեցումների փոխարեն դեռ չարչրկված գաղափարներ են և մարդկանց ուրվականների պաշտամունք է, կամ «էլիտար» մեծ պասիվություն:

Արմինե, իսկ նախագահի թեկնածուների նպատակը ո՞րն է: ԱրդյոքՍերժ Սարգսյանին մենակ թողնելը չէր լինի արդյունավետտարբերակ:

Թեկնածուները շատ տարբեր են` թե անցած ճանապարհներով, թե իրենց տեսակով, և բնականաբար մոտիվացիաներն են տարբեր, թե ինչու առաջադրվեցին: Իմ կարծիքով, Սերժ Սարգսյանն ի սկզբանե հոգացել էր մենակ չմնալու խնդիրը. ի՞նչ եք կարծում՝ նա անտեղյա՞կ է հասարակական-քաղաքական անցուդարձին այնքանով, որ դրա լուծումը ժամանակին մտածած չլինի և չունենա շախմատային խաղում իր քայլը: Արքան ունի ծաղրածու, և վաղուց դաշտ է շպրտել, որն էլ զբաղեցնում է ունկնդիրներին: Ինչ վերաբերում է թեկնածուների հնարավոր դրդապատճառներին, ապա գուցե մի քանիսն իրենց մասին հիշեցնել են տալիս այսպես` շատ «ծանրակշիռ» ձևով ամեն նախագահական ընտրություններում համարվելով թեկնածու, և կարող են իրենց մասին անգամ գիրք գրել, ավելի ուշ` բազմակի թեկնածության չեմպիոն համարվել: Մեկի մոտ արկածախնդրություն կա, մյուսի մոտ անլրջություն, երրորդն իրեն խիստ գնահատված է ուզում զգալ, չորրորդը կոնկրետ փոփոխության ծրագիր ունի: Դրդապատճառներից կարևորը, լրջագույնն իհարկե իշխանության ձգտումն է, իսկ ինչ նպատակներով՝ դրանք էլ են տարբեր: Իսկ թե կարևորագույնն ինչպես են հաղթահարելու, ինչպես են դիմակայելու իշխանության բազմալծակ գրոհին ընտրական մեխանիզմների աջակցությունից զուրկ այս թեկնածուները՝ այլ հարց է:

Հիմա ելքը…

Սերնդափոխության խնդիր կա: Մտածողության սերնդափոխություն, ու սա կարծրատիպ չէ, սա ամենօրյա իրականություն է` կյանքի տարբեր ոլորտներում, որը խոչընդոտում է ցանկացած զարգացմանը, որը խոչընդոտում է «ազնիվ» ուժերին և մարդկանց իրական պայքարի դուրս գալու: Առավելապես` միասնություն կազմելու և միասնական լինելու, հանդուրժելու ուրիշի գաղափարը ևս, այլ ոչ մենաշնորհելով մեկը և մշտապես պտտվելով գուցեև մահացած կամ ժամկետն անցած այդ գաղափարի շուրջ` բացառել մյուսները: Յուրաքանչյուրն, ով ինչ որ բան ուզում է փոխել, պիտի սկսի իրենից: Գուցե մասնավոր է թվում ասածս, բայց ոչ, մարդն ամեն ինչ պետք է իր միջով անցկացնի: Հակառակ դեպքում, երբեմն Հայաստանում շատ առաջադեմ մարդիկ, երիտասարդներ պայքարում են մի բանի համար կամ մի բանի դեմ, ինչ իրենց մեջ դեռ կա, ուրեմն առաջին պայքարը սեփական անձի մաքրումն է: Անհրաժեշտություն իհարկե կա նոր էլիտայի, բայց հիմիկվա հասարակական, քաղաքական դաշտում դրա առաջացման հնարավորությունը քննարկման ենթակա հարց է, որքան են մարդիկ բաց` կազմելու և ունենալու այդ էլիտան:

Սիրանույշ Պապյան

Lragir.am