168.am-ի հարցին, թե՝ ինչո՞վ եք պայմանավորում Ր. Հովհաննիսյանի` այսօր նախագահական նստավայրում լրագրողների ներկայությամբ չզրուցելու հանգամանքը նախագահ Սարգսյանի հետ, հնարավոր համարո՞ւմ եք պայմանավորվածությունների ձեռքբերումը, Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը պատասխանեց. «Ձեր հարցը, թե ինչով կարող է պայմանավորված լինել նախագահական նստավայրում լրագրողների ներկայությամբ չզրուցելու հանգամանքը, բոլորս էլ կիմանանք վաղը, դրա շուրջ ողբերգությունն ու անհասկացողությունն ու հավատի բացակայությունը՝ այլ հարթությունում է:
Իսկ հարթությունն այն է, որ, առհասարակ, մեր ունեցած փորձն այլ է եղել, և մարդիկ ակնկալում են նույնատիպ վարք: Այսինքն՝ հանրահավաքային պայքարներում ուղերձները հանրահավաքից են ուղարկվել, կամ էլ գուցե «գաղտնի» սուրհանդակի միջոցով երկխոսել: Եվ մեկ էլ՝ նորից այլ մշակույթ, դե յուրե ընտրված նախագահը կրիտիկական պահ չի հասունացնում, և բանակցությունների է նստում դե ֆակտո նախագահի հետ, և ինքն էլ համաձայն լինում՝ առանց միջնորդների քննարկման: Խնդիրն ինչո՞ւմն է: Չհավատացին շատերը, ինքն ասաց՝ հնարավոր է: Հիմա նույն փուլն է կրկնվում: Բայց խնդիրն ավելի խորքային է»:
Մեր դիտարկմանն ի պատասխան, թե ընդվզման ալիքը, որ երկու օր կար Ազատության հրապարակում, հնարավո՞ր է՝ վերածվի հիասթափության ալիքի`հատկապես նկատելով, որ նախագահական նստավայրում հանդիպումից հետո կա դժգոհություն, Ա. Ղազարյանը նշեց. «Այժմ խնդիրն այն է, որ մարդիկ, ժողովուրդը, եւ որքան հետեւում եմ հատկապես ակտիվ եւ առավել գիտակից հատվածը վախենում են իրենց միջի վախից, հիասթափությունից, քանի որ դառը փորձ ունենք: Դա գիտակցության և մոտեցումների հարց է, եթե իրենց ակնկալիքների և սպասելիքների մակարդակում չպետք է բացառեն այն հարաբերությունն ու վարքը, որն իրենց ծանոթ չէ: Տեսեք, ուղիղ հեռարձակմամբ հետևում էի նախագահականի դիմաց սպասող խմբին, մի կին անպատվելով խոսում էր Ս. Սարգսյանի հասցեին: Մյուսները թեքվեցին և սաստեցին, թե՝ չի կարելի վիրավորել: Հիշենք՝ մեր իմացած հանրահավաքային դեպքերում ինչպես էր:
Լավ ու վատի մասին չենք խոսում, թերևս կարող ենք, բայց քաղաքական մշակույթի փոփոխության ականատեսն ենք»: Իսկ մեր հաջորդ հարցին, թե ինչո՞ւ Հովհաննիսյանը գնաց նախագահական նստավայր, չէ՞ որ երեկվա սպասելիքներն այլ էին, նա պատասխանեց. «Մեր երկրում երկար ժամանակ եղած քաղաքական անբարո կերպարների գոյությունն ու վարքը մեզ «վախի» մեջ է պահում: Իհարկե, մենք մեղավոր չենք դրանում: Բայց չպետք է այդ օբյեկտիվ անցյալը սուբյեկտիվացնի մեր այսօրը: Շատ կտրուկ ու նենգ չարախնդությամբ, կարճատեսությամբ պայքարի ոգին ենք կոտրում:
Քաղաքականության մեջ կա դիվանագիտություն, դիվանագիտությունն ունի իր օրենքները, սկզբունքները, մոտեցումները: Երբեք չենք խորշի այն մտքից, որքան էլ մարդաշատ լինեն հանրահավաքները, պայքարը սրանա, բայց գուցե փակուղի գնա, քանզի հասկանալի է, որ այս թիմը շատ կորցնելու բան ունի և կառչած է իշխանությունից: Հետևաբար, միգուցե դրանով է բացատրվում Րաֆֆի Հովհաննիսյանի ռազմավարության փոփոխությունը: Մտահոգիչն այն, է, որ իբրև բավական խելամիտ մարդիկ, որ այժմ իբրև սատարում են Րաֆֆուն՝ նրա ժողովրդական հաղթանակին, առաջին իսկ սադրանքից ոչ միայն «դավաճանում», «ոտնատակ» տալիս, այլ իրենք էլ սադրանքի գործիք դառնում: Երբեմն մարդիկ իրենց պատկերացումների ու կուռքերի գերին են, մարդիկ իրենց կարծրատիպերի ստրուկն են, ու կարևոր չէ՝ ուսյա՞լ են, թե՞ ոչ»: