Մեր զրուցակիցն է Ռազմավարական և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը
Պարոն Սարգսյան, այսօր Հայաստան են ժամանում Մինսկի խմբի համանախագահները: Արդյոք սպասումներ կա՞ն այս հանդիպումից:
Սեպտեմբերյան սրացումներից հետո նրանք արդեն հայտարարություններ էին անում, որ պիտի նախապատրաստեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Նրանց այցի հիմնական նպատակը դա է։ Երկրորդը՝ միջոցներ ձեռնարկելն է շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Մնացածը ենթադրությունների դաշտում է, և շատերը չեն կարողանում հասկանալ, թե ինչու Ադրբեջանը սեպտեմբերին հանկարծակի սրեց իրավիճակը, Սերժ Սարգսյանն ինչու նման ելույթ ունեցավ՝ ասելով, թե Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Այդ հարցերի պատասխանները քչերն ունեն, որովհետև իշխանությունները ոչ մի բացատրություն չեն տալիս։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ խնդիրներ էին դրված և ինչ նպատակ ունի երկու նախագահների հանդիպումը։
Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ ի՞նչ է արել մեր դիվանագիտությունը և արդյոք հանգուցալուծում պատկերացնում եք այս իրավիճակում։
Ի՞նչ պետք է անի մեր դիվանագիտությունը, հատկապես որ հստակ ուղեգիծ էլ չունի։ Հայաստանի իշխանությունները մի օր հայտարարում են, թե Ղարաբաղը Հայաստանի մաս չի, մեկ օր էլ հայտարարում են, թե Ղարաբաղը Հայաստանի մաս է, հետո էլ թե ճանաչելու ենք Ղարաբաղի անկախությունը։ Թե կռիվը որն է, չես հասկանում, ի՞նչ ենք հասկանում հանգուցալուծում ասելով։ Ընդհանրապես անիմաստ է խոսել հանգուցալուծման մասին, քանի որ ոչ մեկը դրա մասին պատկերացում չունի։ Ադրբեջանը պարզ և հստակ պատկերացնում է, թե ինչպես է տեսնում խնդրի լուծումը, որ ամեն ինչն իրենցն է, որ Ղարաբաղը պետք է ճանաչվի Ադրբեջանի մաս։ Նրանք ասում են` կամ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի դիրքորոշումը, կամ էլ ջարդելու, փշրելու ենք։ Իսկ որն է Հայաստանի դիրքորոշումը` ես չեմ հասկանում։ Մինչև հիմա Հայաստանը չի հստակեցրել իր դիրքորոշումը։
Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ բեկումնային էր ԵՏՄ-ին անդամակցելու սեպտեմբերի 3-ի որոշումը, սակայն հիմա, երբ թուրքական ուղղաթիռները հատում են Հայաստանի օդային տարածքը, ԵՏՄ-ն ու Ռուսաստանը լուռ են։ Կարելի՞ է ասել, որ հենց սեպտեմբերի 3-ն է վճռել այսօրվա ստեղծված իրավիճակը։
Սեպտեմբերի 3-ը ընդհանրապես ոչինչ չի վճռել, ի՞նչ է եղել մինչև սեպտեմբերի 3-ը, որ հիմա չկա։ Պարզապես սեպտեմբերի 3-ին պարզ դարձավ, որ Արևելյան գործընկերության պրոյեկտը՝ Եվրոպական ասոցացման պայմանագիրը ձախողվեց։ Դա ոչ մեր պատճառով էր, ոչ էլ Ուկրաինայի. սեպտեմբերի 3-ն ուղղակի ազդանշան էր, որ տապալվում է այդ քաղաքականությունը։ Սեպտեմբերի 3-ից հետո մենք տեսանք Ռուսաստանի նոր քաղաքականությունը սկզբում Ուկրաինայում, հետո Սիրիայում։ Այդ պրոցեսները նշմարվում էին տարիներ առաջ, և հիմա դրանք շարունակվում են, իսկ թե կոնկրետ ինչպես կարող էր լինել, կարող էր լինել, թե ոչ, արդեն անիմաստ է քննարկել։ Այս պահին միջազգային քաղաքական կուրսը փոխվում է, նոր պրոցեսներ են սկսվում, նոր հարաբերություններ են ձևավորվում, ու դա է ավելի կարևորը։
ԵՄ-ն հաստատել է Հայաստանի հետ նոր փաստաթղթի բանակցությունների մանդատը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ զարգացումը և դա ի՞նչ շարունակություն կարող է ունենալ։
Այս իրավիճակում Եվրոպան Հայաստանին առաջարկում է անհատական համաձայնագիր կնքել՝ շեշտելով, որ դա ասոցացման պայմանագիրը չէ, և բնական է՝ Հայաստանը որպես ԵՏՄ անդամ արդեն պետք է բոլորի հետ խորհրդակցությունների միջոցով փորձի տեսնել՝ ինչ կարող է անել, ինչ պայմանագիր կարող է ստորագրել։ Ռուսաստանն ինքը հիմա փորձում է նոր հարաբերություններ ստեղծել ԵՄ-ի հետ և, ըստ էության, նոր իրավիճակ է ստեղծվել, և հիմա բոլորն են ուզում նոր հարաբերություն ստեղծել ԵՄ-ի հետ։ Մի տարի առաջ այլ էր վիճակը։ Ես չգիտեմ, թե ինչ համաձայնության կգան ԵՄ-ի հետ, բայց ինչ -որ տեսակ համաձայնության կգան։ Դժվար թե դա Ռուսաստանին հետաքրքրի, դա Ռուսաստանի համար անհետաքրքիր բան է։
Պարոն Սարգսյան, շատ փորձագետներ նշում են, որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը ձախողված է։ Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը։
Նման ծրագիր չկա, Ադրբեջանը վաղուց է հրաժարվել դրանից, Բելառուսն ընդհանրապես խանդավառված չի եղել այդ ծրագրով։ Ուկրաինան է հայտարարում, որ այդ ծրագիրը համապատասխանում է իրենց պլաններին։ Ես նկատում եմ, որ այս ծրագիրը ոչ թե հակառուսական է, այլ Արևելյան Եվրոպայի սահմանների ամրապնդման ինչ-որ քաղաքական նախագիծ, և ոչ թե տնտեսական խնդիր էր լուծում, այլ Եվրոպայի անվտանգության։ Հետո ուղղակի ոչ թե տապալվեց այդ ծրագիրը, այլ անհնար դարձավ։ Աշխարհն առաջ գնաց, Ռուսաստանը նոր քաղաքականություն վարեց, ԱՄՆ-ը նույնպես, որից հետա պարզ դարձավ, որ նոր կոնցեպտով առաջ շարժվելն անհնար է, դրա համար էլ թողեցին:
Այսինքն՝ ամբողջ աշխարհում նոր իրավիճա՞կ է ստեղծվել։
Այո, և Ռուսաստանին նոր դեր է տրվել: Այնպես չէ, որ ամբողջ դերը տրվել է ԱՄՆ-ին։ Մենք տեսանք, որ սեպտեմբերի 30-ին, երբ Ռուսաստանը մտավ Սիրիա, հոկտեմբերի 1-ին Փարիզում միանգամից հավաքվեցին, լուծեցին Ուկրաինայի խնդիրը։ Այսինքն՝ ամեն բան համաձայնեցնելով պրոցեսն ընթանում է։ ԱՄՆ-Ռուսաստան հակադրությունը լայն զանգվածների համար է, իսկ իրականության մեջ բոլորովին այլ տեսակ են պրոցեսներն ընթանում։ Իհարկե, Ռուսաստանը բավական մեծ դերակատարություն ունի այս գործընթացների մեջ։ Ամերիկան հետ քաշվեց Մերձավոր Արևելքում՝ թույլ տալով, որ Ռուսաստանը դերակատարություն ունենա, իսկ Ռուսաստանը ստիպված կամ իր շահերից ելնելով՝ ընդունել է այդ դերը։ Այ հենց դա է փոխել ամբողջ միջազգային հարաբերությունների սխեմաները, և բնական է, որ դա պրոյեկտվում է տարբեր տարածաշրջանների վրա։ Հիմա բոլորը մտածում են, թե դա ինչպես կարող է ազդել ասենք, Ղարաբաղի խնդրի վրա, Ուկրաինայի խնդրի վրա և այլն։