Ոչ թե հայտարարությունները, այլ որոշումներն ու գործողություններն են կարեւոր

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը 

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է, ինչին հաջորդեց Ադրբեջանի իշխանությունների կոշտ արձագանքը: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունն ու ընդհանրապես ստեղծված իրավիճակը:

Դեռևս մի քանի տարի առաջ Հայաստանը ԵԱՀԿ գագաթաժողովում հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի` մենք կճանաչենք Ղարաբաղը և օգնություն կցուցաբերենք: Դրանից հետո, երբ Հայաստանը մտնում էր ԵՏՄ, Սերժ Սարգսյանը շատ զարմացած տեսքով ասում էր՝ ո՞վ է ասել, Ղարաբաղը Հայաստան է, մեր պատկերացումներով` Ղարաբաղը Հայաստան չի: Հիմա էլ իրավիճակը սրվել է, վեր է կացել, ասում է՝ Ղարաբաղը Հայաստանի մաս է: Նման բաներին կարելի՞ է լուրջ վերաբերվել: Այսինքն, քանի դեռ որոշումներ չկան, նման հայտարարությունները Հայաստանի դիվանագիտության մեջ արժեք չունեն: Դրա համար էլ մեզ այդպես էլ վերաբերվում են: 

Այսինքն սա  հայտարարություն էր հայտարարության համա՞ր: 

Ես չգիտեմ սա պարզապես հայտարարություն է, թե ոչ, բայց դա գալիս է կոնկրետ որոշումից: Եթե կլինի որոշում, այդ ժամանակ կմեկնաբանենք, որովհետև այս երկրում հայտարարություններն անիմաստ բան են, ով ինչ ուզում հայտարարում է, ում ինչպես ձեռնտու է, այդպես էլ հայտարարում է: 

Ադրբեջանի պատասխանն էլ չուշացավ այդ հայտարարությանը: 

Դե, Ադրբեջանի մասին խոսել պետք էլ չի, քանի որ այդ երկրի քաղաքականությունը շատ պարզ ու հստակ է, և նրանք տարիներ շարունակ անում են նույն բանը: Ադրբեջանի քաղաքականության ողջ իմաստն այն է, որ բոլորը հաշվի նստեն իրենց հետ, ինչ միջոցով էլ լինի: Նրանց ԱԳ նախարար Մամեդյարովն էլ ՄԱԿ-ի հանդիպումների ժամանակ պարզ ու հստակ հայտարարել է՝ մեր դիրքորոշումը սա է, սա մեր երկիրն է, բոլորդ պիտի ճանաչեք, եթե ոչ՝ մենք անում ենք այն, ինչ որ անում ենք: 

Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ այս անգամ Մինսկի խմբի համանախագահներն, ըստ էության, հավասարության նշան դրեցին հայկական ու ադրբեջանական կողմերի միջև՝ նշելով, որ չեն կարող պարզել, թե որտեղից է ծագել բռնությունը: 

Մինսկի խումբը տարվա սկզբին հավասարության նշան չի դրել, և դա պատահական չէ, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը թույլ է տվել անհավասար մոտեցում ցուցաբերել և Ադրբեջանին պարտադրել, որ իր ստանձնած պարտավորությունները կատարի, Հայաստանն էլ ջանքեր գործադրի լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Այս անգամ փորձել են հավասարության նշան դնել, եւ այդտեղ երկու հանգամանք կա. առաջինն այն է, որ ըստ երևույթին կողմերի գործողություններում տարբերություն չեն տեսել, երկրորդ՝ տպավորություն է, որ այս իրավիճակում համանախագահները ձեռքերը լվացել են, իբր, մենք չգիտենք ինչպես անենք, ինչ անենք: Միակ էական նշանակություն ունեցող բանն այն է, որ նրանք առաջարկել են, որ ԵԱՀԿ-ն դիտորդական առաքելություն ունենա, որպեսզի կարողանա տեղում պարզել՝ ինչ է կատարվում: Այդ առաջարկը Ադրբեջանի ԱԳ նախարարը միանգամից մերժել է՝ ասելով, որ դա նշանակում է ստատուս քվոն պահպանել: Սա նշանակում է, որ Ադրբեջանի գործողությունները հենց նրա համար են, որ ոչ մի կերպ չպահպանվի ստատուս-քվոն: Սա էլ է շատ հստակ: Միակ անհստակ բանը Հայաստանի հայտարարություններն են, որոնք պարզապես հայտարարություններ են, ուրիշ ոչինչ: Հայաստանը հայտարարել է, որ պարզելու է հրաման տվողից մինչև զինվոր և պատժելու են մեղավորներին, նաև հայտարարվել է, որ օգտագործվելու է ծանր զենք, սակայն իրականության մեջ, քանի դեռ գործողություններ չկան, այդ հայտարարությունները գնահատելը բավական դժվար է՝ սա հերթական կրակոցն է օդում, թե ավելի լուրջ բան է: 

Ձեր կարծիքով, ի վերջո, ի՞նչ է կատարվում սահմանին: Սա լայնամասշտաբ պատերազմի կվերածվի՞, թե այսպես կշարունակվի: 

Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, ինչ-որ քաղաքական գիծ ունի: Ինչ-որ ժամանակ եղել է դիպուկահարների պատերազմ, հետո նրանք տեսան, որ դա արդյունավետ չի, սկսեցին կիրառել դիվերսիոն խմբերի գործողություններ, որոնց միջոցով շարունակում էին իրենց ռազմական դիվանագիտությունը, ինչը մթնոլորտ կարող է ստեղծել քաղաքական գործընթացներն ի նպաստ իրենց տանելու համար: 2014 թվականի օգոստոսին տապալվեց Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների ռազմավարությունը, որովհետև ահավոր ձևով պատժվեցին, մեծ կորուստներ ունեցան և հասկացան, որ դա արդյունավետ չէ: Հիմա էլ սկսել են խոշոր զենքեր օգտագործելու, հետևից խփելու քաղաքականությունը, որը շարունակում են՝ հույս ունենալով, որ ազդեցություն կթողնի: 

Ադրբեջանի մոտեցումները պարզ են, Հայաստանն էլ կարծեք թե մոտենում է այն կետին, որ պատժիչ գործողությունների կոնցեպտը վերցնի: Ես ճիշտն ասած լավ չհասկացա՝ իրենք լավ պատկերացնո՞ւմ են պատժիչ գործողությունները: Անընդհատ ինչ-որ տերմին են օգտագործում՝ համաչափ կամ անհամաչափ պատասխան տալու մասին, որն արդեն իսկ ցույց է տալիս, որ լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում պատժիչ գործողություն: Ու հիմա իրավիճակն այսպես օդում կախված է: 

Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զենք մատակարարել, արդյոք այս օրերին Հայաստանը չպիտի՞ դատապարտի իր դաշնակցի նման գործողությունները: 

Հայաստանի կողմից ոչ մի քաղաքականություն չի եղել, ինչը թույլ է տվել Ադրբեջանին օգտագործել ծանր զենքեր: Դա արդյունքն է այն բանի, որ Ռուսաստանի քաղաքականությունը որևէ կերպ պատասխան չի ստացել: Դատապարտելը ո՞րն է, մանկապարտեզ է, ինչ է: Պարզապես Հայաստանը պետք է քաղաքական գիծ վարեր, որը Ռուսաստանին կդներ այնպիսի վիճակում, որ նա մտածեր՝ արժե՞ այդ զենքը Ադրբեջանին վաճառել, թե ոչ: Նման քաղաքականություն չի վարվել, հակառակը, այսօր հայտարարում են, որ ՀԱՊԿ-ի ինչ-որ զորավարժություններ են ընթանում Հայաստանում: Սահմանին պատերազմ է, իսկ ՀԱՊԿ-ն այստեղ ինչ-որ զորավարժություններ է անցկացնում, չգիտես, թե ինչու: ՀԱՊԿ-ը պատերազմի հետ կապված ոչ մի հայտարարություն չի արել և այդ պայմաններում մեր իշխանություններն, ընդհանրապես, ինչո՞ւ են թույլ տվել ՀԱՊԿ-ին մտնել Հայաստան, դրա իմաստը ո՞րն է: Սա ցույց է տալիս, որ այն քաղաքականությունը, որը հիմա վարվում է, Ռուսաստանի ինչ-որ քաղաքականության շարունակությունն է, որը հանգեցնում է նրան, որ Ադրբեջանի դիրքերն ուժեղանում են: Ադրբեջանն էլ դրանից օգտվում է: 

Վերջին օրերին ավելացել է ապատեղեկատվությունը սահմանին տեղի ունեցող դեպքերի մասին: Ձեր կարծիքով ինչո՞վ է դա պայմանավորված և որտեղից է գալիս: 

Իսկապես, ահռելի քանակի ապատեղեկատվություն է տարածվում: Ես չգիտեմ, ընդհանրապես այդ սուտը որտեղից է գալիս, ինչ նպատակով է տարածվում, որ երկրներն են օգտագործում: Դա շատ վնասակար գործունեություն է, որի դեմ մի փոքր դիմադրություն կա սոցիալական ցանցերում, բայց դա շատ ինտենսիվ շարունակվում է: 

Օրերս լուրեր տարածվեցին, թե հայերը Տավուշի մարզում երկու դիրք են վերցրել, բայց որևէ շարունակություն չեղավ: Ինչո՞ւ դրա մասին հայտարարություն չի արվում: Եթե չեն վերցրել, պետք է հերքել և ասել, որ նման բան չի եղել: Բացի այդ, բազմաթիվ տեսանյութեր են տարածում՝ Ուկրաինայից ու Սիրիայից թխած նյութերով, իբր հայկական զորքը չգիտեմ ինչ է անում: Շատ ահավոր էր տեսանյութի և լուրի տարածելը, թե իբր հայ հովիվը նկարել է, թե ինչպես են գիշերով վառում ադրբեջանցիների ցորենի արտերը: Գիշերով այրվող արտի պատկեր են դրել, չգիտեմ որտեղից ինչ կադրեր էին վերցրել, հորինել ու րոպեն մեկ ցուցադրում էին հեռուստատեսությամբ: Այս աստիճանի կեղծումը ցույց է տալիս անորոշ ու անլուրջ վիճակը տեղեկատվական դաշտում:

Lragir.am