Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, պատմաբան Սարո Սարոյանը
Սարո, բոլորի համար պարզ է, թե ինչ կլինի փետրվարի 18-ին, ի՞նչ կլինի փետրվարի 18-ից հետո Հայաստանում:
Ես համաձայն չեմ ձեր այն գնահատականի հետ, որ բոլորին պարզ է, թե ինչ կլինի փետրվարի 18-ին: Կարող եմ միայն նշել, որ ընդհանուր առմամբ կա իշխող վարչախմբի անսքող քարոզը, որ Սերժ Սարգսյանին ոչ մի այլընտրանք չկա, և պայքար է գնում երկրորդ տեղի համար: Միևնույն ժամանակ գերակշռում են հանրային այն տրամադրությունները, որ իսկապես այդ օրը Սերժ Սարգսյանը այս կամ այն կերպ հաղթանակ կարձանագրի: Սակայն, այնուամենայնիվ, կան ընդդիմադիր կուսակցական երեք հայտնի թեկնածուների էլեկտորատները, որոնք հույսեր են տածում կամ անգամ համոզմունք են ներկայացնում, թե իրենց թեկնածուն ինչ-ինչ պայմաններից ելնելով կկարողանա հաղթանակել առաջին կամ երկրորդ փուլերում: Բացի այդ, կամաց-կամաց ձևավորվում է ևս մեկ հանրային խումբ, որը բոլորովին այլ դիրքերից է հանդես գալիս: Ըստ այդ քաղաքացիների՝ ԿԸՀ կողմից Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելուն ուղղված նախագահի թեկնածուներից մեկի հացադուլն այնպես է խճճելու մինչ այժմ իրենց համար կանխատեսելի ընտրական գործընթացը, որ ընտրությունների օրն անգամ այդ իրավիճակից ելքը պարզ չի լինելու և կարող է տապալել վարչախմբի ծրագրերը: Ինչ վերաբերում է փետրվարի 18-ից հետո երկրում ծավալվելիք գործընթացներին, ապա կարելի է կանխատեսել երեք հնարավոր սցենար, որոնք կվերաբերեն վարչախմբի հեղինակելիք երկրորդ փուլին, կամ ընդդիմադիր մեկ կամ մի քանի թեկնածուների բողոքի դրսևորումներին, կամ էլ նախագահի թեկնածու Ա. Ղուկասյանի հացադուլի արդյունքում ստեղծվելիք իրավաքաղաքական կազուսին:
Կբողոքեն, կբողոքեն, հետո ամեն ինչ կսկսվի նորից: Իրավաքաղաքական կազուսը ի՞նչ հնարավոր ելքեր կունենա:
Նկատեմ, որ ձեր խոսքը ձևակերպելիս հարցի առարկան ինչ-որ վերաբերմունքի արժանացավ: Կարծում եմ՝ իբրև քաղաքացիական հասարակության կարևոր օղակներից մեկը, դուք՝ որպես լրագրող, հենց նոր գնահատական տվեցիք՝ մերժեցիք յուրաքանչյուր ընտրությունից հետո ընդդիմության կազմակերպած ու բողոք ենթադրող հետընտրական քաղաքական գործընթացների արդյունավետությունը: Բողոքի փիլիսոփայությունը իր մեջ էկստրավերտ կողմնորոշում է պարունակում, կախված է արտաքին ընկալումներից ու ազդակներից, և խնդիրների լուծումը բողոք արտահայտող սուբյեկտի ունակություններից դուրս է տեսնում: Այլ է թեկնածուներից մեկի անձնազոհության գնալու պատրաստակամությունը: Այն ներքին որոշման (ինքնորոշման) արդյունք է և սեփական գործողություններով նոր իրավիճակ հաստատելու ունակության դրսևորում: Քանի որ գործ ունենք իրավական առանձնահատուկ կարգավիճակ ու պաշտպանություն ունեցող քաղաքացու` նախագահի թեկնածուի հետ, ուստի օրինականությունը պահպանելու ու պաշտպանելու նպատակով հանցավոր կուսակցության թեկնածուին ընտրապայքարից դուրս մղելու նրա գործողություններն ու ցուցաբերած նշածս անձնազոհությունը «արտաքին աշխարհին» ստիպելու է լրջագույն «բախման» գնալ այդ թեկնածուի հետ: Արդեն իսկ տեսանելի է, որ միջազգային իրավունքով և պարտավորություններով սահմանագծված համապետական ընտրական գործընթացում ստեղծվելու է իրավաքաղաքական կազուս, որը փաստի առաջ է կանգնեցնելու ոչ միայն իշխող հանցավոր վարչախմբին, այլ նաև մեր հասարակությանը և միջազգային հանրությանը: Նոր ստեղծված իրավիճակում թեկնածուի հետ հանրության «բախումը» ի վերջո կարող է հանգեցնել քաղաքացիների ինքնորոշմանը, երբ քաղաքացիները ստիպված են լինելու վերաբերմունք հայտնել` նրանք ընդունում ու սատարո՞ւմ են այդ թեկնածուի կամարտահայտությունը, թե համակերպվում ու ինչ-որ առումով հանցակցում են հանցավոր վարչախմբին: Առաջին ճանապարհով շարժվելու դեպքում ձեր հարցը դրական պատասխանի է արժանանում, քանզի ինքնորոշված, գործողությունների դիմող և դրանց պատասխանատվությունը իր վրա վերցրած քաղաքացուն չի կարող կանգնեցնել ոչ մի ռեժիմ:
Սարո, սակայն քաղաքացին մինչև հիմա համակերպվել է, կամ կազմակերպվել է, համախմբել է մեկի շուրջ հատկապես հետընտրական պրոցեսներին:
Ես ձեր նշած դիլեմային կհակադրեի բոլորովին այլ բանաձև: Փորձենք ընկալել մի էական հանգամանք: Խոսքն արժեք չունի, քանի դեռ չի ասվել, իսկ ասվելուց հետո էլ նրա արժեքը բովանդակությունն է և դրա հաստատմանն ուղղված գործը (կենսագործումը): Մինչև հիմա բոլորը գիտեին, որ ՀՀԿ-ն հանցավոր խմբավորում է, իսկ նրա անդամներն էլ զբաղված էին (են) հանցագործություններ կատարելով կամ պարտակելով: Անգամ ՀՀԿ ԱԺ պատգամավորներն են ընդունում, որ իրենց կուսակցությունն, օրինակ, ընտրակաշառք է բաժանում: Այդ ամենը չէր կարող հանրային օրակարգի մաս դառնալ, քանի դեռ չէր բարձրաձայնվել: Ինչ վերաբերում է բովանդակությանը և գործին, ապա մինչև հիմա բոլորն ասում ու լսում էին տարաբնույթ բովանդակային կամ անբովանդակ խոսքեր: Անբովանդակը մեռնում էր նույն պահին, իսկ բովանդակայինը՝ շարունակում իր կյանքը, քանի դեռ ուղեկցվում էր գործով: Դադարեց այն գործը, որն ուղղված էր հաստատելու (կենսագործելու) ավազակապետության կազմաքանդման մասին խոսքերի բովանդակությունը, մեռավ նաև 2008 թ. համաժողովրդական շարժումը՝ իր հետ տանելով ասված խոսքերի արժեքը:
Հիմա, նախագահի թեկնածուներից մեկի կողմից առաջին անգամ հանցավոր կուսակցության և նրա թեկնածուի հարցը բարձրացվել է իրավաքաղաքական հարթություն: Ասվել է ծանրակշիռ խոսք ու դրա հաստատմանն ուղղված գործողությունների ծրագիր: Որքան էլ փորձում են նսեմացնել ասված խոսքի և արվող գործերի արժեքը, այն շարունակում է քաղաքական օրակարգ ձևավորելու իր ընթացքը: Եթե գործի ընթացքը այսպես շարունակվի, ի վերջո հանրության առջև կանգնելու է ինքնորոշվելու հարցը: Այսինքն՝ ընդունո՞ւմ ես, որ Սերժ Սարգսյանը հանցավոր կուսակցության թեկնածուն է, և իրավունք չունի մասնակցել ընտրություններին, թե՞ ոչ: Այստեղ է, որ ավարտվելու է մեկի շուրջ համախմբվելու «դարաշրջանը»: Քանզի ինքնորոշված քաղաքացին գաղափարի շուրջ է համախմբվելու և սեփական որոշմամբ հաստատելու է իր սուբյեկտայնությունը:
Սարո, նախագահի թեկնածուներից մեկը հացադուլ կսկսի, և հացադուլը կդադարեցնի միայն այն պայմանով, եթե միջազգային դիտորդները կասեցնեն իրենց առաքելությունը Հայաստանում, որովհետև գտնում է, որ ընտրությունների դիտարկում անելն անիմաստ է: Ըստ Ձեզ՝ սա որքանո՞վ է հացադուլը դադարեցնելու հիմնավոր պայման:
Ուշադրություն դարձնենք այն պնդմանը, որը մեր քաղաքացիների շրջանում գրեթե տարածում չունի: Այն է՝ քաղաքականությունն անզորությունը հաղթահարելու և սեփական իրավունքները հաստատելու գործընթացն է: Այս տեսանկյունից, միջազգային դիտորդների գործունեությունը դադարեցնելու պայմանը մեր հանրության պահանջներից մեկը պետք է լիներ, քանզի բոլորս գիտենք, որ միջազգային դիտորդական առաքելություններն են մշտապես նպաստել, որ իշխող ռեժիմը լեգիտիմություն ձեռք բերի: Այդ տեսանկյունից գտնում եմ, որ նախագահի թեկնածուներից մեկի պահանջը կարևոր խնդրի է անդրադառնում: Սակայն, այնուամենայնիվ, հանցավոր ռեժիմը տապալելու, ընտրական մեխանիզմները գործարկելու և սահմանադրական կարգ հաստատելու համար, ի վերջո հանրությունը գործ է ունենալու իր ներքին խոցի հետ, և քաղաքականությունը կերտվելու է հենց այդ դաշտում: Միգուցե որպես առաջին քայլ դիտորդների դեմ պահանջը ճիշտ որոշում է: Սակայն դրա իրական պատասխանը ապագայում է թաքնված:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ