Մանվել Սարգսյան

Չի կարելի թողնել, որ ժողովրդի բողոքն արտահայտվի առանց հստակ ձևակերպված քաղաքական պահանջների: Այս մասին այսօր«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը՝ խոսելով հանրության ձևավորած ըմբոստության օջախների շուրջ:

Մանվել Սարգսյանը նշեց, որ հանրության շրջանում հոգեբանական նոր երևույթի ենք հանդիպում՝ երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի և գիտակցական նոր մակարդակի արդյունքում, որն ինչ-որ տեղ «բունտային» տրամադրությունների է նմանվում՝ կոնկրետ տարածքում առաջացած տարբեր խնդիրներ մարդկանց ստիպում են վեր կենալ և պաշտպանել սեփական իրավունքները: Ըստ փորձագետի՝ սա նաև նրա արդյունքն է, որ տարիներ շարունակ ժողովուրդը հույս էր կապում այս կամ այն ընտրությունների հետ, բայց կորցրել է նման եղանակով փոփոխությունների, իշխանափոխության հասնելու հույսերը:

«Երբ երկրում քաղաքական գործընթացը համոզիչ չէ, երբ արդյունք չկա՝ երկարատև պայքարի կտրվածքով, նման երևույթները սկսում են իրենց մասին հիշեցնել շատ ավելի հաճախակի: Այսինքն, եթե չկա քաղաքական գործընթաց, հանրությունն ինքն է ոտքի ելնում, բողոքի ակցիաներ է իրականացնում, հետո բունտերի շարք է սկսվում, բայց մտածել, թե սա կարող է քաղաքական խնդիր լուծել, սրա արդյունքում կարող է համակարգ փոխվել, իհարկե, պետք չէ: Էական է, որ քաղաքական ուժերն ու ընդհանրապես հանրությունը հասկանան՝ չի կարելի թողնել, որ ժողովրդի բողոքն արտահայտվի առանց հստակ ձևակերպված քաղաքական գործընթացի: Երբ բողոքը, բունտային տրամադրությունը քաղաքական գործընթացի է վերածվում, այդ ժամանակ ժողովրդական էներգիան բերում է փոփոխությունների: Պետք է լինի հանրության խնդիրները հստակ ձևակերպող խումբ: Ի դեպ, բազմաթիվ երկրներում այս տեխնոլոգիան գործում է: Օրինակ՝ Ղրղզստանում մի քանի տարի առաջ համաժողովրդական բունտ տեղի ունեցավ, որովհետև այդ երկրում քաղաքական միտք ու հստակություն չկար, հասարակության մեջ ևս չկար, և երբ արդեն ռեժիմի դեմ ընդհարման գնաց ժողովուրդը, ոչնչացվեց ամեն ինչ: Այլ բան չէր կարող լինել, քանի որ չկային ուժեր, որոնք կարող էին քաղաքական պայքար տանել, թեկուզ նախատեսել, պլանավորել կազմակերպված ապստամբություն, որի արդյունքում կհեռացնեին անօրինական իշխանությանը»,- մեկնաբանեց Մանվել Սարգսյանը, ապա շարունակեց՝ ասելով, որ քաղաքացիական անհնազանդությանը զուգահեռ քաղաքական պահանջների ձևակերպումը տապալում է համակարգեր և դիկտատորների:

Նրա համոզմամբ՝ կարևոր է, որ հանրությունը, քաղաքական ուժերից ոմանք հասկանան դա, հասկանան, որ կա նոր երևույթ հանրության շրջանում, որն, իսկապես, կարող է բերել արդյունքի: Նույնիսկ առանց դեռևս հստակ ձևակերպված պահանջների, Մանվել Սարգսյանի խոսքերով, տեսնում ենք, թե իշխանությունն ինչ մտահոգություններ է ցույց տալիս: Բայց, փորձագետի կարծիքով, միամտություն կլինի հավատալ, թե իշխանությունը պարտադրված փոփոխությունների կգնա, քանի որ իշխանության համար զիջումների գնալը նշանակում է իր վերջն ու վախճանն արձանագրել: 

«Իշխանությունն ինչ-որ կերպ կփորձի լոկալիզացնել հարցը, ինչպես դա անում է Արմավիրի դեպքերի շրջանում, ինչպես դա անում էր Մաշտոցի պուրակում, որը պայքարի լավագույն օրինակն է՝ թե ինչպես կոտրելով կարծրատիպերը հանրությունը պայքարեց ու հաղթանակ գրանցեց, բայց ոչ լոկալ հաղթանակ, քանի որ հանրության նման յուրաքանչյուր հաղթանակ ընդդեմ իշխանության է գործում: Արմավիրում մի կողմից բոլոր պաշտոնյաները խոստումներ են տալիս լուծումներ գտնելու ուղղությամբ, զուգահեռ ցուցադրում են ոստիկանական ուժեր, այսինքն՝ ուժի կիրառում, սպառնալիքի ցուցադրում: Սա ցույց է տալիս, որ իշխանությունները նոր երևույթի հետ են հանդիպում և չգիտեն՝ ինչպես վարվել, որովհետև նման բան երկու տասնամյակ չի եղել»,- ասաց Մանվել Սարգսյանը: Եզրափակելով իր խոսքը՝ նա ասաց, որ ողջունում է հասարակության շրջանում ցանկացած ակտիվություն:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

1in.am