ՀՀ նախագահի նստավայր

Հարցազրույց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի հետ

-Ինչպիսի՞ տպավորություններ ունեք ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթից, թեկնածուներից ով ինչպես է քարոզարշավը տանում, եւ ում ընտրած տարբերակը կարող է հասարակության վրա մեծ ազդեցություն գործել: Տեսակետ կա, որ հասարակության մոտ մեծ է հիասթափությունը:

 

- Քարոզարշավը ցույց է տալիս, որ հասարակությունը շարունակում է չվստահել ընտրություններ կոչվող գործընթացին՝ հղում անելով անցյալի դառը փորձին, ինչպես նաեւ ներկայում կատարվող անօրինություններին, ինչպես, օրինակ, իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառումը, տարբեր տեսակի ճնշումները, ցուցակների հետ կապված խնդիրը չի լուծվում, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել: Մարդկանց կարծես այս հարցերն են հիմնականում հուզում, մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչ են անելու թեկնածուները այս մթնոլորտում հաղթանակի հասնելու համար եւ թեկնածուները՝ ուզեն, թե ոչ, պետք է այս հարցերին անդրադառնան:

- Բայց թեկնածուները կարծես կտրված լինեն այդ իրականությունից, օրինակ, Բագրատյանը շեշտը դրել է տնտեսական բլոկի վրա, Րաֆֆի Հովհաննիսյանը սահմանափակվում է մարդկանց բարեւելով եւ ժպտալով, մյուսների գործն էլ այս թեկնածուներին մրոտելն է:

- Նախ ասեմ, որ մասամբ եմ կիսում թեկնածուների քարոզարշավի վերաբերյալ Ձեր հնչեցրած գնահատականը: Առաջին շաբաթվա ընթացքում թեկնածուներն ընդհանուր առմամբ բավարար չեն անդրադարձել այսօրվա ամենաակտուալ խնդիրներին, բայց դա չի նշանակում, որ ընդհանրապես չեն անդրադարձել։ Եթե թեկնածուները ցանկանում են, որ քաղաքացիներն ակտիվ մասնակցեն ընտրություններին, ապա շատ կարեւոր է, որ թեկնածուներն իրենց թիմերով հանդերձ հենց քարոզարշավի ժամանակահատվածի ընթացքում կարողանան որոշ կոնկրետ հարցեր լուծեն, հարցեր, որոնք խոչընդոտում են ազատ եւ արդար ընտրությունների կայացմանը, այդպիսով, հասարակությունը կարող է հույս ունենալ, որ քվեարկության օրվա ընթացքում էլ կարող են բան փոխել իրենց ակտիվ մասնակցությամբ: Եթե մարդիկ տեսնեն, որ թեկնածուները չեն կարողանում որեւէ կեղծիքի դեմն առնել հենց այսօր, ապա նվազ ոգեւորությամբ եւ վստահությամբ կվերաբերվեն ընտրություններին:

- Թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանն էլ հացադուլի միջոցով է փորձում հարց լուծել, բայց նրա պահանջն այնքան անիրատեսական է, որ… Պայքարի այս ձեւն ի՞նչպես եք գնահատում: Բոլորովին տարբեր պատկերներ են ստեղծվել. թեկնածուների մի մասը շատ հանգիստ քարոզարշավ է տանում, մեկը ծայրահեղ միջոցի է դիմել եւ չի մասնակցում ընտրարշավին ու պահանջում է, որ ԿԸՀ-ն չեղյալ համարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

- Հացադուլը քաղաքական պայքարի շատ հզոր եւ ծայրահեղ գործիքներից է, եւ դրան սովորաբար դիմում են որպես պայքարի վերջին միջոցի: Կոնկրետ այս հացադուլը պետք է դիտարկել որպես շոկային թերապիայի գործիք, այն ավելի շատ ուղղված է հասարակությանը, դրդում է մարդկանց դիրքորոշում ցուցաբերել, վերանայել քաղաքական գործընթացի նկատմամբ իրենց մոտեցումները: Ես կարծում եմ, որ Անդրիաս Ղուկասյանը հացադուլի է դիմել՝ ելնելով այն գնահատականից, որ այնքան է խորացել կեղծիքը, հիասթափությունը, որ դրանից դուրս գալու համար ոչ ստանդարտ, շոկային իրավիճակ է պետք ստեղծել, եւ իր այդ ինքնազոհությունն էլ հենց այդ նպատակն ունի: Որոշ չափով հասարակության կողմից արդեն արձագանք կա, ակտիվացել են քննարկումներն այն հարցի վերաբերյալ, թե որն է այս ռեժիմի դեմ պայքարելու ճիշտ ուղին: Ի վերջո, մարդիկ, իմանալով հացադուլի մասին, նաեւ մարդկայնորեն ազդվում են եւ սկսում մտածել՝ «այսքան վատ է իրավիճակը, որ թեկնածուն նման քայլի է դիմում, եւ ինչ-որ բան հենց հիմա պետք է անել՝ երկրում իրավիճակը փոխելու համար, որ այդ մարդը հացադուլից դուրս գա»:

Իսկ այն թեկնածուները, ովքեր կողմ են ընտրություններին մասնակցելուն, կարող եմ ենթադրել, որ հիմնականում մտածում են, որ, չնայած ամեն ինչի, երկրում կա որոշակի, թեկուզեւ շատ փոքր հնարավորություն հասարակությանը ոտքի կանգնեցնելու եւ դրա արդյունքում հաղթանակ ապահովելու համար: Մտածում են, որ եթե կա թեկուզ փոքր հավանականություն հաղթելու, ապա ինչո՞ւ չմասնակցել: Մյուս կողմից էլ, կարծում եմ, որ նրանց համար անհասկանալի է, թե ինչ է բերելու չմասնակցությունը, քանի որ, միեւնույն է, այդ դեպքում Սերժ Սարգսյանը դառնալու է նախագահ։ Ենթադրում եմ, որ նրանք խորը կասկած ունեն, որ ընտրություններից դուրս հնարավոր կլինի հաղթել իշխանություններին եւ հասնել համակարգային փոփոխությունների։

Սակայն պետք է նշել, որ ընդդիմադիր խմբերի եւ ընդհանուր առմամբ, դեմոկրատական հանրության շահերից է բխում, որ չլինի դիմակայություն «մասնակցության» եւ «չմասնակցության» կողմնակիցների միջեւ, վերջիվերջո իշխանությունների վերարտադրման դեպքում բոլորն էլ հայտնվելու են միեւնույն դաշտում։

- Պետք է ասել, որ այս երկու հակադիր իրողությունները բավական ընդգծվում են, չե՞ք կարծում, որ նաեւ արհեստականորեն, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ ընտրությունները մշտապես կեղծվում է, բայց հույսներս չենք կորցնում եւ պայքարից չենք նահանջում, իսկ Անդրիաս Ղուկասյանն ընդգծում է, որ եթե Սերժ Սարգսյանը մասնակցեց, ընտրություն չի լինելու:

- Չեմ կարծում, որ դա արհեստականորեն է արվում, եւ ինչ-որ մեկը «վերեւներից» կամ այլ «տեղերից» ստեղծել է այս իրավիճակը, սա հասարակությունում առկա մտածողությունների արտացոլման արդյունք է: Սա մտածողության խնդիր է, մոտեցման հարց է: Այս պայմաններում, կարծում եմ, որ ջանքեր պետք է գործադրվեն, որպեսզի գործողությունների ինչ-որ ընդհանուր օրակարգ ձեւավորվի: Օրինակ, նման մի երեւույթի արդեն ականատես եղանք՝ երեք թեկնածուներ համատեղ հայտարարությամբ ինչ-որ պահանջներ ներկայացրին իշխանություններին։ Նման նախաձեռնություններ պետք է շատ լինեն, առհասարակ, ռեժիմի արատները բացահայտելու եւ ճնշում գործադրելու առումով ընդհանուր օրակարգ պետք է ձեւավորել: Ինչքան շատ կոռուպցիոն բացահայտումներ լինեն, ինչքան շատ լուրջ եւ կոշտ քննադատություն, ճնշում լինի, այնքան լավ: Բոլոր տեսակի ընդդիմադիրների շահերից է բխում, որ հասարակությունն ակտիվ լինի, որ հասարակությունը չհնազանդվի իշխանությունների պարտադրած խաղի կանոններին, որ հասարակությունը ճնշումներ գործադրի իշխանության վրա, ուրեմն այս հարցերի շուրջ կարող են համագործակցել տարբեր ընդդիմադիր քաղաքական-քաղաքացիական խմբեր եւ համատեղ, միասնական մոտեցում ունենալ այդ առումով:

- Քարոզչության ի՞նչ մեխանիզմով կարելի է հասարակության մոտ կտրուկ տրամադրություն փոխել, պասիվ, հուսահատված հասարակությանն ակտիվացնել: Ինձ թվում է՝ բացակայում է սուր քննադատությունը:

- Այս պայմաններում վերը նշված համար մեկ խնդիրը պետք է փորձեն լուծել, այսինքն՝ պետք է կարողանան հանրությանը ներկայացնել, թե ինչ կարող են անել, ինչ են պատրաստվում անել հաղթանակին հասնելու համար: Անելիքները բաժանեն փուլերի եւ քարոզարշավի ժամանակ քայլ առ քայլ հաջողություններ գրանցելով՝ շարժվեն դեպի առաջ։ Լավ է թե վատ, բայց փաստ է, որ սոցիալ-տնտեսական ծրագրերին հանրությունն այսօր շատ քիչ ուշադրություն է դարձնում։ Հանրությունը հասկանում է, որ Հայաստանի հիմնական խնդիրը իշխանությունների վատ սոցիալ-տնտեսական ծրագիրը չէ, հիմնականում այդ ծրագրի պատճառով չէ, որ ինքն այսքան վատ է ապրում։ Հիմնական խնդիրները համակարգային կոռուպցիան է, թայֆայականությունը, կլանային համակարգը, զոռբայությունը, արդարադատության խիստ դեֆիցիտը եւ այլն:

Կարծում եմ, որ քարոզարշավի ժամանակ գործող ռեժիմի նկատմամբ հստակ, սուր քննադատությունը եւ թվարկված հիմնական խնդիրների մի մեծ մասը հենց քարոզարշավի ժամանակ հաղթահարելու ճանապարհային քարտեզի ներկայացումը եւ այդ ուղղությամբ իրականացվող կոնկրետ գործերը պետք է լինեն ուշադրության կենտրոնում, ինչը գրեթե չնկատվեց քարոզարշավի առաջին շաբաթվա ժամանակ: Թեպետ արդարության համար պետք է նշեմ, որ շաբաթվա վերջում զգացվում էր, որ որոշ թեկնածուներ արդեն սկսել են մի փոքր ուշադրություն դարձնել այս խնդրին: Հայաստանի նման պետություններում, երբ չկա ժողովրդավարություն, սովորական քարոզարշավով երբեք ընդդիմադիր ուժը, թեկնածուն հաջողության չի կարող հասնել, սովորական քարոզարշավը հավասար պայմանների ժամանակ է ընդունելի: Իսկ մեզ մոտ, եթե ընդդիմադիրները ցանկանում են «ընտրություններով» հաղթել, առնվազն պետք է նպաստեն հեղափոխական իրավիճակ ստեղծելուն եւ չեզոքացնեն կեղծիքի մեքենան:

Hraparak.am