Manvel Sargsyan

Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, համատարած թանկացումները, ինչպես նաև գազի գնի թանկացումը երկրում ստեղծո՞ւմ են բունտի նախադրյալներ, թե՞ պարզապես հիմա շատ ավելի հստակ ձևակերպված պահանջների հետ գործ ունենք:

Չէի ասի, որ գործ ունենք շատ ավելի հստակ ձևակերպված պահանջների հետ, սակայն միանշանակ ակտիվմարդիկ վերջնականապես հոգնել են ընտրություններ կոչվող ցիկլից: 2008-ից հետո Հայաստանում նշմարված արտագաղթի նոր ալիքը շատերի մոտ էր հարց առաջացնում`ի վերջո ինչի հետևանք է դա: Որ մարդիկ հեռանում են երկրում ստեղծված դիսկոմֆորտից, կասկած չկա: Նրանք էլ, ովքեր ցանկություն չունեն հեռանալ, ստիպված են վերաիմաստավորել ազգային իրողությունները: Հայաստանում տարիներ շարունակ գործող ավանդական քաղաքական մթնոլորտն ինքնին հանգեցրեց նրան, որ հասարակությունը սկսեց արդեն այլ կերպ գնահատել իրավիճակը: Քաղաքացիների մտածողությունն ավելի ու ավելի ռացիոնալ է դառնում, և գոյություն ունեցող քաղաքական ավանդույթները, որոնց ինչ-որ ժամանակ հավատում էին, որոնց հետ հույսեր էին կապում, 2008-ից սկսեցին վերանայվել: Լայն շերտերում մարդիկ սկսեցին վերանայել իրենց պատկերացումները Հայաստանի խնդիրների, Հայաստանում վարվող ներքին քաղաքականության, քաղաքական էլիտայի վարվելաձևերի շուրջ: Այն, ինչ համոզիչ էր տասը տարի առաջ, հիմա արդեն համոզիչ չէ:

Հասարակության մեջ շատ խորքային վերանայում է կատարվում: 2008-ից սկսված գործընթացը հանգեցրեց նրան, որ քաղաքացիների մի մասն ուղղակի սկսեց տարածքը լքել`համոզվելով, որ այս ամենն անարդյունավետ է, նրանք չմտածեցին ուրիշ մոտեցումների մասին: Մարդկանց մոտ վերարթնացման պրոցես սկսվեց, որից հետո արդեն պետք է փորձեին հաղթահարել իրենք իրենց, և երբ չկարողացան հաղթահարել, սկսեցին երկրից փախչել:

Հիմա շատ ավելի բարդ երևույթներ են սկսել ի հայտ գալիս երկրում: Շատերն են հասկացել, որ նույն կրկնվող քաղաքական ալգորիթմի մեջ ոչ փոփոխություն, ոչ էլ  անգամ հեղափոխություն չի լինի: Մենք տեսնում ենք ուրիշ երևույթներ էլ, երբ մարդիկ էլ չեն ուզում որևէ մեկին լսել, հույս պահել, որ քաղաքական ուժերը կարող են ինչ-որ մի բան փոխել. Մարդիկ իրենք են մտնում պայքարի մեջ և փորձում ձևեր գտնել լուծելու այն խնդիրները, որոնք տվյալ պահին ամենաակտուալն են իրենց համար: Եթե գյուղացիներից խլում են ջուրը, նրանք փորձում են միանալ և պարտադրել գործող իշխանություններին չանել նման բան և վերադարձնել ջուրը: Մենք տեսնում ենք, որ մարդիկ փորձում են անմիջականորեն ձևակերպել խնդիրները և փորձել գնալ լուծումների:

Իհարկե, մենք տեսնում ենք և ագրեսիվության համընդհանուր աճ: Տարիներ շարունակ նման ագրեսիվություն մենք տեսնում էինք քաղաքական ուժերի շրջանակում, որոնք, գիտակցելով, որ ի վիճակի չեն ընտրությունների միջոցով իշխանության գալ, ագրեսիվություն էին ցուցաբերում անզորությունից: Բոլորը պայքարում էին բոլորի դեմ, մեղադրում էին հասարակությանը. Ցանկացած մեկը, ով համաձայն չէր իրենց հետ, իրենց թշնամին էր: Դա բերեց քաղաքական ուժերի սնանկացմանը և մեկուսացմանը: Այժմ կարծես թե այդ անզորությունը համընդհանուր վարակիչ դարձավ և թվում էր, որ համընդհանուր բնույթ կստանա: Սակայն, մենք տեսնում ենք անզորությունը հաղթահարելու միտումներ՝ աճող ագրեսիվությունն ընդունում է ուրիշ դրսևորումներ: Մարդիկ անմիջականորեն իշխող վարչակարգի դեմ իրենց վերջնագրերով և միահամուռ ջանքերով սկսեցին ստեղծել վերջինիս համար դժվար լուծելի վիճակներ: Դա բերեց ավելի խորքային ճգնաժամի, որն արդեն անմիջականորեն անդրադարձավ գործող ռեժիմի վրա: Անպտուղ հետընտրական վեճերին սովոր Հայաստանի գործող ռեժիմը դեռ հույս ունի, որ կհաղթահարի և այս երևույթները, սակայն արդեն հասկանում է, որ գործ ունի ուրիշ հակառակորդի հետ: Զավեշտալի է, երբ ժողովուրդը Արմավիրի մարզում դուրս եկավ ճանապարհ փակեց, ասաց` հիմա մենք գիտենք ձեզ ինչպես ենք պարտադրելու, իշխանությունն  ասաց` մենք մեր անձնական փողից կտանք ձեզ, մենակ թե մի արեք: Երևում է՝ ռեժիմն ինչպես է շփոթված: Էականն այն է, որ սա բունտ չէ, բունտի դեպքում ժողովուրդը նման ռացիոնալ ձևով չի մտածում, բունտի դեպքում մարդկանց մոտ տեղի է ունենում պայթյուն, և նրանց, ում մեղավոր են տեսնում, աննպատակ ջարդում են, փշրում, հեռացնում, ինչպես եղավ Ղրղզստանում: Մեզ մոտ միանգամից ավելի բարձր մակարդակ եղավ, մարդիկ հասկացան, որ ձևեր կգտնեն պարտադրելու, կստեղծեն իրավիճակներ, երբ իրենց կխնդրեն այս իրավիճակը վերացնել պայմանները կատարելու դիմաց:

Այսինքն` հարության  համար բացվում են դռներ, իշխանության մոտ ճգնաժա՞մ է խորանում:

Իշխանությունը, լինելով ինքնավստահ, արել է այն սխալը, որն օլիգարխիկ իշխանություններն անում են ամբողջ աշխարհում: Նրան թվացել է, թե ժողովուրդը երբևէ չի կարող գտնել իր դեմ պայքարելու մեխանիզմներ: Եվ երբ տեսնում է`ինչպես է ժողովուրդը դա անում, խառնվել է իրար. մի տեղ ժողովուրդն է ճանապարհը փակել, մյուս տեղում` Սևանի մայրուղու վրա, արդեն իրենք են ճանապարհը փակում: Գազի գնի հետ կապված քննարկումը ձախողվեց, ինչը ցույց է տալիս, որ համապատասխան օղակն ի վիճակի չէ քննարկել այն, որովհետև իրեն թույլ չեն տա քննարկել այն ձևերով, ինչ ձևով ինքն է ուզում: Մարդիկ հասկացել են ինչպես պայքարել, սա նոր իրավիճակ է, անգամ շատ դժվար է տեսնել` ինչպես է այն առնչվում քաղաքականության հետ:

Կարծում եմ` սա դեռ սկիզբն է, և այն արտագաղթը, որը գոյություն ունի, ինչ-որ տեղ խթան է այս երևույթին, քանի որ պայքարող մարդն այսօր նայելով մյուսին, տեսնում է իր հնարավոր տխուր ապագան, եթե այսօրվա  պայքարը վերջ չդնի անարդարությանը երկրի ներսում: Իհարկե, այս նոր վիճակում կան և մեծ դժվարություններ, որոնք պետք է հաղթահարվեն:

Դժվարություններ ասելով ի՞նչ նկատի ունեք:

Երբ մարդիկ ռացիոնալ են դառնում, իրենք համընդհանուր չեն գալիս այդ գիտակցության: Մարդիկ չեն հասկանում, որ իրենք նույն հասարակության անդամներ են, չեն հասկանում, որ իրենք նույն կլանային մտածողությունն ունեն, դժվար են կարողանում համաձայնության գալ, դժվար են կարողանում ընդունել իրար, հավատալ իրար: Երիտասարդական տարբեր ներկայացուցիչներ պատմում են, որ շատ անգամ մարդկանց համար անհասկանալ է, թե ինչու են քաղաքից եկել իրենց համար պայքարելու, սկսում են հարցնել՝ որ կուսակցությունից եք: Մինչև հիմա մարդիկ չեն տեսել, որ կարող է հինգ-տասը հոգի գան Երևան քաղաքից միանան իրենց պայքարին, մարդիկ չեն հասկանում ով է և ինչու է եկել:

Համընդհանուր վստահության ճգնաժամի խնդիրը աճում է նման իրավիճակում, և որքան ավելի աճի պայքարող մարդկանց քանակը, այնքան ավելի շատ է խորանալու վստահության ճգնաժամը: Միգուցե ինչ-որ ժամանակ հակառակը սկսվի, բայց հիմա սա բարդագույն շրջան է, որովհետև հին հասարակությունը վերջացել է, քայքայվել է: Մարդուն չեն հետաքրքրում կուսակցությունները, բայց դատարկ տեղը ինչո՞վ եք լցնելու, սա արդեն շատ դժվար է միանգամից հասկանալ: Հին հասարակության լիակատար քայքայում է տեղի ունենում, բայց նորի ստեղծումը նոր սկզբունքներ է պահանջում: Խոսքը կորցրել է արժեքը, և երբ այն կորցրել է իր արժեքը, շատ դժվար է ճիշտ խոսքը տարբերել ստից և դեմագոգիայից: Համընդհանուր ինֆորմացիոն դեվալվացիա  է տեղի ունենում, և սա քայքայիչ պրոցեսն է, որը արդյունք է հին, ոչ արդյունավետ սուտ երևույթների և համընդհանուր սուտ գործունեության:

Պարոն Սարգսյան, ստեղծված իրավիճակը կարո՞ղ է արդյոք ելքային լինել:

Երբ հասարակությունը քայքայվում է, նա կամ կառուցվում է նոր ձևերով, նոր որակի մեջ, կամ շարունակում է քայքայվել, և դու կորցնում ես ամեն ինչ: Էականն այն է, որ Հայաստանում նշմարվեց սրա դեմ պայքարելու ձևը: Եթե նշմարվել է, ուրեմն այն պետք է տանի հաղթանակի: Հաղթանակն այն է, երբ դու կառուցում ես ադեկվատ հասարակություն, այն, ինչի մասին ասվում է տարիներով` իրավական պետություն, արդարադատության համակարգ. անընդհատ խոսվում էր, բայց գործողությունները չէին հանգեցնում դրան, քանի որ ստի վրա էր կառուցված: Ասողներն այդ արժեքների կրողները չէին: Նրանք, ովքեր ասում էին, որ երկրում պետք է լինի ազատ ընտրություն, նրանք դրա կրողը չէին, չէին ուզում դա, ուզում էին միայն օգտվել անօրինականությունից:

Այսօր ամենակարևորը մարդու ներքին ընտրությունն է, դու ուզում ես ստեղծված իրավիճակից օգտվե՞լ, թե ժխտում ես այն ըստ էության, ոչ թե խոսքով:

Սիրանույշ Պապյան

Lragir.am