Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը:
-Վերջերս Հայաստանում շատ է խոսվում քաղաքացիական անհնազանդության, դրա ձևերի մասին: Ի՞նչ է քաղաքացիական անհնազանդությունը:
- Հայաստանում կարծես գալիս է արդեն այդ գաղափարը, այս վերջին տարիներին տեսնում ենք, որ մարդիկ ավելի են փորձում այդ պայքարի էությունը հասկանալ` ի՞նչ է նշանակում անհնազանդություն, ընդհանուր առմամբ, կիրառում են այդ մեթոդոլոգիան: Մենք նման փորձ ունենք մեր նորագույն պատմության մեջ: Դա Ղարաբաղյան շարժումն էր, որն ունեցել է սահմանադրական փուլ: Դա իրավական հարթություն է, և դու այդտեղ ես աշխատում, պահանջներ ես ներկայացնում, իրավական ընթացակարգերի մեջ ես մտցնում, դատարան ես դիմում: Դա ինքնին դեռ անհնազանդություն չէ, բայց դու պատրաստում ես քո անհնազանդության իրավունքը: Պահանջում ես, որ այդ ընթացակարգերով, ինստիտուներով խնդիրը լուծում ստանա: Հետո որոշումները տալուց հետո այդ որոշումների հանդեպ անհամաձայնություն եղավ: Ժողովուրդը չհամափայնվեց, ասեց, որ այդ որոշումը ճիշտ չէ, օրինական չէ, հակառակը՝ դուք ոտնձգություն եք կատարում մեր իրավունքների նկատմամբ: Սրանից է սկսվում անհնազանդությունը:
Դու հայտարարում ես, որ անօրինական է այն ամենը, ինչը դեմ է քո պահանջին, այնուհետև ստեղծում ես իրավիճակներ, որպեսզի պարտադրես հարգել քո պահանջները: Անհնազանդության փիլիսոփայությունը դրանում է: Ձևերը բազմաթիվ են, դու կարող ես ընդհանրապես չենթարկվել նման իշխանություններին, կարող ես հասցնել նրան, որ հանրությունը ասի՝ հեռացե՛ք ընդհանրապես: Սահմանը դու ես դնում, թե ինչ խնդիր ես լուծում, սակայն էությունը նույնն է. դու պետք է ստեղծես իրավիճակ, որ պարտադրես քո կամքը, որովհետև դու հիմնվում ես օրենքի վրա, դու օրինական ես: Դու կարող ես հատուկ ինչ որ օրենքներ խախտել՝ իրավիճակներ ստեղծելու համար. ճանապարհ փակել, բլոկադա իրականացնել: Բլոկադան քաղաքացիական անհնազանդության ամենահզոր ձևերից է, որը կիրառվում է ամբողջ աշխարհում: Բլոկադան կարող ես ֆիզիկապես իրականացնել՝ փակելով ճանապարհներ, կամուրջներ, սակայն կարող ես բլոկադայի ենթարկել ֆինանսական պրոցեսները:
Այս պահին Թայլանդում բավականին հետաքրքիր շարժում է: Հայտարարել են, որ մինչև կառավարությունը հրաժարական չտա՝ Բանկոկը կաթվածահար են անելու. անջատելու են լույսը, ջուրը, գազը, փակելու են բոլոր ճանապարհները, տրանսպորտը: Սա արդեն բարձր մասշտաբի շարժում է:
Քաղաքացիական անհնազանդությամբ կարող ես պարտադրել որոշում փոխել, կարող ես պարտադրել կառավարությանը՝ հրաժարական տա, բայց դու կարող ես պարտադրել պետական ինստիտուտներին, հատկապես բանակին և ոստիկանությանը՝ պաշտպանել քո իրավունքները, անցնեն քո կողմը: Դրան կարողացել են հասնել ամենահզոր շարժումները, որ ոստիկանությունը և բանակը հանձնեն գործող վարչակարգը և անցնեն ժողովրդի կողմը: Դա բարձրակետն է, որին հասնում են քաղաքացիական շարժումները:
Էությունը սա է անհնազանդության: Մարդիկ մեծ ռիսկի են գնում, անձնական կյանքը դնում են շատ մեծ ռիսկի տակ, երբեմն կանգնում են զորքերի առաջ, դեպի իրենց ուղղված զենքերի դիմաց, անգամ կրակում են, բայց նորից են կանգնում: Հոգեբանորեն ոչնչացնում են համակարգը: Խաղաղ անհնազանդության էությունն, այն է, որ դու քո կազմակերպվածությամբ, իրավունքը ճիշտ ձևակերպելով և օրինական լինելով, ամբողջ համակարգը հոգեբանորեն ոչնչացնում ես: Մարդիկ միանում են շերտերով՝ հասարակական խմբեր, զարգացած երկրներում՝ տարբեր ինստիտուտներ, արհմիություններ, կուսակցություններ, եկեղեցի, վերջում՝ պետական ապարատի աշխատողներ և ոստիկանություն: Դրանից հետո ռեժիմը մնում է տկլոր.կա՛մ պետք է փախչեն, կա՛մ պետք է ստորագրեն պայմանագիր:
Թուրքիայում ամռանը Գեզի պարկից շարժում սկսվեց: Այնպիսի հզոր ալիք էր, որ անհնազանդությունը վարակում էր ավելի լայն շերտեր. արհմիությունները միացան, կուսակցություններն էին միանում, ոստիկանությունը հանձնվեց: Երբ ոստիկանությունը հանձնվեց, վարչապետն ասաց, որ բանակը դուրս կբերի: Դրանից հետո ժողովուրդը հետ գնաց՝ հնազանդվեց: Հնազանդվեց, քանի որ շատ ինտենսիվ շարժում էր, և չկարողացավ որպես ինստիտուտ կայանալ , չկարողացան այդ ավանգարդը ստեղծել, խնդիրը ձևակերպել: Իրենք անգամ չեն էլ հասկացել, որ 20 օրվա մեջ բերել են հեղափոխական իրավիճակի: Եթե այդ ավանգարդը լիներ և խնդիրն էլ ձևակերպած լիներ, այլ կերպ կընթանար:
Թաիլանդում էլ բանակը բերել են Բանկոկ, իբր շքերթ իրականացնելու պատրվակով: Սակայն մարդիկ ընդամենը հաշվի են նստել այդ փաստի հետ, որ բանակը այնտեղ է լինելու: Ուրեմն բանակին պետք է ստիպել անցնել ժողովրդի կողմը: Թուրքիայում չգնացին դրան:
Շարժումը, որպես ինստիտուտ, ձևակերպում և հզորացնում ես, ապահովում ես կազմակերպվածություն, ինտելեկտուալ և օրինական առավելություն, և այդ դեպքում ամբողջ երկիրն արդեն ընտրություն է կատարում այդ նոր ինստիտուտի և հին համակարգի մեջ:
-Իսկ ինչ նախադրյալներ են պետք դրա համար:
-Նախադրյալը առաջին հերթին գիտակցելն ու հասկանալն է:
-Լայն շերտերի կողմի՞ց:
Լայն չի լինում, դա սկզբից հասկացվում է մի խմբի կողմից: Նորից վերադառնալով Ղարաբաղյան շարժմանը, երբ մարդիկ խնդիրը դրել, ձևակերպել են, ցույց են տվել ճանապարհը, բնական է, որ լայն շերտերը շատ հեռու էին մնում: Ինչ որ պահից հետո, երբ դա համոզիչ է դառնում, միլիոններ են գալիս քո կողքը: Միֆեր ես ջարդում. մեզ կկոտորեն, սա կանեն, նա կանեն, կնստացնեն: Այդ միֆերը ջարդում ես, որ ոչ ոք չի կարող դա անել, եթե դու ճիշտ ես գործում:
Մաշտոցի պուրակում, երբ կասկաները եկան, նույն բանն էր, մարդիկ ասում էին՝ հասկանո՞ւմ եք ոստիկանները մեզ ինչ կանեն. մարտի 1-ի վախը կար: Միայն մի 10-15 հոգի էին, որ ասում էին ինչ է նշանակում, գնալու ու անելու ենք: Հետո քայլ առ քայլ մարդիկ համոզվեցին, որ այնպես չէ, որ քո հետ ինչ ուզենան անեն: Եթե թույլ տաս, քեզ կոչնչացնեն: Շարժումը իր մեջ պարունակում է դա, դու այնպիսի վիճակ ես ստեղծում, որ քո դիմացինը չի կարողանում ոչ մի բան անել: Խփում է՝ դու ուժեղանում ես, ինքը՝ թուլանում: Այսինքն այն, ինչը իր ձեռքին ուժ է, թուլություն ես սարքում իր դեմ: Այդ դեպքում ինքը ստիպված հետ է գնում:
Ուկրաինայում գնաց այդ սխալին Յանուկովիչը, առաջին օրերին քշեց ժողովրդին Մայդանից: Հենց դրանից հետո պայթեց, դարձավ համաժողովրդական շարժում: Եղել են երկրներ, որ անընդհատ կրակել են, առաջին ցույցից կրակել են, բայց ի վերջո դա բերել է նրան, որ բանակը անցել է ժողովրդի կողմը:
-Այսօր Հայաստանյան իրավիճակը ինչպիսի ՞ն է։
-Միանշանակ է, որ քաղաքացիական պայքարի էությունը, որ հիմնված է անհնազանդության վրա, վարակիչ է դառնում:Մարդիկ սկսել են տարբերել՝ ի ՞նչ է նշանակում հետընտրական բողոքարկում, ի ՞նչ է նշանակում քաղաքացիական շարժում: Տարիներ շարունակ հետընտրական բողոքարկումները կոչվում էին շարժումներ: Սակայն դրանք շարժումներ չէին, անգամ եթե եղել են շարժումներ, այսինքն՝ մասսայական ակտիվություն, ապա անհնազանդության հիման վրա չէին: Նրանք շատ հնազանդ էին, ուղղակի դիմում էին այս կամ այն ինստիտուտներին, որ այդ հարցերը լուծեն: Վերջում ոչ մի բան չէր ստացվում. կամ խաղաղ, կամ ոչ գնում էին տուն: Այս ցիկլից երբեք Հայաստանը դուրս չի եկել: Ներքին քաղաքականության մեջ անհնազանդության երևույթ չի եղել: Թվացել է, թե որ լավ ճառեր են ասում, պինդ խոսում են միտինգում՝ դա անհնազանդություն է: Ճանաչում-դնում ես այնտեղ, ինքը որոշում է՝ դու ճանաչում ես: Տալիս ես Սահմանադրական դատարան, ինքը որոշում է՝ դու ճանաչում ես: Անհնազանդության տեխնոլոգիա չի կիրառվում: Շարժումն այն է, երբ դու սկսում ես նպատակաուղղված, կազմակերպված անհնազանդություն հայտարարել և վիճակներ ստեղծել: Երթը մի բան է, հանրահավաքը՝ այլ բան, բայց իրավիճակներ ստեղծելը՝ մեկ այլ բան է:
Հայաստանի խնդիրն այն է, որ համակարգը խոցի նման շատ խորացած է և ավելի ու ավելի լայնանում է, անընդհատ ներառում է իր մեջ տարբեր խմբավորումներ, հասարակական կազմակերպություններ, կոլեկտիվներ, կուսակցություններ: Այսպես այդ համակարգը անընդհատ թարմացնում է իր ուզուրպացիան: Հիմա էլ է նույն բանը կատարվում: Պարզ խոսում են այդ մասին. Նիկոյանը ասում է՝ այն մարդիկ, որոնք որ ձգտում են նախագահի պաշտոնում լինել, ուզում են տիրանալ վարչապետի պաշտոնին, որ հետո հեշտ հաղթեն: Լեգալ խոսվում է իշխանության ուզուրպացիայի մասին: Այսինքն իշխանության ուզուրպացիան, որպես պետական հանցագործություն, հանրության մեջ չի ընկալվում: Բնական է, որ իշխանությունը ուզուրպացրած անձը կամ խումբը ամբողջ այն ժամկետը, երբ որ ինքը նստած է, պետք է շարունակի ամրապնդել այն դիրքը հերթական պետական հանցագործություններով: Սակայն մեր դեպքում, անգամ կուսակցությունները, որոնք իրենց ոչ իշխանական են համարում, շատ հանգիստ են դրան նայում. վա՞տ տղերք են, թող վատ տղերքը գնան, լավ տղերքը գան: Ի ՞նչ կապ ունի դա օրինական իշխանության հետ:
Եթե դու դա ընդունում ես, հոգեբանորեն այդ համակարգի մասն ես, եթե չես ընդունում, ուրեմն պետք է ասես ինչն է քեզ համար ճիշտ: Ճիշտը մի բան է. կա Սահմանադրություն և Սահմանադրությունն է ինձ միացնում բոլոր քաղաքացիների հետ: Այնտեղ հստակ գրված է, որ պետական իշխանությունը ձևավորվում է ազատ ընտրությունների միջոցով: Դա օրինական իշխանությունն է: Մնացած բոլոր այլ ձևերով ձևավորված իշխանությունը ուզուրպատորական է:
Դրա համար Հայաստանը չի շարժվում տեղից, մենք անընդհատ հերթական ուզուրպացիայի հետ ենք հանդիպում, որը կազմակերպվում է մեր գլխին: Բոլորը խոսում են միայն այն մասին՝ սա լինի, թե՞ մյուսը, ո ՞րն է ինձ օգուտ, բայց այն, որ դա ուզուրպատորական շրջանակի մեջ է, բացարձակապես չի քննարկվում: Ընդամենը քննարկվում է՝ վատ տղերքը պետք է գնան, լավ տղերքը պետք է գան: Սա է Հայաստանի խնդիրը: Մամուլում չենք տեսնում, որ այս դրվածքը կենտրոնական խնդիրն է Հայաստանի: Ֆեյսբուքում երիտասարդները ավելի հստակ են խոսում դրա մասին: Լրատվությունն էլ է մտած այդ ուզուրպատորական մտածողության մեջ: Այս խնդիրը եթե պարզության չգա, այսպես էլ շարունակվելու է: Բոլորին թվում է, որ օդից իջնում է ինչ-որ լավ տղա, կամ տղաներ և ինչ կապ ունի ընտրությունը որն է, օրենքը որն է: Մարդիկ իսկապես խորքային չեն հասկանում:
-Բայց վերջին շրջանում կարծես մարդիկ դուրս են գալիս այդ ընտրական տրամաբանությունից:
- Այո՛, դուրս են գալիս: Սա այն ճանապարհն է, որով քաղաքացիները դուրս են գալիս այս ուզուրպատորական շրջանակից: Եթե դուրս գան ու ձևակերպեն խնդիրները, մենք ունենալու ենք արդեն նոր իրավիճակ, չեմ ասում նոր Հայաստան, նոր իրավիճակ, որտեղ շարժումը պետք է ստիպի հին համակարգին, որ ձեռք քաշի ընտրություններից և կատարի օրինական ընտրություն, ընտրվի օրինական իշխանություն: Կատարվում են ազատ ընտրություններ և այդ համակարգը վերանում է: Հաստատվում է սահմանադրական կարգ:
Խնդիրը չի հասկացվում, մարդիկ մաքսիմում ասում են խոչընդոտները վերացնենք. մեկը ասում է կրակենք, մյուսը ասում է եկեք ընտրությունը այս անգամ կստացվի: 20 տարվա մեջ չենք հասկացել՝ սահմանադրությունը ինչ է, ընտրական մեխանիզմը ինչ է: Ակտիվ խմբերից քչերի մեջ եմ տեսել, որ տարբերեն իշխանության գալու ձևերը. երկրորդական է, թե ոնց է այս կամ այն խումբը գալու իշխանության: Այսինքն՝ մարդ իր էությամբ ուզուրպատորական մտածողության մեջ է:
Երբ տոհմին վերաբերող թաղում, հարսանիք կամ այլ մեծ միջոցառում են անում՝ ընտրում են մի մարդու, հանձնարարում, որ այդ գործը կազմակերպի, որպեսզի ազգը պատվով դուրս գա: Միլիոն անգամ այդ պրոցեսը կատարվում է, և միլիոն անգամ ճիշտ ընտրություն է կատարվում, որովհետև մարդիկ գիտեն, որ հանկարծ մի ախմախի տրվեց այդ գործը՝ ամբողջ ազգը խայտառակվելու է: Իսկ գյուղերում այդպիսի բաները ոչ ոք չի ներում: Այդ դեպքերի համար մարդիկ իրենց չափանիշը ունեն և ընտրում են այդպիսի մարդ, որովհետև եթե հանձնառել է այդ գործը՝ գիտի, որ ինքը կյանքի-մահու խնդիր ունի, և աստված չտա մի հատ սխալ անի՝ ոտքի տակ են տալու:
Այսպես պատասխանատվության ինստիտուտ է ստեղծվում. դու հստակ գիտես քո խնդիրները, առաջարկում ես, և նա, ով վերցնում է, քեզ համոզում է , որ ինքը կարող է դա անել: Լիազորությունների պատվիրակում, լիազորությունների ընդունում և լիազորությունների կատարում: Այս ինստիտուտն է ստեղծում պետությունը: Այն, ինչի մասին ոչ ոք չի խոսում: Հարցնում ես՝ ի ՞նչ ես անում, ասում է՝ դու ի ՞նչ գիտես ինչ անել, ես գիտեմ, քո գործը չէ, դու արի կանգնի, ընտրի, ես կանեմ:
Խնդիրների խնդիրը քաղաքական պատասխանատվության ինստիտուտն է: Եթե այդ ինստիտուտը դառնում է որևէ հասարակության հիմնական խնդիրը, լուծումը գտնվում է:
Այդ նույն տոհմերին ասում ես գյուղապետ ընտրի՝ չեն կարողանում, որովհետև վերաբերմունքն ուրիշ է: Չեն հասկանում, մի հարցում հասկանում են, մյուսում՝ չէ: Նման բաները հասկացող ազգերն են կարողացել ստեղծել պետություն: Մյուսները չեն կարողանալու, քանի որ անընդհատ մի խումբ է գալու գլխներին, քանի որ չի ստեղծվել այդ ինստիտուտը, որ ինքը մեջը մխրճված լինի: Սարդոստայն է, ընտրվածին դնում ես մեջը, ու ինքը ոչ մի ուրիշ բան չի կարող անել: Իսկ մենք չենք ուզում դա ստեղծենք, հույսներս դրել ենք լավ ու վատ լինելու վրա: Պատմության մեջ չեն եղել լավ տղերք, հենց այսպիսի իրավիճակ է եղել՝ ոտքի տակ են տվել երկիրը, թալանել: Շատ են ասում՝ ով պետք է լինի: Պետք է լինի նա՝ ում ընտրես: Խնդիրները դու ես ձևավորում, ինքը գալիս և ասում է՝ ես կարող եմ անել: Ցույց է տալիս ծրագիր, ճանապարհային քարտեզ և համոզում՝ ոնց է դա անելու: Այսօրվա քաղաքական խավում դա լուրջ չի ընկալվում: Մարդիկ, կուսակցությունները, որոնք իրենց կոչում են օպոզիցիոն, ցանկություն չունեն, որ նման ինստիտուտ ստեղծվի: Նման ինստիտուտի առաջին հակառակորդները կուսակցություններն են, քանի որ տարբերությունը մեծ է՝ դու պատասխանատվության ինստիտուտի միջոցո՞վ ես եկել պետական լծակին, թե ՞ անպատասխանատվության: Բնական է, որ բոլորը ուզում են անպատասխանատվության միջոցով գալ: Դրա համար ազատ ընտրությունների ամենամեծ թշնամին քաղաքական խավն է, որը թույլ չի տա դա լինի: Հենց բավականին մեծ թվով քաղաքացիներ այս ամենը հասկացան՝ այդ խաղերը վերանալու են: