Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը
Էդգար, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանն ասում է, որ հացադուլի հասցեատերը հասարակությունն է: Ի՞նչ եք կարծում, այս իրավիճակը քաղաքական դիսկուրսի փոփոխություն մտցնո՞ւմ է:
Ես էլ եմ կարծում, որ հացադուլը հիմնականում հանրությանն է ուղղված: Իմ կարծիքով, նրա ակցիայի հիմնական մեսիջը հետևյալն է` չի կարելի համակերպվել ստեղծված անհավասար պայմանների հետ, չի կարելի հնազանդվել ոչ լեգիտիմ իշխանություններին, չի կարելի խաղալ նրանց պարտադրած խաղի կանոններով: Անդրիասը, նաև, կարծես թե ցանկանում է իր ոչ ստանդարտ քայլերի միջոցով քաղաքական իրավիճակի փոփոխության հասնել: Պետք է նշել, որ հացադուլն արդեն իսկ որոշակի արդյունքների է հասել: Օրինակ, նոր թափ են ստացել հանուն ժողովրդավարության պայքարի նոր ռազմավարության, պայքարի նոր փիլիսոփայության անհրաժեշտության մասին խոսակցությունները: Եվ ես կարծում եմ՝ գնալով կթեժանան այս քննարկումները: Սակայն այստեղ մի մեծ խնդիր կա, որը չպետք է անտեսել: Շատ կարևոր է, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ժողովրդավարական ռադիկալ փոփոխություններ Հայաստանում, սակայն ամբողջությամբ հավանություն չեն տալիս Անդրիասին` չհակադրվեն Անդրիասի ակցիային, և մյուս կողմից էլ, Անդրիասի ակցիայի ջատագովները, համակիրներն իրենք էլ, իրենց հերթին, չհակադրվեն բոլոր նրանց, ովքեր, միգուցե, այլ կերպ են պատկերացնում դեմոկրատական փոփոխությունների համար պայքարը: Պետք է անել հնարավորը, որ այս հացադուլը դեմոկրատական հանրության մեջ նոր բաժանարար գիծ չստեղծի, այլ հակառակը, նպաստի դեմոկրատացման օրակարգ ունեցող տարբեր խմբերի միջև համագործակցության հաստատմանը կամ խորացմանը:
Էդգար, տեսակետ կա, որ առաջին անգամ Հայաստանումքաղաքականությունն անցնում է հասարակության ձեռքը, բայց դեռհասարակությունը պատրաստ չէ այն վերցնել: Համամի՞տ եք:
Ես մի փոքր զգուշությամբ կմոտենայի այդ տեսակետին, ժամանակն ամեն ինչ ցույց կտա:
Հնարավո՞ր է, որ հացադուլը ժամանակ առ ժամանակ տարբերգործիչների մոտ այնքան շահարկվեց, որ այն կորցրել է իրնշանակությունը:
Ոչ միշտ, բայց, իհարկե, եղել են դեպքեր, երբ հացադուլն անհասկանալի կամ անընդունելի ավարտ է ունեցել, և բնականաբար դա նպաստել է նրան, որ մարդկանց մոտ անհավատություն առաջանա հացադուլի՝ որպես քաղաքական պայքարի արյունավետ գործիքի, նկատմամբ: Բայց նույնիսկ եթե դա չլիներ, մեր հասարակության մի զգալի մասն ընդհանրապես այսօր անհավատ է, շատերը չեն վստահում և չեն հավատում ոչ մեկի և ոչ մի բանի, և հատկապես, երբ այդ բանը, կամ մեկը քաղաքականության հետ որևէ կապ ունի: Սակայն պետք է նաև նշել, որ մարդկանց տրամադրությունները փոխվելու հատկություն ունեն, և դրանք, առաջին հերթին, փոխվում են ազնիվ, հստակ, պատասխանատու քաղաքական և քաղաքացիական վարք ցուցաբերող խմբերի և անհատների շնորհիվ:
Այս քայլերը կարո՞ղ են արդյոք վարակիչ դառնալ հասարակության համար այս ընտրություններին, թե՞ մեծ հաշվով սա առաջիկա տարիների համար փոփոխությունների տանող ճանապարհ կլինի:
Որպես փորձագետ, կարող եմ ասել, որ չափազանց փոքր է հավանականությունը, որ կբավարարվեն Անդրիասի պահանջները: Նույն կերպ նաև փոքր է հավանականությունը, որ որևէ ընդդիմադիր թեկնածու կարողանա հաղթել ընտրություններին: Բայց ես չեմ ցանկանում ասել, որ ամեն ինչ կանխորոշված է և չի կարելի մարդկանց պասիվացնել: Եվ ընդհանրապես, եթե մարդը զգում է, որ ճիշտ գործ է անում, ոււրեմն պետք է անի այն` դրական էներգիան երբեք չի կորչում, ես այդպես եմ կարծում:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ