Մեր զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը
Պարոն Սարգսյան, Մայդանի պայքարի առաջին օրերին նշում էիք, որ այնտեղ չկա օրակարգ, և դժվար է խոսել Մայդանի հաղթանակի մասին, բայց տեղի ունեցավ այդ հաղթանակը: Մեզ մոտ էլ հաճախ խոսում ենք օրակարգի բացակայության մասին, բայց մեր պայքարները, եթե մեծ խնդիրներ են դնում, արագ փոշիանում են: Ինչո՞ւ:
Ուկրաինայում տեղի ունեցածը մտածելու տեղիք է տալիս: Ստեղծվել էր արտասովոր իրավիճակ, երբ ժողովրդի բողոքը սկսվեց արտաքին կողմնորոշման խնդրից, պայթելու եղանակով մտավ ասպարեզ, և բնական է, որ հենց այդ հանգամանքը պետք է ազդեր հետագա բոլոր զարգացումների վրա: Ժողովուրդը բողոքում էր կոնկրետ որոշման դեմ, որը լայն թափ ստացավ, լրջացավ Յանուկովիչի՝ ուժ կիրառելու և ցրելու փորձից հետո: Յանուկովիչը ճիշտ չէր գնահատել իրավիճակը և ցրելով հզորացրեց և համաժողովրդական նշանակության հանգեցրեց բողոքի ալիքը՝ նշմարելով հակաիշխանական վեկտորը:
Հետևում էի, փորձում տեսնել՝ այդ բողոքարկումն ինչպես է վերածվելու շարժման: Բողոքարկման փուլը պիտի շատ շուտ վերջանար, քանի որ ի սկզբանե պարզ էր, որ Ուկրաինայի նախագահը ոչ մի ցանկություն չունի հաշվի նստել որևէ մեկի հետ: Այստեղ է, որ ուկրաինացիները մեծ խնդիրներ ունեցան, որովհետև այդ կարճ ժամանակում ընդլայնվելը, կոնկրետ որոշման դեմ բողոքելը, հետո հակաիշխանական վեկտորի մեջ մտնելը բավական մեծ անորոշություն էր ստեղծել Մայդանում: Գործին խառնվել էին պառլամենտական կուսակցությունները, որոնց սկզբում ժողովուրդն ընդհանրապես չէր ընդունում, հետո լոյալ վերաբերվեց՝ ճանաչելով նրանց՝ Յանուկովիչի հետ բանակցելու իրավունքը:
Սակայն գնալով բանակցությունների թեմաներն ու տրամաբանությունը ոչ մի կերպ չէին համապատասխանում Մայդանում հավաքված ժողովրդի տրամադրություններին և գործողությունների տրամաբանությանը: Իշխող կուսակցության և Յանուկովիչի հետ հարաբերություններում կուսակցությունները մի հարթակ էին ստեղծել, և րոպեն մեկ օրակարգ էին փոխում՝ սկզբում կառավարությանն անվստահություն հայտնելով, հետո արդեն կառավարության, ապա Յանուկովիչի հրաժարականի պահանջով, հետո Սահմանադրության վերադարձի խնդրի: Որևէ տրամաբանական կապ ժողովրդի պլանների հետ այդ վերնախավային պրոցեսները չունեին, մանավանդ որ լրիվ անպտուղ էին: Բնական է, որ ինչ-որ պահի պիտի խզում կատարվեր, և ընդդիմադիր պատգամավորները վերջնականապես պիտի կորցնեին իրենց ազդեցությունը պրոցեսների վրա: Իրավիճակի տեր պիտի դառնային ավելի ադեկվատ ուժեր. Դա էլ եղավ ի դեմս ռադիկալ կազմակերպությունների: Մայդանում հաղթեցին հեղափոխական տրամադրությունները, որոնք էլ բերեցին գործող իշխանության համակարգի փլուզման:
Իշխանությունները տանուլ են տվել, որովհետև չեն հասկացել, թե ինչպես կվերաբերվեն բիրտ ուժի կիրառմանը ուժային կառույցները և ժողովուրդը: Ցանկացած նման շարժումների ժամանակ դա ամենաէական խնդիրներից մեկն է՝ ինչպես կպահեն իրենց բանակն ու ոստիկանությունը և թե ինչպես կպահի իրեն ժողովուրդը: Եթե ժողովուրդն արհամարհում է բիրտ ուժը և սեփական զոհերը, ուժային կառույցների քայքայումն անխուսափելի է: Ուկրաինայի ժողովուրդն այդ առումով ուղղակի զարմացրեց աշխարհին:
Սակայն շարժման ծրագրային և կազմակերպչական իմ նշած արատն անհետևանք չմնաց: Բանակցային հարթակում միջազգային խաղացողները հասցրին Ուկրաինայի վզին փաթաթել մի վտանգավոր պայմանագիր (փետրվարի 21-ին Յանուկովիչի և ընդդիմադիր կուսակցապետերի միջև կնքված պայմանագիրը), որն էլ ձևավորեց այսօրվա քաղաքական մթնոլորտը երկրի ներսում և միջազգային հարաբերություններում: Չնայած Յանուկովիչն ու իր թիմը հեռացվեցին իշխանությունից, գերտերությունները պահանջում են կատարել պայմանագրի պահանջները՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով այսօրվա փաստացի իշխանությունների լեգիտիմությունը: Բացի այդ, անաչ լույս բացվեց Յանուկովիչի կողմնակիցների ակտիվության համար: Նման պայմաններում պարալիզացվեցին ուժային կառույցները, և պարզ չէ՝ կենթարկվե՞ն նրանք Ուկրաինայի պառլամենտի որոշումներին:
Դե ֆակտո իշխանությունները փորձում են ցանկացած գնով դուրս գալ այս բարդ վիճակից, առաջին հերթին, Յանուկովիչին ձերբակալելու միջոցով: Սակայն պարզ չէ, թե ինչ հետևանքների կբերի նման քայլը՝ հաշվի առնելով գերտերությունների դիրքորոշումը և երկրում ծավալվող պրոռուսական ալիքը:
Ստեղծված իրավիճակը ո՞ւր կարող է տանել:
Ստեղծվել է բարդ հոգեբանական իրավիճակ: Առաջին՝ եթե խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը բերեր հաղթանակի, այսօր իրավիճակը շատ ավելի բարենպաստ կլիներ: Երբ ժողովուրդը մատով չի դիպչում ոստիկանին, և ոստիկանությունը, անգամ բռնություններ կիրառելուց հետո, անցնում է նրա կողմը (Սերբիայի երիտասարդական շարժման օրինակով), ռեժիմը տապալելուց հետո չի ստեղծվում փոխադարձ ատելության մթնոլորտ: Սակայն Ուկրաինայում հենց ատելության և անվստահության մթնոլորտը կարող է բարդ քաղաքական զարգացումների բերել: Արդեն իսկ կան դեպքեր, երբ ոստիկանությունը մարզերում հրաժարվում է կատարել Կիևի հրամանները: Այսինքն՝ շարժման ընթացքը ստեղծում է համապատասխան արդյունքներ, և զինված բախումը շատ բարդ իրավիճակ է ստեղծում:
Ի՞նչ դասեր պետք է քաղի հետսովետական տարածքը Ուկրաինայից, պայքարի ի՞նչ մեխանիզմներ պետք է մշակել:
Հայաստանի համար նախևառաջ պետք է դաս լինի՝ տեսնելու՝ ինչու խաղաղ անհնազանդության ճանապարհով չգնաց Ուկրաինան, այլ գնաց բախումների ճանապարհով, քանի որ այլընտրանքը կար: Նման գաղափարականացված վիճակում միակողմանի ուժ կիրառելու դեպքում ոստիկանությունն ավելի կազմակերպված ձևով կանցներ ժողովրդի կողմը (մանավանդ որ բանակը ուժի կիրառմանը դեմ էր): Մենք այս ամիսներին հնարավորություն ունենք հետևելու Թայլանդում ծավալվող շարժմանը, որտեղ այսքան ժամանակ ոչ ոք չի կարողանում ժողովրդին շեղել խաղաղ անհնազանդությունից: Անգամ արտակարգ դրություն են մտցրել, բայց ժողովուրդը չի ենթարկվում նրա պայմաններին: Հակառակը, կառավարությունը ստիպված էր փախչել ժողովրդից և թաքնվել բանակի շտաբում:
Երկրորդ՝ ժամանակն է արդյունավետության տեսակետից գնահատել քաղաքական պրոցեսը Հայաստանում: Մենք Հայաստանում 18 տարի պարբերաբար գործ ենք ունեցել հետընտրական բողոքակումների հետ, որոնք կոչվել են «անօրինական իշխանությունների դեմ շարժումներ»: Իրականում սրանք ընդամենը էլեկտորալ պրոցեսներ են, որոնք ունեն իրենց տրամաբանությունն ու անձնահատկությունները՝ աշխատանքները տարվում են գործող պետական իրավական ընթացակարգերով՝ բողոքարկումներ, վերահաշվարկ և այլն, ապա ՍԴ, հետո խաղաղ կամ բախումներով գնում եք տներով: Սա անհնազանդության պայքար չէ և չէր կարող ապահովել մոբիլիզացիայի այն աստիճանը, որ ստիպի ոստիկանությանն անցնել ժողովրդի կողմը: Բացի այդ, հետընտրական պայքարը ժողովրդին «նվիրում» է լիդեր՝ պարտված նախագահացուի տեսքով, որն արդեն ինքն է վարում քաղաքականությունը, և այստեղ շատ մեծ խզում է լինում ժողովրդի և լիդերի ու իր կուսակցական շրջապատի պատկերացումների մեջ: Բացի այդ, ռեժիմը հնարավորություն է ստանում մեկուսացնել նման բողոքարկման ալիքը՝ ուրիշ ընդդիմադիր կուսակցությունների ջանքերով, որոնք այդ պայմաններում պատրաստ են մեծ օգուտներ քաղել: Դրա համար էլ նման հետընտրական բողոքարկումներն ի սկզբանե դատապարտված են:
Մենք այդ հիասթափությունները ամեն հինգ տարին մեկ տեսել ենք, մենք այդ շրջանից դեռ դուրս չենք եկել: Եվ եթե մենք ուզում ենք հասկանալ Ուկրաինայում ինչպես են նման խնդիրներ լուծել, մենք պետք է պարզ ու հստակ տարբերենք՝ ինչ է նշանակում անհնազանդության պայքար, և ինչ է նշանակում հետընտրական բողոքարկում: Ես Հայաստանում 88-ի պայքարի և Ուկրաինայի այսօրվա պայքարի մեջ մեծ գաղափարական հարազատություն եմ տեսնում. շատ նման է մեր 88-ի պայքարին, սա ինքնորոշման, քաղաքական ազգ ստեղծելու խնդիրն է: Հայաստանն այդ առումով 25 տարի թե՛ առաջ է և թե՛ հետ, քանի որ մենք մյուս փուլերն անցնելով՝ դեգրադացվել ենք և ընդհանրապես խճճվել ներքին քաղաքական ցիկլի մեջ և կորցրել ամեն ինչ: 88-ից այս կողմ հայ հասարակությունը երբևէ չի ձևակերպել օրակարգը և ստեղծել կազմակերպչական ձևերը:
Հիմա իհարկե փոխվում է վիճակը: 88-ի մոտեցումը 25 տարի հետո վերադառնում է Հայաստան: Հասարակարության մեջ ձևավորվում է այն գիտակցությունը, որ համակարգափոխություն է պետք, իսկ համակարգափոխություն նշանակում է երկրում քաղաքական պատասխանատվության ինստիտուտի ստեղծում, որը 18 տարի է որպես ակտուալ պետականաստեղծ խնդիր չէր ընկալվում: «Ձեր գործը չէ, մենք գիտենք» երևույթը Հայաստանում վերանում է, և երբ վերացավ զուտ քաղաքական ոլորտում, հասարակությունն ինքն էլ կազմակերպչական ձևերը գտնելու է: Շուտով փոխվելու են նաև կուսակցությունների պատկերացումները սեփական դերի մասին: Կուսակցությունները դեռ չեն հասկանում, որ եթե քաղաքացիական շարժումը հաստատի երկրում այդ պատասխանատվության ինստիտուտը, առաջին օգտվողներն իրենք են լինելու: Իհարկե, դեռ երկար ժամանակ ասպարեզում մնալու են քաղաքական ուժեր, որոնք թույլ չեն տա պատասխանատվության ինստիտուտի ներդրումը, քանի որ սովոր են քաղաքական անպատասխանատվության: Սակայն նման մոտեցումը դատապարտված է:
Մենք ունե՞նք համակարգափոխություն անելու հնարավորություն, և եթե Ձեր նշած օրակարգը ձևակերպվի, քանի՞ մարդ կհավաքվի մեր մայդանում:
Սա այն հարցն է, որտեղ չկա այլընտրանք, աշխարհում շատ քիչ ժողովուրդներ են այս հարցը դրել և լուծել: Կան հասարակություններ, որոնց մտքով չի անցել նման խնդիր դնել, որովհետև եթե դու նման խնդիր ես դնում, պիտի պայքարես, իսկ խաղաղ անհնազանդություն չի նշանակում, որ չես տուժելու, զոհեր չես ունենալու: Հիմա մեզ մոտ այս հարցը կամ պետք է ակտուալ դառնա, կամ չի դառնա երբևէ: Քաղաքական պատասխանատվության ինստիտուտը պետության մեջ մի երևույթ է, որի արժեքը մարդիկ դժվար են հասկանում: Գործառույթների պատվիրակում, ընդունած գործառույթները կատարելու պատասխանատվության ստանձնում, ընտրության կատարում. սա բարդ կառուցվող ինստիտուտ է, և ովքեր կարողացել են դա անել, ստեղծել են արդյունավետ պետական համակարգ:
Մայդանում տեղի ունեցածն ինչ է՝ հեղափոխությո՞ւն, թե իշխանափոխություն:
Այն, ինչ կատարվել է Ուկրաինայում, դասական ապստամբություն է: Չի կարելի ասել, որ հեղափոխությունը կատարվել է, դրա մասին կխոսենք այն ժամանակ, երբ օրինական իշխանությունը ընտրվի և ճանաչվի ամբողջ ժողովրդի կողմից: Այդ ժամանակ կասենք, որ կատարվել է իշխանափոխություն, և հույս կա, որ համակարգափոխություն կլինի: