«Միակ արդյունավետ ձևը պահանջն է՝ ՀՀ տարածքից հանել ռուսական բազան»

Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ

- Ելակետ ընդունելով մայիսի 29-ի Աստանայի համաժողովը` կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ խմորումներ կան ղարաբաղյան հարցի շուրջ թե՛ հայտարարությունների, թե՛ խորքային մակարդակներում:

- Ղարաբաղյան խնդրի արծարծումն, իհարկե, նկատվեց` Եվրասիական միության ծրագրերի, ինչպես նաև` դրա հետ շաղկապված ռուս-ուկրաինական կամ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների հետ կապված: Այսինքն` ղարաբաղյան հարցի շուրջ միջազգային իրավիճակը ենթարկվում է փոփոխության, և այս կամ այն երկրները դիրքորոշումներ են հայտնում: Եղած դիրքորոշումներից ամենաուշագրավը Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունն էր Բաքվում, որովհետև նա, փաստորեն, առանձնացրեց Եվրասիական տնտեսական միությունը ղարաբաղյան խնդրի կարգավորումից: Նա ասաց` սա ուրիշ սուբյեկտ է և որևէ կապ չունի այս ինտեգրացիոն նախագծի հետ:

Դա, իհարկե, ուշագրավ հայտարարություն է, որն իր մեջ պարունակում է մոտեցում, թեև այդ մոտեցումն առայժմ պարզ չէ: Հիշում եք` երբ ասպարեզ եկան հայ-թուրքական արձանագրությունները, սկսվեց միջազգային վեճ, թե ղարաբաղյան խնդիրը կապ ունի՞ հայ-թուրքական հարաբերությունների հետ, թե՞ ոչ: Ռուսաստանը միանշանակ ասաց` կապ չունի, հետո Միացյալ Նահանգները հայտարարեց, հետո եղան հակառակ պնդումներ, որ դա միասնական խնդիր է: Այսինքն` երբ սկսվում է ինչ-որ միջազգային գործընթաց, որում ներգրավված են ղարաբաղյան խնդրի հակամարտող կողմերը, անմիջապես դիրքորոշումներ են արտահայտվում: Այժմ մենք դա տեսանք: Այդ դիրքորոշումների էությունը դեռ պարզ չէ, բայց պարզ է մի բան, որ արդեն իսկ բոլորը փորձում են հստակեցնել, թե որն է Լեռնային Ղարաբաղի տեղն այս միջազգային գործընթացներում:

- Լավրովի հայտարարությունը կարո՞ղ ենք Նազարբաևի հնչեցրածի շարունակությունը համարել:

- Իհա՛րկե շարունակությունն է, որովհետև նա առաջին հերթին` կրկնեց Նազարբաևի ասածը Հայաստանի վերաբերյալ, երկրորդը` ավելացրեց, որ սա լրիվ ուրիշ խնդիր է: Այսօր դժվար է ասել` այս ամենն ինչ է նշանակում և ինչ է փոխում գործընթացում, որովհետև արդիականն ուրիշ խնդիրներ են: Արդիականն այն է, որ Ռուսաստանն արդեն իսկ չի թաքցնում, որ ցանկանում է Ադրբեջանին ընդգրկել Եվրասիական և Մաքսային միության մեջ:

- Սակայն Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքում դրան:

- Այո՛, Ադրբեջանն էլ կտրուկ պատասխանում է` ոչ: Եվ Ռուսաստանը բավական հետաքրքիր ձևով է ասում, թե «տրամաբանական կլինի, որ Ադրբեջանը լինի այդ միության անդամ»: Ի՞նչ է նշանակում` «տրամաբանական կլինի», ո՞ր տրամաբանության մասին է խոսքը: Բայց Ադրբեջանն ինքն էլ բավական զգուշավոր է, որովհետև գոյություն ունի մի նոր հանգամանք, այն է` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին այդ նորագույն զենքերի տրամադրման հարցը, որն իրենց համար, իհարկե, ռազմավարական նշանակության խնդիր է: Եվ գուցե հենց դրա՞ հետ է կապված Ռուսաստանի պնդումը, թե տրամաբանական կլինի, որ Ադրբեջանը միանա Եվրասիական միությանը: Այսինքն` եթե զենքը վերցնում եք, ինչո՞ւ պետք է չմտնեք: Չեմ կարծում, որ այստեղ Ադրբեջանի վիճակն այդքան հեշտ է, որովհետև դա, բնականաբար, կապված է ուրիշ պայմանների հետ: Ռուսաստանը հենց այնպես զենք չի վաճառի, եթե պայմաններ չդնի այդ երկրի առջև: Մենք տեսանք` ինչպես են վատանում Ադրբեջանի հարաբերություններն Արևմուտքի հետ: Սկզբից ԱՄՆ-ի հետ ընդհարվեցին, հիմա արդեն` Եվրոպայի հետ:

- Ուրեմն Լավրովի այցը կապված էր նաև Ադրբեջան-Արևմուտք լարվածությա՞ն հետ:

- Անշուշտ: Ըստ իս` Ադրբեջանին ամեն կերպ հասկացնում են, որ նրա դրեյֆը դեպի Արևմուտք անընդունելի է Ռուսաստանի համար: Դա է, որ բարդ իրավիճակի մեջ է դնում Ադրբեջանին:

- Այդ դեպքում ի՞նչ է առաջարկում Ռուսաստանն Ադրբեջանին, ինչի՞ դիմաց Ադրբեջանը պետք է չլավացնի հարաբերություններն Արևմուտքի հետ:

- Առաջինը, նախ` տրամադրում է նորագույն զինատեսակներ, որոնք չի տալիս Հայաստանին: Սա շատ լուրջ խնդիր է: Երկրորդը` գոյություն ունի Ուկրաինայի խնդիր, Ղրիմի պատմություն, որը, կարծես թե, ինչ-որ ձևով կախում են Ադրբեջանի վրա: Նա, մի կողմից` զենք է տրամադրում, բայց մյուս կողմից էլ` սպառնալիքներ է կախում Ադրբեջանի վրա: Այդ սպառնալիքների մասին պարզ խոսել են ամերիկացիները, ովքեր հայտարարեցին` Ադրբեջանի ինքնիշխանությունը վտանգի տակ է, և միայն ԱՄՆ-ը կարող է պաշտպանել Ադրբեջանին: Այսինքն` գոյություն ունի սպառնալիքների փաթեթ և այդ թխվածքաբլիթը, որը տրվում է Ադրբեջանին, որպեսզի նա մտածի: Պարզ երևում է, որ Ադրբեջանը նյարդայնացած վիճակում է: Դա ակնհայտ է Ալիևի պահվածքից:

Այստեղ կարևորն այն է, որ մենք այս փոփոխություններն ենք տեսնում միջազգային հարաբերություններում, որոնք վերաբերում են բոլոր գերտերություններին և արտացոլվում են մեր տարածաշրջանում: Եվ այս համատեքստում Լավրովի այցը Հայաստան դատարկ մի բան էր: Նա չշոշափեց որևէ էական խնդիր: Ի՞նչ է նշանակում` Բաքվից հետո գալիս ես Երևան և որևէ էական բան չես ասում, մի երկու պատահական հարցերի ես պատասխանում ու թողնում գնում: Կարծում եմ` դրա պատճառը հենց այն է, որ Հայաստանի խնդիրներն այսօր շատ կապված են Ադրբեջանի հետ: Բավական դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը կընդունի Հայաստանին Եվրասիական տնտեսական միություն, եթե մինչ այդ չլուծի Ադրբեջանի հարցը: Եվ իզուր չէ, որ ամեն անգամ մի առիթ են գտնում և բարդացնում են Հայաստանի մուտքն այդ միավորում:

- Ձեր կարծիքով` ի՞նչ են խոսել ռուսներն ու ադրբեջանցիները Բաքվում Ղարաբաղի մասին: Ի՞նչ առևտուր է ընթացել:

- Բայց ի՞նչ առևտուր պետք է գնա, եթե Ռուսաստանը փակել է առևտուրը. ասել է, որ այդ հարցը կապ չունի Եվրասիական միության հետ: Ռուսաստանի համար էլ դժվար է առևտրի գնալ ղարաբաղյան հարցով: Ղարաբաղյան հակամարտությունը միակ խնդիրն է, որը Ռուսաստանին թույլ է տալիս Ադրբեջանի հետ խոսել կոշտ լեզվով: Ի՞նչ կարող ես անել այդ խնդրի հետ:

- Իսկ ի՞նչ խնդիր է նա լուծում` զենք վաճառելով:

- Զենք վաճառելը շատ էական հարց է: Դա մեծ կախվածության մեջ է գցում Ադրբեջանին Ռուսաստանից: Երկրորդը` դա սպառնալիքի նոր աղբյուր է, որովհետև, եթե Ադրբեջանը զենք է ստանում Ռուսաստանից, վաղը նա կարող է տեսնել` ինչպես են նմանատիպ զենքեր`գուցե ավելի որակյալ, տրվում Հայաստանին: Ամբողջովին կապում են երկրի ձեռքերը, և Ադրբեջանի այսօրվա կաշկանդված վիճակը հենց դրանից է. մի կողմից` նա ստանում է այն, ինչի մասին երազում է, մյուս կողմից` դա շատ թանկ է նստում նրա վրա: Այդ կաշկանդված վիճակի պատճառով է Ադրբեջանը կռվում բոլորի հետ: Այս ամենը շատ պարզ երևում է, այդ պատճառով բավական դժվար է ասել, որ որևէ մեկը կարող է միակողմանի քայլերի գնալ ղարաբաղյան հարցում:

Եթե մենք հիշենք, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը մինչ իր ելույթը բավական երկար ժամանակ պարզություններ էր մտցնում ղարաբաղյան խնդրում, ակնհայտ է դառնում, որ դա նույնպես այս քաղաքականության շղթան է, որովհետև Ուորլիքի այդ հայտարարությամբ ԱՄՆ-ը ընդամենը հիշեցրել է բոլորին խաղի կանոնները, որից հետո բոլորը, այդ թվում` Ռուսաստանը, համաձայնել են: Ասված է, որ հանկարծ որևէ մեկը միակողմանի քայլերի չդիմի:

Այս իմաստով ռուս փորձագետների վերջին հրապարակումներն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ձևեր են: Օրինակ` Կոլերովն իր կետերը հրապարակեց նույն օրը, երբ Լավրովը Բաքվում էր: Եվ այդ օրը հրապարակվում է Ադրբեջանի համար մի անընդունելի մոտեցում, որը կարելի է ընդունել` որպես սպառնալիք:

- Օրինակ` այն կետը, որ ԼՂՀ-ն պետք է ճանաչվի Հայաստանից անկախ, անընդունելի՞ է Ադրբեջանի համար:

- Իրենց բացարձակապես Հայաստանի հարցը չի հետաքրքրում: Ադրբեջանին հետաքրքրում է` Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից անկախ ճանաչվո՞ւմ է, թե՞ ոչ: Ըստ Կոլերովի` այո՛, այն էլ` տարածքներով: Մյուս կետերն Ադրբեջանին չեն հետաքրքրում:

- Այսինքն` դա ավելի շատ Ադրբեջանին էր վերաբերում, քան Հայաստանին:

- Հայաստանին ընդհանրապես ոչինչ չի վերաբերում: Անգամ հուլիսի 1-ի ժամկետը, որը նշանակվել էր` որպես Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման պայմանագրի մշակման վերջնաժամկետ, իրականում տրվել էր Ադրբեջանին, ոչ թե Հայաստանին: Այդ ժամկետն Ադրբեջանի համար էր, և երբ Հայաստանը քայլեր չարեց, Հայաստանը մոռացվեց: Կուզեն` կկանչեն, կուզեն` չեն կանչի:

- Ուրեմն հնարավո՞ր է, որ Ռուսաստանը ձգձգի Հայաստանի անդամակցման հարցը` փորձելով մինչ այդ ինչ-որ կերպ շահագրգռել Ադրբեջանին:

- Ոչ թե հնարավոր է, այլ հենց դա է պարզ երևացող գիծը, որ նրանք աշխատում են Ադրբեջանի հետ, և Հայաստանի այնտեղ լինել-չլինելը երկրորդական հարց է: Ես չգիտեմ` եթե Ադրբեջանը միանա, ընդհանրապես Հայաստանին հիշելո՞ւ են, թե՞ ոչ:

- Սակայն, կարծես թե, քիչ հավանական է, որ Ադրբեջանը կմիանա:

- Իհա՛րկե քիչ հավանական է: Բայց այդպես է այսօր, և ի՞նչ իմանաս` ի՞նչ քայլեր են արվելու վաղը:

- Իսկ եթե Ռուսաստանը փորձի փոխել իր շեշտադրումները ղարաբաղյան հարցի վերաբերյալ իր մոտեցումներում:

- Եթե Ռուսաստանը սկսի հօգուտ Հայաստանի խոսել, Ադրբեջանն առիթ կգտնի և կսկսի հեռանալ դեպի Արևմուտք: Իհարկե, մենք չգիտենք Արևմուտքի` այսօրվա տեսակետները: Ես չեմ կարծում, որ Արևմուտքում էլ հիմա ցանկություն կա ամեն գնով Ադրբեջանին շեղել դեպի արևմտյան արժեքներ: Հենց դա էլ կարող է բարդացնել Ադրբեջանի վիճակը:

- Երևանում Հայաստանի արտգործնախարարը «երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին` որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի` հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական ջանքերի համար»: Ռուսաստանի քայլերը չե՞ն հակասում խաղաղության գործընթացին:

- Իհարկե հակասում են, եթե նա հակամարտության գոտում կողմերից մեկին միակողմանի զինում է: Խնդիրն այն է, որ Հայաստանը որևէ բան չի ասում այդ առումով: Հակառակը` Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ դա Ռուսաստանի իրավունքն է: Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որը նույնպես պարտավորվել է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, Մինսկի խմբում էլ բազմիցս խոսել է այդ մասին: Բայց դա հիմք է, որ Հայաստանը դնի այդ խնդիրը, ասի` ինչի՞ հետ է սա կապված: Այս հարցերը Հայաստանի կողմից չեն բարձրացվում:

- Մյուս կողմից` Ռուսաստանի փորձագիտական, քարոզչական շրջանակներն ասում են, որ Ռուսաստանը Հայաստանին էլ անվճար է զենք տրամադրում: Այդ դեպքում նա իրավունք չունի՞ Ադրբեջանին զենք վաճառել:

- Չի տալիս: Ո՞ւր են «C-90» տանկերը Հայաստանում, ո՞ւր են ինքնաթիռները, «Սմերչ» համակարգերը:

- Գուցե դա գաղտնի՞ է պահվում:

- Հնարավոր չէ գաղտնի պահել: Բոլորը գիտեն, որ Հայաստանում կա «C-300»:

- Ուրեմն ռազմական հավասարակշռություն չի՞ պահպանվում:

- Իհա՛րկե չի պահպանվում: Խնդիրը հենց դա է, որ Հայաստանում նախկին խորհրդային զենքերն են, իսկ Ադրբեջանում` նորագույն ռուսական զինատեսակներ: Ռուսաստանին դա ձեռնտու է: Նա կասի` ես կգամ, քեզ կպաշտպանեմ, քո ի՞նչ գործն է, իմ ՄԻԳ-երը, ուղղաթիռները, իմ բազան այստեղ է: Արատավոր քաղաքականություն է, որին Հայաստանը երբևէ պետք է չհամաձայներ, որովհետև այդ զենքերը դու չես կառավարում: Ռուսաստանը կուզի` կպաշտպանի, կուզի` քեզ սադրանքի կենթարկի, կթողնի թուրքի բերանը, ինչպես եղել է պատմականորեն:

Սա պաշտպանական այն համակարգը չէ, որը Հայաստանը պիտի որդեգրեր: Ես բազմիցս ասել եմ` երբ Ռուսաստանն արհամարհում է Հայաստանի շահերը և զենք է վաճառում, նրա վրա ազդելու միակ արդյունավետ ձևը պահանջն է` Հայաստանի տարածքից հանել ռուսական բազան: Սա արդյունավետ ձև է, որովհետև դրանով դու խփում ես Ռուսաստանի լուրջ ռազմավարական շահերին: Այսինքն` եթե զենք ես տալիս Ադրբեջանին, այստեղ չես լինելու: Բայց մարդիկ Հայաստանում սարսափում են անգամ մտածել նման բաների մասին: Ինչո՞ւ ես սարսափում, երբ զենքը տալիս է քո թշնամուն, իսկ այստեղ իր բանակով քո ձեռքերը կապում է: Գոնե այս մեկից կարո՞ղ ես ազատվել:

Էլ չեմ ասում, որ դա Ռուսաստանին կստիպի քայլ անելուց առաջ հազար անգամ մտածել: Եթե նա այստեղից դուրս գա, դատարկ տեղ չի մնա: Տարրական բան է` երբ ազատ ես, և որևէ ուժ այստեղ չկա, փնտրում ես անվտանգության այլ համակարգ: Այս հարցերը կարելի՞ է առնվազն քննարկել:

Հատկանշականն այն է, որ Հայաստանի ռուսամետ ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում բացատրություն տալ, թե ինչու է Ռուսաստանը զինում Ադրբեջանին: Առաջին անգամ նրանք ցայտնոտի մեջ են հայտնվել: Նրանք չեն կարող արդարացնել Ռուսաստանին, բայց բացատրելը` ինչու է ռուսը զենք տալիս ադրբեջանցիներին, նշանակում է` արդարացնել Ռուսաստանին: Դրա համար էլ կասկածները դեպի Ռուսաստան մեծանում են: Նրանք, ովքեր փորձում էին արդարացնել Ռուսաստանին, լռում են ու պիտի լռեն: Իհարկե, բարդ վիճակ է: Այդպիսի երկիր է Ռուսաստանը, ցինիկ երկիր է, նրա խոսքը որևէ արժեք չունի: Նա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից էր, չէ՞: Ի՞նչ եղավ վերջում:

168.am