«Հայաստանը պետք է չեղարկի բոլոր այն պայմանագրերը, որոնք շղթայի նման կապում են Հայաստանի ձեռքերը»

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը

– Պարոն Սարգսյան, քառօրյա պատերազմը, կարծես թե, ավարտվել է, բայց շարունակվում են կրակոցները, դիվերսիոն հարձակումները, զինուժը չի հեռացվում սահմաններից, հակառակը` շարունակվում են կուտակումները։ Ի՞նչ է սպասվում։

– Հայկական կողմը պատերազմի ժամանակ հայտարարել է իր դիրքորոշումը շատ թեզերով, այսինքն՝ պարտադրելու է Ադրբեջանին ավելի ծանր պայմաններով զինադադար, դա լինելու է երկկողմանի՝ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև, իսկ եթե շարունակեն, ճանաչելու ենք Ղարաբաղը։ Բավականին հստակ ու տրամաբանական հայտարարություններ են արվել, և հանկարծակի դադարեցրել են պատերազմը։ Հիմա էլ շարունակում են ասել՝ բա գիտե՞ք, մենք նախահարձակ էինք, մենք արդեն մեր ձեռքն էինք վերցրել վերահսկողությունը, բայց տեսաք՝ ինչ եղավ։ Այսինքն՝ այս քայլերը ցույց են տալիս, որ մարդիկ, որոնք պատասխանատու են, չեն գործում հստակ տեսակետներ ունենալով։

Ավելին՝ ես նկատել եմ, որ զինադադար կնքելու և՛ ձևը, և՛ ժամանակը հայերի շահերից չի բխել, դա ուրիշ պետությունների շահերից բխող որոշում էր։ Դրանից շահել է Ադրբեջանը, և դրանից շահել է Ռուսաստանը։ Այսինքն՝ մեր բարձրաստիճան պաշտոնյաները գործել են ուրիշ պետությունների շահերից։ Հիմա շատերը մեղադրում են նրանց, ասում են, որ այդ մարդիկ կասկածելի են և շատ վտանգավոր, այլապես ո՞նց կարելի էր այս վիճակով, ունենալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի խախտում և ունենալով հնարավորությունը, որ ազատագրվում էին դիրքերը, վերականգնվում էր նախկին եզրագիծը, ունենալով իրավունք, որովհետև այս ամենը հիմնվում էր 1994 թ. զինադադարի պայմանագրի վրա, ու հանկարծակի, ուրիշ պետությունների թելադրանքով, կանգնեցնում են մեզ։

Ես տեղյակ եմ, որ դրա համար մեծ դժգոհություն կա սպայական կազմի մեջ, մարդիկ չեն հասկանում՝ սա ի՞նչ էր, և սրանք ովքե՞ր են։ Եվ այս ամեն ինչից է կախված զարգացումը։ Այնպես չէ, որ զարգացումը միայն մի ձևով կարող է լինել։ Թե ինչպես հանգուցալուծում կստանա, պարզություն ինչպես կմտցվի, դրանից էլ կերևա ապագան։ Բնական է, բանակները դեմ դիմաց կանգնած են, ադրբեջանցիներն ամեն րոպե սպասում են, որ կարող է զինադադարը խախտվել, և, բնական է, իրենք քշվելու են այդ դիրքերից, որոնք այժմ գրավել են։

Վերցնել կարելի է ամեն ինչ, իսկ պահել ոչ մի բան հնարավոր չէ։ Ներկայումս նրանց վերցրած դիրքերը պահվում են այն զինադադարի շնորհիվ, որ հաստատվել է Ռուսաստանի միջոցով, այսինքն՝ Ռուսաստանն է տվել նրանց այդ դիրքերը։

– Ստացվում է, որ Ռուսաստանն առաջին օրերին սպասեց, չմիջամտեց, բայց երբ հայկական կողմը սկսեց հարձակողական գործողության անցնել, անմիջապես միջամտեցին, այսինքն՝ գործեց Ադրբեջանի շահերի՞ց։

– Միանշանա՛կ։ Եվ մեր պաշտոնյաներն էլ միանշանակ գործեցին Ադրբեջանի շահերից։ Այդ հարցերը դրվել են հանրության կողմից, պաշտոնական նամակներ են ուղարկվել տարբեր պաշտոնյաների։ Սա պետական հանցագործության խնդիր է, և անպայման պետք է այդ հարցերը դրվեն, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։

– Ռուսաստանը փորձում է իր կշիռն ավելացնել բանակցային գործընթացում և պնդում է, որ առանց իրեն՝ խաղաղություն հնարավոր չէ։ Առաջ են քաշում մի քանի շրջաններ հանձնելու և խաղաղապահների տեղակայման թեզը։

– Այդ հին հեքիաթները գիտենք, որ հիմա էլ մեջտեղ են գցում, որ իրենց ձեռքում պահեն վերահսկողությունը։

– Դրա փոխարեն՝ Ադրբեջանը պետք է դառնա ԵՏՄ անդամ։ Դա որքանո՞վ է հավանական։

– Հենց առաջին օրը, երբ պատերազմը վերջացավ, միանգամից ռուսական դիվանագիտական դեսանտն իջավ Բաքու, ՌԴ վարչապետ Մեդվեդևն Իրանի ԱԳ նախարարի հետ արդեն մշակում էին նման մի միասնական ծրագիր։ Այսինքն՝ երևում էր, որ Ռուսաստանի համար շատ ձեռնտու է հետ քաշել Ադրբեջանը Թուրքիայից՝ ներքաշելով նման տարբեր նախագծեր, և այս պատերազմն էլ օգտագործելով դրա համար։ Եվ ես կարծում եմ, որ դա կշարունակվի։

– Բայց Ադրբեջանն էլ բազմիցս հայտարարել է, որ չի անդամակցելու ԵՏՄ-ին։

– Հարցը միայն ԵՏՄ-ն չէ, հարցն այն է, որ Ադրբեջանը խնդրե՛լ է, որ պատերազմը կանգնեցնեն, սա շատ թանկ հաճույք է։ Այն աստիճանի թանկ հաճույք է, որ հետո պայմանավորվածությունները խախտելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Ադրբեջանի համար։ Ընդհանրապես, Ադրբեջանի փորձագետներն էլ են գրում, որ սա ժողովուրդների գլխին սարքած պատերազմ էր, և իսկապես դա այդպես է։ Նման պատերազմից հետո Ադրբեջանի համար շատ դժվար կլինի, որ իրեն պահի ազատ` ինչպես ուզում է։

Մենք կարող ենք մեզ պահել ցանկացած ձևով, որովհետև Ռուսաստանը մեզ բացահայտ դավաճանել է, բացահայտ։ Իսկ Ադրբեջանի վիճակը քաղաքական առումով հիմա ծանր է։ Դրա համար Ռուսաստանը կփորձի ամեն կերպ օգտագործել՝ թե՛ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան քաղաքական-տնտեսական այդ գիծը կառուցելու, թե՛ Թուրքիայից հեռու պահելու համար, մինչև ինքը թուրքերի հետ հարցերը լուծի։

– Բայց Թուրքիան էլ, իր հերթին՝ չի զիջի Ադրբեջանը Ռուսաստանին։

– Զիջելը ո՞րն է, քաղաքականությունն էլ հենց դա է՝ կարո՞ղ է չզիջել, դե՛ թող չզիջի։ Ալիևը Թուրքիայից չի խնդրել կռիվը կանգնեցնել, պետք է Թուրքիայից խնդրեր, ինչո՞ւ է Ռուսաստանից խնդրել։ Ինձ համար ավելի հասկանալի կլիներ, եթե նա դիմեր Էրդողանին, որ փրկի իրեն ու կանգնեցնի պատերազմը։ Բայց նա այս ընտրությունն է արել։

– Հայաստանի վրա Թուրքիան չէր կարող ազդել, դրա համար էլ դիմել են Ռուսաստանին։

– Այո, ես էլ դա եմ ասում, այսինքն՝ այդ երկրի լյուֆտը շատ նեղ է։ Դրա համար էլ արդեն պետք է մտածել, թե սա ինչ պատերազմ էր և ոնց է ստեղծվել։

– Այս դեպքում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ո՞րը պետք է լինի, Ազգային ժողովում արդեն առաջարկ կա ԵՏՄ-ից դուրս գալու մասին։

– Հայաստանը, պարզ ու հստակ, բոլոր այն պայմանագրերից, որոնք շղթայի նման կապում են Հայաստանի ձեռքերը, պետք է դուրս գա։

– Որո՞նք են դրանք։

– Կա պայմանագիր, որով Հայաստանը, օրինակ, այսքան տարի իրավունք չունի ուրիշ երկրների հետ ինչ-ինչ հարաբերություններ ստեղծել։ Դա ի՞նչ բան է։ Նման բոլոր պայմանագրերը, զենք գնելուն, բանակը կառուցելուն որևէ կերպ խոչընդոտող ցանկացած պայմանագիր պետք է չեղարկել։ Մեզ պետք է ազատություն, ուրիշ ոչինչ պետք չէ։ Եթե մի երկիր մեզ ինչ-որ բան տալիս է, նա միշտ էլ տալու է, կարող ես ոչ մի պայմանագիր չունենալ։

Եթե չի տալիս, երբեք էլ չի տալու։ Մեր քաղաքական ողբերգությունը դա է, որ 25 տարվա մեջ այնքան շղթաների պայմանագրեր ենք ստեղծել մեր գլխին, որ հայտնվել ենք այս իրավիճակում, և պետք է խնդրենք, որ ըստ որոշման՝ մեր զենքը տուր մեզ։ Ինչո՞ւ, ովքե՞ր են դրանք, որ դրանց հետ այդ հարցերը խոսենք։ Մենք ազատ պետք է լինենք բոլոր երկրների հետ։ Գալու են իրենք խնդրեն, որովհետև ինչքան Հայաստանն է Ռուսաստանից կախված շատ առումներով, գուցե շատ ավելի Ռուսաստանն է Հայաստանից կախված՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված։ Այս կարևոր հարցը պետք է հասկանալ և նրանց հետ այդպես խոսել՝ չեք ուզում, գնացեք ձեր տուն։ Հիշեք, անցած տարի ամռանը, երբ ժողովուրդը դուրս եկավ Բաղրամյան, մի հսկա դեսանտ ուղարկեցին այստեղ, որ ստորագրեն մեր պայմանների տակ։

– ՀՀ իշխանությունները պնդում են, որ Ռուսաստանը մեր բնական դաշնակիցն է, եթե Ռուսաստանը չլինի, ԱՄՆ-ը չի գա այստեղ կռվի թուրքի դեմ։ Մոռանում են Իրանի մասին, որ շատ ավելի բնական դաշնակից է և շատ հարցերում շատ ավելի է աջակցում մեզ։

– Ռուսի և ամերիկացու այդ հեքիաթները, արդեն 25 տարի է, պատմում են։ Մեզ մոտ պատկերացում չկա՝ դաշնակիցն ինչ է, մեզ մոտ մի քսանամյակ գերիշխում են տարբեր տեսակետներ, որոնք սրբացվել են՝ աշխարհը մեր դեմ է, մենք բարեկամ չունենք, մենք ճար չունենք և պետք է մեր հարևանների հետ լեզու գտնենք ցանկացած գնովգ այդ մանկական ռոմանտիզմն այն աստիճանի է խորացել, որ ընդհանրապես հասարակ քաղաքական մտածողություն ձեռք բերելն անհնարին է դարձել մեր քաղաքական գործիչների համար։

Եթե նրանք խորը համոզված են նման կեղծ բաների մեջ, նրանք երբեք, եթե անգամ 100 գիրք էլ դնեն նրանց առաջ, սովորեն, երբեք քաղաքական մտածողություն չեն ունենա։ Ի՞նչ է նշանակում՝ դաշնակից, հայը որտեղի՞ց գիտի։ Մենք դաշնակից չունենք։ Մարդկանց թվում է, թե 1915 թվին հենց այնպես վերցրել և կոտորել են այս ազգին։ Հենց այնպես չէր, կոտորել են, որովհետև այս մոտեցումն էր, մարդիկ չգիտեին՝ ինչ է նշանակում՝ սուր վերլուծություն, մարդիկ չգիտեին՝ ինչ է նշանակում՝ ուժ, ինքնորոշում։ Մինչև հիմա չգիտեն։ Եթե չգիտես, դու ո՞նց ես ուզում ապրել։ Աշխարհի ոտքի տակ ես դնելու ամբողջ քո կյանքը։

168.am