«Ամերիկյան կողմն առաջարկում է, անում ես` արա, չես անում՝ պաշոլդ քաշի». Մանվել Սարգսյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:

- Պարո՛ն Սարգսյան, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխանության հարցը: Նա ասել է. «Մենք ցանկանում ենք Հայաստանին տալ գործիքներ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»: Ի՞նչ ուղերձ է պարունակում ԱՄՆ-ի դեսպանի այս հայտարարությունը:

- Ես դա մեսիջ չէի որակի, ուղղակի դա բացահայտ առաջարկ է: Երբ ասում են՝ մենք ձեզ կտանք սուվերեն լինելու մեխանիզմներ, դա նշանակում է, որ դուք սուվերեն չեք: Ավելի շուտ դա գնահատական է և առաջարկ` անկախ որոշումներ ընդունելու մասին, որը Հայաստանի հետ աշխատելու պայմաններից մեկն է:

Մենք գիտենք, որ պայմաններից մեկն էլ կոռուպցիայի դեմ պայքարն է, դա անընդհատ դրվում էր Հայաստանի առաջ: Կոռուպցիայի, մենաշնորհների և օլիգարխիայի մասին հարցերը միջազգային կազմակերպությունները բազմիցս բարձրացրել են, ասելով, որ Հայաստանի հետ հնարավոր կլինի աշխատել, եթե այդ երևույթների դեմ պայքարն իրոք լինի:

Հիմա արդեն կարելի է ասել, որ անկախ որոշումներ ընդունելու խնդիրն են բարձրացնում:

Պարզ դրել են Հայաստանի առաջ՝ պետք է համոզված լինենք, որ դուք դա կարող եք անել, մենք կարող ենք աջակցել, մեխանիզմներ ներդնել, որ դուք դա անեք: Սա շատ լուրջ բան է, անգամ մեզ համար վիրավորական: Մենք ինքներս գիտենք, որ այդպես է, բայց երբ դա բացահայտ ասում են երկրին, արդեն ամոթալի է, որ հասցրել են դրան, որ արդեն նման ձևով է խոսում աշխարհի գերտերությունը:

- Այս պայմաններում ի՞նչ կարող է անել Հայաստանի իշխանությունը:

- Հայաստանի իշխանությունները պետք է սարսափեն, որ նման հայտարարություն է եղել, ու փորձեն գնալ ու արդարանալ իրենց հովանավորների առաջ Մոսկվայում, թե տեսեք` մեզ ի՛նչ մեղադրանքներ են ներկայացվում, ի՞նչ անենք, որ խաբենք ԱՄՆ-ին, ասենք, որ մենք սուվերեն ենք: Եթե կարծում եք, թե նրանք մտահոգված են, և սա պետական խնդիր է, ապա դա միամտություն է: Պետք է ամեն կերպ փորձեն իրենց հովանավորին պաշտպանել, ինչն էլ անում են:

- Այսինքն՝ անգամ փորձեր չեն անի՞ Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու ուղղությամբ:

- Ոչ թե փորձ չեն անի, այլ հակառակը՝ պատերազմ կհայտարարեն: Նույնը եղել է, երբ կոռուպցիայի մասին էր խոսքը, ՀՀԿ-ակաները միահամուռ ու ատամներ ցույց տալով պատասխաններ էին տալիս: Դա իրենց համար մեծ հարված է, և ամեն ինչ պետք է անեն, որ չեզոքացնեն այդ հարվածը:

- Իսկ ամերիկյան կողմի դիրքորոշման մեջ ինչ-որ բա՞ն է փոխվել, որ նման հայտարարություն է արվում այս փուլում:

-Ոչինչ չի փոխվել, նրանք անընդհատ էլ ասում էին այդ մասին, ուղղակի հիմա սկսել են բացահայտ ասել: Արդեն արհամարհանքով են խոսում: Երբ մի տասը անգամ մարդկանց հասկացնում ես, բայց չեն հասկանում, արդեն բացահայտ երեսին ասում ես՝ դու պետություն չես:

- Իսկ եթե Հայաստանի իշխանությունները հետևություն չանեն այս նախազգուշացում-հայտարարությունից, ի՞նչ կարող է փոխվել:

- Ամերիկյան կողմն առաջարկում է, անում ես` արա, չես անում, ինչպես ռուսներն են ասում՝ պաշոլդ քաշի:

- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի արդեն նախկին համանախագահ Հոգլանդի հայտարարությունը՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ, մեծ աղմուկ բարձրացրեց: Ի վերջո, ի՞նչ նոր բան կար այդ հայտարարությունում, ինչ-որ բա՞ն է փոխվել:

- Սա նոր բան չէ: Ուղղակի քանի որ համանախագահ է փոխվում, գնացողը շատ հստակ բոլորին՝ թե՛ շահագրգիռ երկրներին, թե՛ Մինսկի խմբի համանախագահողներին, թե՛ հակամարտության կողմերին ասում է, որ իրենց դիրքորոշումը դա է: Ասում են, որ որևէ մեկը չփորձի սեպարատ ձևով ինչ-որ ուրիշ մոտեցումներ ցուցաբերել: Դա ուղղված էր Ռուսաստանին, Հայաստանին, Ադրբեջանին, բոլորին, որ՝ չի ստացվի, որ գնաք ու մեր թիկունքում չգիտեմ ինչեր անեք:

- Ձեր կարծիքով՝ դա հակահայ հայտարարությո՞ւն էր:

- Հակահայ ոչինչ չկա այստեղ, այդ երկիրն իր դիրքորոշումն է արտահայտում, այդ նույն բաները հազար անգամ կրկնում են Հայաստանի պաշտոնյաները՝ նախագահի մակարդակով: Բայց այդ դեպքում, չգիտես ինչու, ոչ ոք չի խոսում:

- Մինչ այդ ամերիկյան կողմը խոսում էր շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման, վստահության մթնոլորտի ձևավորման մասին, բայց հանկարծ նման հայտարարություն արվեց, որում նաև տարածքներ զիջելու մասին խոսք կա: Ինչո՞ւ:

- Դա կապ չունի, դրանք կոնկրետ պահի, այսօրվա խնդիրներ են, բայց գնացող համանախագահն ասում է, որ առաջարկում են խնդիրն այսպես լուծել: Դրանք տարբեր բաներ են: Այդ հայտարարությունը չի կարող այս փուլում որևէ բան փոխել, կարող է ընդամենը կողմերին զերծ պահել ուրիշ ձևեր անելու փորձից: Օրինակ՝ Ռուսաստանը կարող է փորձեր անել առանձին խոսել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ինչ-որ դեր ստանձնել, այն, ինչ իրենք անընդհատ ուզում էին:

Բնական է, որ պարզ ու հստակ ասված էր, որ այդ ծրագիրը պետք է բոլորի համար ընդունելի լինի: Դա բավական կոշտ զգուշացում էր բոլորին:

http://www.medialab.am/news/id/7465