Հայաստանը պետք է կացինն առնի ու կտրտի բոլոր կապանքները

Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, Դոնեցկի երկնքում Boeing 777-ի պայթյունը և դրան հաջորդած սենսացիոն բացահայտումները հնարավո՞ր է աշխարհքաղաքական լուրջ փոփոխությունների պատճառ դառնան:

Հայաստանում շատ են խոսում լիդերի բացակայությունից, որ եթե լիդեր լինի, լավ կլինի և այլն, բայց երբ անցնում ենք Ռուսաստանին, բոլորն ասում են՝ մինչև երկիրը Պուտինից չազատվի, ոչինչ չի ստացվի: Մարդկանց թվում է, որ լիդերը կոնստրուկտիվ բան է, բայց երբ լիդերը գալիս է, նրանք տեսնում են, որ լիդերից պետք է ազատվել, լիդերը դեստրուկտիվ բան է: Ոչ ոք չգիտի՝ ով ում գլխին ինչ է սարքում: Պարզ չի՞, որ Պուտինի գլխին սարքել են, Պուտինին պե՞տք էր այս պահին  ինքնաթիռ խփել, ինչի՞ համար: Ուրեմն սարքել են գլխին, բայց ինչպե՞ս... Հիմա Լավրովն ասում է, որ երևի պատահական է եղել: Մենք գիտենք, որ Ուկրաինայի տարածքում պատերազմում են, բայց ով է պատերազմում, ում դեմ է պատերազմում, ինչ են անում, իրենք էլ չգիտեն: Պաշտոնապես Կրեմլը հայտարարում է, թե դա մեզ պետք չէ, մեզ ներքաշել են: Թե ով է ներքաշել, չի ասվում: Այս բարդությունը բերում է նրան, որ կորցնում են իրենց  ազդեցությունը: Չես հասկանում՝ ինչպես կարող է պատահել, որ 3-4 կիսագրագետ տղաներ հափշտակած զենք վերցնեն ու ինչ-որ բան թելադրեն: Նման բան չի լինում: Խաղարկվում է, անիմաստ զոհվում են մարդիկ, ինչո՞ւ, որովհետև աշխարհում լրիվ այլ խնդիրներ են լուծվում: Մենք տեսնում ենք այդ փոփոխությունը: Եվ սխալ է պատկերացումը, թե սա սառը պատերազմ է: Սառը պատերազմն ավարտվելուց է հենց այս գործընթացները սկսվել: Սառը պատերազմը կայուն ժամանակաշրջան էր, երբ կանոններ կային, և բոլորը ենթարկվում էին այդ կանոններին: Երբ դա վերացավ, սկսվեցին փոփոխությունները, որը նույնպես կարելի է պատերազմ կոչել: Հիմա տեսնում ենք ինչ զենքեր կան, դրանց միայն կես տոկոսը կիրառում ես՝ զանգվածային զոհեր են լինում: Պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե այդ բանակների բոլոր զենքերը կիրառվեն, բոլորն իրար կոչնչացնեն, մարդ չի մնա, դրա համար ոչ ոք չի գնում նման քայլերի: Զինում են ինչ-որ մարդկանց՝ Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում ու նրանց միջոցով հարցեր լուծում: Բանակները հազվադեպ են խառնվում դրանց:Հիմա շատ հետաքրքիր ու ճիշտ վերլուծություններ կան, բայց երբեք փոփոխությունների դարում ոչ ոք ճիշտ չի կարող ընկալել դրանք, որովհետև այստեղ հիմնական պատճառները բոլորը գիտեն՝ աշխարհի եղած իրավական ու քաղաքական կառավարման ձևերը չեն համապատասխանում տեխնոլոգիական տնտեսական զարգացմանը: Բայց թե այդ փոփոխություններն ինչպես են արտացոլվում յուրաքանչյուր երկրի ու ժողովրդի վրա, նման բաները ոչ ոք չի կարող իմանալ: Ռուսաստանը շատ գիտի՞, թե ինչու է սկսել զենք տալ իր թշնամի Ադրբեջանին: Ադրբեջանը ՌԴ-ի առաջին թշնամիներից մեկն է, բայց զինում է: Հարցնում ես՝ ինչու եք զինում, ասում է՝ առևտուր ենք անում:

Արգենտինայում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայ ժողովուրդն անհանգստացած է Մոսկվայի կողմից Ադրբեջանին զինելու հարցով: Սա սոսկ հայտարարությո՞ւն էր, չկա՞ այստեղ քաղաքական ենթատեքստ՝ աշխարհում այլ անվտանգության երաշխավորներ, այլ հովանավորներ փնտրելու առումով:

Իհարկե կա: Յուրաքանչյուր խելոք մարդ պիտի մտածի. Եթե դիմացդ գազան են պատրաստում, քո ձեռքերն էլ բռնում են ու ասում՝ մենք քո եղբայրն ենք, դու հանգիստ նստի, ու զինում մյուսին, դու ի՞նչ պիտի անես: Պիտի մտածես, և հիմա նոր-նոր սկսել են մտածել: Աբսուրդ է, երբ հայտարարում ես, որ այս երկիրը ապահովում է իմ անվտանգությունը, նա էլ վերցնում ու զինում է քո ոխերիմ թշնամուն: Երբ հարցնում ես, թե ինչու ես այդպես անում, պատասխանում է՝ լավ եմ անում, առևտուր եմ անում: Էլ իմաստը ո՞րն է այդ երկրի հետ հարաբերություններ պահելու: Չէ՞ որ դու հարաբերություններդ կանոնավորում ես, համաձայնագրերի ես բերում, որ ես այս-այս բաները չեմ անելու: Ինքն էլ ստորագրում է այդ համաձայնագրերը, հետո ասում՝ քո ինչ գործն է, ինչ ուզում անում եմ: Սա շատ լուրջ խնդիր է: Այս պայմաններում ի՞նչ պիտի անես. պիտի գոնե հրաժարվես այն պարտադրանքներից, որը դու ստանձնել ես: Պիտի ասես, քանի որ դու չես կատարում քո պարտականությունները, ես էլ ստիպված եմ այսպես վարվել: Ինչո՞ւ պիտի Իրանի սահմանը փակես, եթե այդ երկիրն առաջարկում է համագործակցություն, միասնական կացությունը պահպանելու մոտեցում: Ինչու դու դա չես անում, ռուսը քեզ բռնելու է ի՞նչ անի, արդեն բռնել սպանում է: Հիմա նոր-նոր սկսել են մտածել այդ մասին: Իսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունն էլ ընդամենը սիմպտոմ է, բայց թե ինչ են անելու, ես չգիտեմ:

Ինչո՞ւ նման հայտարարություն անելու համար Սերժ Սարգսյանը պիտի հասներ Արգենտինա, այն դեպքում, երբ երկար ժամանակ Հայաստանում հնչում էր այդ մտահոգությունը: Կամ ինչո՞ւ այդքան ուշացումով եղավ հայտարարությունը:

Գնացել այդ երկրների հետ է խոսել, քանի որ նրանք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ են: Զուր չէ, որ Սերժ Սարգսյանը գնացել ու այնտեղ է խոսել այդ մասին: Գուցե նրանց ասել է այդ հարցը բարձրացրեք Անվտանգության խորհրդում: Սա նշանակում է, որ շատ ավելի խորը այդ երկրների ղեկավարների հետ է խոսել այդ հարցի շուրջ:

Կարծիք կա, որ Ռուսաստանին այլևս ձեռնտու չէ ստատուս քվոյի պահպանումը Ղարաբաղում: Արդյոք կա՞ նման միտում:

Ռուսաստանն անգամ չգիտի, ինքը հաջորդ տարի լինելո՞ւ է, թե ոչ, պահի տակ քայլեր է անում: Ռուսաստանը իմանա իր գլխի ճարը, հետո մերն էլ կտեսնի:

Պատերազմի հավանականություն կա՞ այս պահին, հաշվի առնելով, որ ոչ միայն Ղարաբաղի սահմանին են կրակում, այլև Նախիջևանի կողմից:

Ադրբեջանն օգտվելով նրանից, որ ռուսները զենքը տալիս են, բոլոր հատվածներում առանձին բանակներ են ստեղծում: Նախիջևանում առանձին բանակ են ստեղծել, զորավարժություններ են իրականացնում: Այսինքն՝ անընդհատ պատրաստ են, որ եթե աշխարհում ինչ-որ գործընթացներ տեղի ունենան, ինքն էլ հաջողացնի իր զավթողական քաղաքականությունն իրականացնել: Այդ մասին Ադրբեջանն ամեն օր հայտարարում է: Բնականաբար, Ադրբեջանը շատ լավ է հասկանում, թե ինչ է նշանակում պատերազմ, ինչով կարող է այն վերջանա, դրա համար ամեն կերպ փորձում է որսալ իրավիճակ, ռուսներից «դաբրո» ստանալ, որ ասեն՝ մենք հային կբռնենք, կխեղդենք, դուք գնացեք կերեք: Բայց նման բան աշխարհում չի լինում, թեև նրանք լավ հիշողություններ ունեն՝ բա 1915 թվականին ինչպես եղավ, որ հայերի ձեռքերը բռնեցին, մենք էլ իրենց կոտորեցինք: Հիմա էլ այդպիսի հույսեր ունեն:Բնականաբար, Հայաստանը, հասկանալով այդ ամենը, պիտի իր դիրքորոշումն ունենա: Եթե դու դրա դեմ չես գտնում որևէ կոնկրետ մեխանիզմ, կուլ ես գնալու, ինչպես դարեր շարունակ եղել է: Իսկ եթե գտնում ես, քո հարցերը լուծում ես այնպես, ինչպես դու ես ուզում: 1991-94 թվականներին մենք մեր հարցերը լուծեցինք այնպես, ինչպես մենք էինք ուզում, ու ոչ ոք չկարողացավ խանգարել՝ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան չկարողացան բան անել: Նույնը հիմա է, պիտի մտածես ու իրականացնես մտածածդ: Նման իրավիճակներում միակ բանը, որ կարող ես անել, այն է, որ չպետք է թույլ տաս քո ձեռքերը կապեն, շղթայի մեջ դնեն: Մահն այդտեղից է գալիս, դրա համար պիտի ձեռքերդ ազատես ամեն ինչից: Առաջին հերթին՝ ռուսական զսպիչ ուժն է, որ քեզ չի թողնում, գալիս քթիցդ բռնում ասում է՝ պիտի սովից մեռնես, պիտի ոչ մեկից ոչ մի զենք չգնես: Հայաստանը պիտի կացինը վերցնի ու կտրտի այդ շղթաները: Դրանից հետո դու կարող ես բոլորի հետ հարաբերություններ ստեղծել: Այս խնդիրը պետք է լուծել, որովհետև սա շատ վտանգավոր իրավիճակ է: Ռուսները կապել են Հայաստանի ձեռքերն ու ինչ ուզում անում են այստեղ: Մենք չենք կարող ազդել Ռուսաստանի վրա, որ զենք չծախի Ադրբեջանին, շուլերություններ չանի Հայաստանի թիկունքում Թուրքիայի հետ, բայց քո ձեռքերն ազատել դու կարող ես, ու այստեղ ռուսները ոչինչ անել չեն կարող: Իսկ երբ ազատես ձեռքերդ, հազար ու մի ձև կարող ես գտնել քո շահերը պաշտպանելու համար:Մի հեքիաթ կա, թե իբր ողջ աշխարհը Հայաստանի դեմ է և Հայաստանի հույսը Ռուսաստանն է: Այդ հեքիաթը 20-25 տարի քարոզում են ուզուրպատորական խմբավորումները: Պետք է դա հանել մարդկանց գիտակցությունից: Աշխարհում բոլորը շահեր ունեն ու կան շատ երկրներ, որոնց շահերը Հայաստանի շահերի հետ համընկնում են: Հենց այդ երկրների հետ էլ պիտի աշխատել: Ոչ թե նրա համար, որ նրանք լավն են, գուցե շատ վատն են, բայց իրենք շահ ունեն այստեղ:

Նկատի ունեք Իրա՞նը:

Բոլոր երկրները, Իրանը առավել ևս, որն այս տարածաշրջանում լուրջ կայունացնող դեր ունի: Իրանն այն երկիրն է, որի հետ ոչ ոք վեճի մեջ չի մտնի, դա վտանգավոր է: Իրանի հետ շատ ընդհանուր շահեր կան, և պետք է ամրապնդել այդ երկրի հետ մեր դիրքերը: Պետք է ամրապնդել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, Չինաստանի հետ, որոնք շահեր ունեն այստեղ: Երբ բոլորի հետ կարողանում ես աշխատել, դու ստեղծում ես մի օղակ, որի դեմ ոչ ոք ոչինչ չի կարող անել: Դու չես կարող լուսանցքում կամ փոսի մեջ մնալ, պիտի լինես վերելք ապրող հարթություններում: Այդ կապերը պիտի ստեղծել շահերի հիման վրա: Մարդուն ասում ես՝ դու այստեղ շահեր ունես, ես էլ պատրաստ եմ իրականացնել քո շահը, քանի որ դա նաև իմ շահն է, միայն թե կողքից խանգարող ճանճերին ու թիթեռնիկներին քշի: Նա էլ ասում է՝ շատ լավ է, իրականացրու իմ շահը, ես խանգարող բաները կվերացնեմ, ասենք կչեզոքացնեմ ադրբեջանցիներին: Սա հասարակ քաղաքականություն է, որի հնարավորությունը կա: Կարծում եմ, որ դա պետք է նաև հանրության մեջ ամրապնդվի, որն ազդում է նաև այսպես կոչված քաղաքական ակտիվ խավի վրա, որ իրենք էլ իրենց հեքիաթներից ազատվեն ու սկսեն մի փոքր ավելի ճիշտ մտածել: Ցավոք, այսօր տարբերություն չկա այսօրվա ուզուրպատորների և նրանց պաշտոններին հավակնող թեկնածուների միջև: Տեսե՞լ եք ինչ-որ հարցի շուրջ նրանց տեսակետների միջև տարբերություն լինի, ես չեմ տեսել: Որևէ կուսակցություն ասի մի բան, որը տարբերվում է Սերժ Սարգսյանի ասածից: Ոչնչով չի տարբերվում, նույն գնահատականներն են: Մեր քաղաքականացված խավը մի որակի է, բոլորը նույնկերպ են մտածում ու 100 անգամ էլ փոխես, ոչինչ չի փոխվելու: Դրա համար պիտի նման մտաղոծություն ունեցողներից բոլորից ազատվել: Պիտի գան հասարակ պետական մտածողություն ունեցող մարդիկ, որոնք կստեղծեն օրինական իշխանություն, պետական ինստիտուտներ, որտեղ կհավաքեն մասնագետների, որոնք էլ բոլոր հարցերին լուծումներ տան:

Կա՞ն բավարար թվով մարդիկ, որ այդ փոփոխությունները կյանքի կոչեն:

Դե պիտի մարդկանց պատրաստել: Կարճ ժամանակում կարելի է պատրաստել մեծ թվով մասնագետներ, եթե հասկանում ես, որ դա արժեք է: Բայց եթե դու դա չես հասկանում, դու մասնագետներ չես պատրաստում: Հայաստանում պետությունը գիտնականներին ասում է՝ դուք պետք չեք, գնացեք:

Բայց Հայաստանում ամեն տարի մեծ թվով տնտեսագետներ ու իրավաբաններ են ավարտում բուհերը:

Ավարտում են, բայց այլ շահեր են սպասարկում, նրանք չեն ստեղծում տնտեսական ու իրավական համակարգ, որովհետև դա իշխանություններին պետք չէ: Նրանց պետք է, որ լինեն հլու-հնազանդ կամակատարներ, որոնց կարող են ասել այսինչին դատեք, օրինակ Շանթին, ու նրանք էլ խելոք կատարում են հրամանները: Դրա համար շատ խելք է պե՞տք. Դիպլոմն ունի, պաշտոնն ունի, ինչ ասում են, իրենք կատարում են, տակից էլ փող են աշխատում: Այսպես է աշխատում այսօրվա համակարգը:

Պարոն Սարգսյան, իսկապես Շանթ Հարությունյանն ու Վոլոդյա Ավետիսյանն այդքան մեծ վտա՞նգ էին ներկայացնում իշխանությունների համար, որ նման խիստ մոտեցում է ցուցաբերվում նրանց նկատմամբ:

Այս երկրում չես էլ հասկանում, թե ուզուրպատորների համար ինչն է վտանգավոր, ինչը՝ ոչ: Նրանք ուրիշ աշխարհում, ուրիշ կյանքում են ապրում: Այն, ինչ մենք փորձում ենք գնահատել որպես վտանգ, իրենց համար այլ բան է, ինչը մենք համարում ենք նորմալ գործընթաց, նրանց համար վտանգ է: Նրանք այլ աչքով են նայում, մոտիվներն այլ են: Երբ որևէ որոշում է կայացվում, մենք փորձում ենք պետական շահի տեսանկյունից գնահատել, բայց նրանք այլ չափանիշներով են առաջնորդվում: Ես չգիտեմ, թե իրենց չափանիշները որոնք են: Գուցե մեկի կինն այդ օրը ադամանդ է ուզել, ու ամբողջ համակարգն աշխատում է, որ դա թույլ չտա: Այ հիմա մենք խնդիրներ ենք քննարկում, բայց նրանք գուցե դրանց մասին չգիտեն ու չեն էլ հասկանում: Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանին հարցրեցին Լևոն Հայրապետյանի կալանավորման մասին, պատասխանեց, թե իմ ինչ գործն է, եթե ինձ չեն նստացրել, ուրեմն ամեն ինչ լավ է: Այսինքն՝ այս իշխանությունները ապրում են լրիվ այլ կանոններով, որը շատ հեռու է հանրությունից: Իշխանական մեքենան իր տրամաբանությունն ու օրենքներն ունի, նրանք լրիվ այլ աշխարհում են ապրում: Մի կողմում հասարակական շահի խնդիրներն են, իսկ նրանց մոտ բոլորովին այլ խնդիրներ են: Դրա համար էլ, երբ հասարակական շահի խնդիրներ ու պահանջներ են դրվում իշխանությունների առջև, դա նրանց համար իրենց արժանապատվությանը հարվածող բան է: Ինչպես թե դուք ուզում եք ընտրություններով  պետական կառավարման համակարգ ստեղծեք, դուք ո՞վ եք, մենք ձեզ կկոտորենք: Այ այդպես են նրանք մտածում:

Lragir.am