Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանի հետ
-Պարոն Սարգսյան, հայրենական լրատվամիջոցներում, ինչպես նաև առանձին քաղաքական գործիչների կողմից հաճախ հնչում են հայտարարություններ, որ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի պահանջները իռացիոնալ են և անիրականանալի: Իռացիոնա՞լ է արդյոք «Վերջ շինծու ընտրություններին» պահանջը:
- Թերևս պետք է տեսնել, թե նման հայտարարություններ անողները որ իրականության մեջ են ապրում, հենց այս է խնդիրը, որ մարդիկ ապրում են մի իրականության մեջ, որը գոյություն չունի: Սա լրիվ այլ իրականություն է, որը կամ մարդիկ ցանկություն չունեն տեսնելու, կամ ձեռնտու չէ տեսնելը, կամ ի վիճակի չեն տեսնել: Այստեղ իռացիոնալ բան չկա, հստակ դրված է, որ այս ընտրությունները օրինական չեն կարող լինել մինչև այն ժամանակ, քանի դեռ իշխանության թեկնածուն մասնակցում է, ո՞ւմ համար է դա անհասկանալի: Կա՞ նման մարդ, որ չգիտի`եթե մասնակցում է իշխանության թեկնածուն, ընտրությունները կեղծվում են, ժողովուրդը հնարավորություն չի ունենում ազատ ընտրություն կատարելու: Գիտե՞ք, մենք պետք է տեսնենք, թե որտեղից է գալիս իռացիոնալությունը: Շատ մարդիկ, գործիչներ անցյալում, անցյալ ընտրություններում հայտարարում էին, որ եթե ընտրությունները չկեղծվեն, մեր թեկնածուն կհաղթի, եթե պայքարենք միասին, տեր կանգնենք մեր ձայնին ու իրավունքներին: Այնուհետև, ընտրություններից հետո նույն մարդիկ հայտարարում էին`ընտրությունները հերթական անգամ կեղծվեցին: Շատերի համար այս մոտեցումը ռացիոնալ է, շատ հանգիստ կուսակցությունը կարող է վեր կենալ ասել` եթե.. եթե.. մենք կհաղթենք: Այս է այն ռացիոնալ աշխարհը, որում մարդիկ մինչև հիմա ապրում են: Սակայն ներկա հասարակության մեջ ասպարեզ են եկել մարդիկ, ովքեր դուրս են եկել «եթե»-ների դեմ և պատրաստ են պայքարել: Ի վերջո մենք ականատես ենք, մեղմ ասած, բավական տարօրինակ իրողության, երբ քաղաքական կուսակցություններն ու գործիչները հայտարարում են, որ ընտրությունները օրինական չեն, կեղծվելու են, ու այնուհանդերձ մասնակցում են դրանց, այս դեպքում արդեն շատ դժվար է տարազատել իռացիոնալը ռացիոնալից:
-Պարոն Սարգսյան, իսկ ինչպե՞ս կգնահատեիք մեր հասարակության քաղաքական գիտակցության մակարդակը:
-Հասարակության քաղաքական գիտակցությունն ավելի շատ ավտորիտար բնույթ է կրում`ով կգա, ով կլինի, որ ամեն ինչ գիտի, ով է այն մեկը, որի շուրջ բոլորս պետք է համախմբվենք, ու նա մեզ փրկի: Մարդն ինքն անձամբ չի ձևակերպում իր խնդիրները, որոնցում ինքը պատասխանատվություն վերցնող պետք է լինի: Քաղաքացին չի հասկանում կամ չի ուզում հասկանալ, որ եթե ինքն այսպես կամ այնպես անի, իրականությունը կփոխվի:
-Ի՞նչ եք կարծում, այդ սինդրոմը ո՞ւնի պատմական արմատներ, չէ՞ որ հայ ժողովուրդը դարեր շարունակ սպասել է զանազան փրկիչների և համախմբողների:
-Չեմ կարծում, որ տեղին է դա համարել պատմականորեն ձևավորված, քանի որ ոչ վաղ անցյալում մենք ունեցանք Ղարաբաղյան շարժում: Արցախյան շարժման սկզբից ի վեր, կարելի է ասել, ամբողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց` չսպասելով ոչ ոքի գալստյանը, հստակ գիտակցելով խնդիրը: Սակայն հետագա քսան տարիներին ներքաղաքական կյանքում իշխանության ձևավորման, պետական շինարարության ընթացքում հայտնվեցին մարդիկ, ովքեր հրաժարվեցին որոշումներ ընդունելու ցանկությունից ու դիմեցին «մեկը գա մի բան անի» լուծմանը, ու դա շարունակվում է մինչև օրս: Շատերի համար դա դարձել է ռացիոնալ «գործունեություն», իսկ երբ փորձում ես բացատրել, որ նման մոտեցումն արատավոր է, մարդիկ զարմանում են, թե ինչ կապ ունի՝ ովքեր են ընդունում որոշում, ժողովուրդը որոշում ընդունում է, թե ոչ: Դրանք երկրորդական բաներ են համարում, իսկ հետո երբ հարցնում ես՝ ի՞նչն է կարևոր, ոչ ոք չգիտի՝ ինչն է կարևոր: Ի դեպ՝ ներկայումս շատ են մարդիկ, ովքեր գիտեն, թե վերջին քսան տարում իրենք գտնվել են քաղաքականության մեջ, զբաղվել քաղաքականությամբ, իսկ այն ամենն ինչ իրենք չեն անում, դա քաղաքականություն չէ: Կան, այսպես կոչված, «մարդ-կուսակցություններ», ովքեր, մի կնիք դնելով գրպանները, զբաղվել են երևի ինչ-որ ստվերային առևտրով` համոզված լինելով, թե իրենք քաղաքականության մեջ են:
Աղասի ՄԱՐԳԱՐՅԱՆ