Պաշտոնական Բաքվի միակ սկզբունքը ղարաբաղյան հարցում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Ունենալով նման դիրքորոշում՝ ադրբեջանական կողմը որևէ ցանկություն չունի համաձայնության գալու Հայաստանի հետ խնդրի լուծման շուրջ, բայց միաժամանակ Ադրբեջանը նաև չի կարող խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Հետևաբար նրան մնում է միայն մի բան՝ անընդհատ հայտարարել, թե «Ղարաբաղը մերն է» և շարունակել զինվորների սպանությունը շփման գծում: Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ այս վիճակը կփոխվի միայն այն դեպքում, եթե փոխվի միջազգային վերաբերմունքը այս հիմնախնդրին: Իսկ դրա համար նախ պետք է ակտիվ գործի հայկական դիվանագիտությունը:
Քաղաքագետը նման մեկնաբանություն է տվել «Առաջին լրատվական»-ին՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի և նրանց տարածած հայտարարության մասին:
– Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք մեկնաբանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամփոփիչ հայտարարությունը տարածաշրջան կատարած իրենց այցելության մասին: Ի՞նչ ուշագրավ շեշտադրումներ եք նկատել:
– Հայտարարությանը կարելի է տարբեր տեսանկյուններից նայել: Եթե հիշենք իրենց այցի նպատակը, որի մասին համանախագահները ասել էին, այն է՝ իմանալ կողմերի կարծիքները բանակցությունները վերականգնելու մասին, ապա այս իմաստով համանախագահները ասացին, որ կարծես թե, երկու երկրների նախագահները տրամադրված են շարունակելու բանակցությունները: Եթե հայտարարությանը նայենք հայ հանրության և քաղաքական գործիչների սպասելիքների տեսանկյունից, թե տեսեք, Մինսկի խումբը սկսել է հասցեական գնահատականներ տալ, ապա տեսանք, որ համանախագահները հավասարակշռված նույն մեղադրանքները և պահանջները ուղղեցին հակամարտության երեք կողմերին: Պարզվեց, որ այդքան էլ այդպես չէ, ինչ սպասում էին մեզ մոտ: Որևէ այլ էական բան չասվեց: Մասնավորապես, որևէ խոսք չեղավ շփման գծում մշտադիտարկման ու հետաքննության մեխանիզմներ տեղադրելու վերաբերյալ:
– Հայտարարության մեջ նշվում է, որ «համանախագահները Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի վերջին խախտումների կապակցությամբ: Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ հետագա էսկալացիայից խուսափելու կոչով: Համանախագահները նույն ուղերձը հղում են Հայաստանի ղեկավարությանը և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին»: Կարծում եք, որ հատուկ շեշտադրում չկա՞ Ադրբեջանի պատասխանատվության հանգամանքի վրա:
– Գիտեք, դրանք դիվանագիտական հնարքներ են, թե «տեսեք, առաջինը Ադրբեջանին ենք ասել, հետո ձեզ ենք ասել», Ադրբեջանին ասում են՝ «տեսեք, նրանց էլ ենք ասել, հավասարակշռել ենք»: Կարծում եմ, որ տողատակերում, ստորակետների արանքում ինչ-որ բան գտնելու փորձը լրիվ անիմաստ բան է:
– Որոշ վերլուծաբաններ կարծում են, թե ադրբեջանական կողմին ավելի ագրեսիվ ռազմական գործողությունների հրահրեց հատկապես համանախագահների նախորդ հայտարարությունը, որում առաջին հերթին նշվում էր Ադրբեջանի պատասխանատվության մասին:
– Անկյուն մտած հայկական դիվանագիտությունը երկար տարիներ շարունակ ունի մի թեզ՝ մեր մոտեցումը և միջազգային հանրության կամ համանախագահների մոտեցումները նույնն են: Մարդկանց թվում է, թե դա ինչ-որ մի հանճարեղ բան է, որը գիշեր-ցերեկ թմբկահարելով՝ կարելի է ասել, թե աշխարհը մեր հետ է, Ադրբեջանը մեկուսացած է: Այդ բառից բուն իմաստով բլեֆը հիմա ուզում են այս հայտարարության տողատակերում գտնել: Ճիշտն ասած՝ ամոթալի է, որովհետև իրականում ասելու բան չունեն: Ի վերջո, մենք տեսանք թե՛ Ալիևի զրույցը համանախագահների հետ, որը արտատպել են ադրբեջանական լրատվամիջոցները, և թե՛ Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովի հայտարարությունը, որը եղավ Մինսկի խմբի հայտարարությունից մեկ օր առաջ: Վերջինս շատ պարզ ասել է. «Սա մեր տարածքն է՝ ճանաչված միջազգային հանրության, այդ թվում՝ Հայաստանի կողմից, և մենք ունենք մի խնդիր՝ պաշտպանելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դա միակ սկզբունքն է, որը ձեռնտու է մեզ: Եթե հնարավոր է, կարող եք համոզել Հայաստանին դուրս բերել իր զորքերը: Եթե հնարավոր չէ, մենք կարող ենք դա անել ռազմական ճանապարհով»: Ըստ էության, նույն բանը փոքր-ինչ ավելի դիվանագիտորեն ասել է Ալիևը: Նրանք այդպես են խոսում, Մինսկի խումբը նրանց ի՞նչ պիտի ասի: Մինսկի խումբը նրանց ասելիք չունի, պիտի վեր կենան, գնան տուն: Հայաստանը թող մտածի դրա մասին:
– Իսկ չե՞ք կարծում, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման աճող հավանականության պայմաններում թե՛ միջնորդները և թե՛ հայկական կողմը դիվանագիտական լուրջ ջանքեր պիտի գործադրեն նոր բախումները կանխելու համար:
– Իհարկե, պետք է ընդհանրապես փոխել միջազգային վիճակը խնդրի շուրջ: Ճիշտն ասած՝ վերջերս շատ ենք թմբկահարում «լայնածավալ պատերազմի» մասին, մարդիկ արդեն չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Խոսքը հարձակողական պատերազմի մասին է, ոչ թե շփման գծում սադրիչ գործողությունների: Դուք երևի խոսում եք հարձակողական գործողությունների մասին: Ադրբեջանը, ունենալով նշված դիրքորոշումը, բնականաբար որևէ ցանկություն չունի համաձայնության գալու և լուծելու այս խնդիրը Հայաստանի հետ և միաժամանակ որևէ հնարավորություն չունի հարձակողական գործողություններով գրավել Ղարաբաղը: Մնում է ընդամենը մի տարբերակ՝ անընդհատ կրկնել, որ «սա մերն է» և անընդհատ կազմակերպել զինվորների սպանություններ շփման գծում, ինչով էլ Ադրբեջանը զբաղված է տարիներ շարունակ և կզբաղվի այնքան ժամանակ, մինչև որ չփոխվի միջազգային վերաբերմունքն այս խնդրին:
Եթե Հայաստանը ասում է Ադրբեջանին, որ «դա քո տարածքը չէ», կա՞ իրավական ակտ դրա մասին կամ Հայաստանը իրավականորեն բարձրացրե՞լ է այդ հարցը ինչ-որ տեղ, Հայաստանը որևէ տեղ վիճարկե՞լ է դա: Նույն հայտարարությունը լսել ենք անգամ Ռուսաստանի տարբեր գործիչների, օրինակ՝ արտգործնախարարի կողմից: Ռուսաստանի արտգործնախարարը ասել է Ադրբեջանին՝ «ներեցեք, սա ձեր ներքին խնդիրը չէ միայն, տարածքների խնդիր կա, բայց ոչ պատերազմական, այլ խաղաղ ճանապարհով, այն էլ եթե ճշտվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»: Նման հայտարարություն լսե՞լ եք Հայաստանի արտգործնախարարից: Այդ դեպքում՝ էլ ի՞նչ հայկական դիվանագիտության մասին է խոսքը: Սկզբից ընդունում ես Ադրբեջանի դիրքորոշումը, հետո՝ սկսում նվնվալ, թե կրակում են:
– Համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշել են Զանգելան, Կուբաթլու, Լաչին, Քարվաճառ այցելելու մասին՝ այդ շրջանները անվանելով «տարածքներ Լեռնային Ղարաբաղի շուրջ» և ոչ թե «օկուպացված տարածքներ»: Դիտավորություն տեսնո՞ւմ եք այս ձևակերպման մեջ:
– Համանախագահների առաջարկների մեջ այդ ձևակերպումը երբեք էլ չի փոխվել, 1994 թվականից եղել է նույնը, այսինքն՝ հստակ տարբերակում է դրվում նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքի և շրջակա տարածքների միջև: Միջազգային հանրությունը շատ վաղուց ընդունել է, որ նախկին ԼՂԻՄ-ի տարածքի կարգավիճակը պիտի որոշվի ապագայում, ընդ որում՝ արդեն 2007 թ. ընդունված Մադրիդյան սկզբունքների համաձայն՝ կարգավիճակը պիտի որոշի տեղի բնակչությունը: Կոնկրետ այս կառույցը՝ Մինսկի խումբը, չի ճանաչում դա՝ որպես «օկուպացված տարածք»: Ադրբեջանի առջև պահանջ է դրված, որ նա ճանաչի Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանը չի ցանկանում դա անել: Ամբողջ խնդիրը հենց սրա մեջ է: