Ռուսաստանն ընդունեց Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, Հովիկ Աբրահամյանը հայտարարել է ՀՀԿ-ից դուրս գալու մասին՝ նշելով, որ սրանով իր քաղաքական կարիերան չի ավարտվում, քանի որ դրա համար ունի բավարար գիտելիք և ուժ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը, հատկապես որ արդեն տեղեկություններ կան, որ Հովիկ Աբրահամյանին կհետևեն էլի ՀՀԿ-ականներ, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ մեծ ծառայություն են մատուցել իշխանություններին։ Սա քրեաօլիգարխիկ բուրգում վերադասավորումնե՞ր են, թե՞ ՀՀԿ-ն ճաքեր էտալիս։

Նախ լավ կլիներ, որ հանրությանն ու մամուլին նման հարցեր չհետաքրքրեն, որովհետև բոլորը փայլուն գիտեն, թե ովքեր են նման մարդիկ, որն է Հայաստանի քաղաքական կյանքում նրանց դերակատարությունը։ Բոլորը գիտեն Հովիկ Աբրահամյանին որպես ամենահմուտ կեղծարար` ՀՀԿ-ի շտաբի պետ է եղել և հայտնի է հենց կեղծարարությամբ։ Եթե հիմա իսկապես այդ անձի վերաբերյալ հետաքրքրություն կա, դա կապված է հենց այդ հանգամանքի հետ, թե այդ ինչպես եղավ, որ նման կադրին ՀՀԿ-ն ձեռքից բաց թողեց։ Հիմա եթե գործող համակարգին Հովիկ Աբրահամյանի ծառայությունները պետք լինեին, նա, ինչպես տարիներ շարունակ, կլիներ իշխանության զինվորների առաջին շարքում և ավելի ու ավելի ամուր դիրք կգրավեր։ Ու հարց է ծագում, թե ինչ տեղի ունեցավ, որ նա հեռացավ, կամ հեռացրեցին իշխանությունից։ Ամենահեշտ պատասխանն այն է, որ այն մեթոդները, որոնք կիրառվել են մինչև հիմա, իրենց չեն արդարացնում, արդեն կորցրել են իրենց արդյունավետությունը, և փորձ է արվում ընտրություններ կոչվող միջոցառման մեջ իշխող համակարգի լեգիտիմացման նոր ձևեր գտնել, որ կարողանան շարունակել իրենց գործը։ Իսկ ո՞րն է այդ նոր ձևը. այ դա այսօր գոնե միայն իրենք գիտեն կամ իրենք են պատկերացնում։ Մենք ընդամենը տեսել ենք, որ վերջին տարիներին շատ ինտենսիվ օրենսդրական փոփոխություններ են արել, որոնք բոլորի կողմից գնահատվել են, որ դրանց հիմնական իմաստն այն է, որ ստեղծեն նոր պայմաններ՝ նորից վերարտադրվելու համար։ Այսինքն՝ այն ամենը, ինչը տարիներ շարունակ կատարվում էր, օրենքի տեսք է ստացել, և հիմա արդեն նոր օրենքներով պիտի փորձեն իրականացնել իրենց ծրագրերը։ Այլ բան չեմ տեսնում։

Իսկ ՀՀԿ-ի ներսում չկա՞ ինտրիգ։

Մարդիկ, ովքեր երիտասարդ ժամանակից կայացել են որպես կոռուպցիոներներ, մարդիկ, ովքեր գիտեին՝ իշխանական համակարգում ծառայելն է սեփականության պահպանման միակ ձևը, մարդիկ, ովքեր խորը համոզված են, որ իրենց ծառայությունները երբևէ կասկածի տակ չեն կարող դրվել, հանկարծ տեսել են, որ այս երկրում իրենք ոչ մեկին պետք չեն և հասկացել են, որ իրենք իրենցից այլևս ոչ մի բան չեն ներկայացնում։ Նրանք մտածում էին ամենազոր են և երկրորդ և երրորդ էշելենոնները գան վերցնեն իրենց ձեռքը։ 2014-ին արդեն խոշոր կոռուպցիոներները վերցրել էին ամբողջ կառավարությունն իրենց ձեռքը և այսպես գնում էին առաջ։ Եվ հանկարծ դուրս գալուց հետո ամենակարևորն են տեսել՝ իրենք որևէ կարողություն, ունակություն, ոչ մի բան չունեն։ Մտածել են՝ ինչ-որ ծառայություններ մատուցենք, կամ ընդհանրապես ինչ անենք։

Սա ոչ թե ինտրիգ է, այլ հոգեխանգարմունքի պես մի վիճակ է, որը մենք տեսնում ենք։ Դրա համար ինչ-որ ցուցակների հետևից են ընկել, ամեն մեկը ինչ-որ տեղ է ուզում մտնի՝ ամեն կերպ փորձելով կամ վերականգնվել, կամ փորձել նոր վիճակում նոր ծառայություն մատուցելու ձևեր գտնել։ Հանկարծակի Ծառուկյանը վերադարձավ։ Թվում էր՝ իր ծառայությունները վերջացել էին և նրան ուղարկել էին քաղաքական թոշակի, բայց նա էլի պետք եկավ, էլի առաջարկվեցին իր ծառայությունները։ Բացարձակ նույն որակի մեջ են։

Պարզապես որպես նոր երևույթ կարելի է նկատել, որ խոշոր սեփականատերերի այն խումբը, որը ՀՀԿ-ական է, կորցրել է իր էֆեկտիվությունը, ասպարեզ է նետվել մի նոր գաղափար նոր սահմանադրությամբ՝ կայուն մեծամասնություն։ Եվ տպավորություն է, որ կայուն մեծամասնություն կոնցեպտի տակ նոմենկլատուրային մի նոր ծրագիր է մշակվել, ստեղծվում են կոալիցիաներ, քանի որ կուսակցություններն իրենց սպառել են։ Արդեն որևէ մեկը որպես կուսակցություն չի կարող ներկայանալ։ Տեսնում ենք խմբեր, որոնք կոչվում են կոալիցիաներ, և դրանք ըստ երևույթին այն ձևերն են, որոնց միջոցով պետք է փորձ արվի ձևավորել կայուն մեծամասնություն կոչեցյալը մյուս խորհրդարանում։ Այսինքն՝ մենք ավելի ու ավելի ենք մոտենում այն վիճակին, որ նախկինում ընտրությունները կեղծվում էին, և որևէ նշանակություն չուներ քվեն, բայց հիմա ընդհանրապես քվեն նշանակություն չունի, կարելի է ասել միջոցառում է կազմակերպվում, որտեղ ընտրություն է առանց ընտրողների, ընտրողների ձայնն արդեն այդ կոալիցիաներին չի հետաքրքրում, որովհետև նրանք գիտեն, որ այդ ծրագրով իրենց կարող են դիրքավորվել այս քաղաքական դաշտում։

Դուք կապ տեսնո՞ւմ եք Հովիկ Աբրահամյանի Ռուսաստան կատարած այցի և ՀՀԿ-ն լքելու իր հայտարարության միջև։ Նշվում է, որ նա գնացել էր, այսպես կոչված, «դաբրո» ստանալու։

Դաբրոն որն է... հարյուր տարի գոյություն ունեցող քաղաքական խավ է, և եթե անգամ մի բան դու կարող ես ինքդ անել՝ առանց որևէ մեկին հարցնելու և խորհուրդ վերցնելու, միևնույն է, պետք է գնաս հարցնես։ Բնավորություն է, այդ մարդիկ այդպես են կայացել։ Սպասում էին, թե չէին սպասում նրանց, ում է հետաքրքրում, և գնում է գաղութատերերին ասի, որ ինքը գնում է։ Եթե քաղաքական խնդիրները լուծվում են ուրիշների հետ խորհրդակցություններում, ընդհանրապես դա քննարկելու բան չէ, այլ դատապարտելու բան է։

Կարո՞ղ են լինել անկանխատեսելի զարգացումներ՝ հաշվի առնելով այն, որ գծած սցենարից շեղումներ են նկատվում։

Իմ կարծիքով՝ փոփոխությունը լինում է այն ժամանակ, երբ բացի այդ նոմենկլատուրային օլիգարխիայի ծրագրից, ուրիշ ծրագիր կա։ Ես չեմ նկատում, որ ուրիշ ծրագիր կա։ Անցյալ տարի ամռանը եղել է բոլորովին այլ ծրագիր՝ Սասնա ծռերի ծրագիրը։ Ծրագիրը պետք է նկատելի լինի, որ հնարավոր լինի խոսել շեղումների մասին։ Ես նման բան չեմ նկատում։

Քրեա-օլիգարխիան կվերարատադրվի՞ նաև այս անգամ։

Քրեա-օլիգարխիայի պոտենցյալը, իմ կարծիքով, սպառվել է։ Կարծում եմ՝ երկիրը գնում է դեպի նոմենկլատուրային օլիգարխիա, որտեղ որոշված է, թե ովքեր են օլիգարխները։

http://www.lragir.am/index/arm/0/interview/view/146790