Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը Tert.am –ի հետ զրույցում ռուս-թուրքական ծայրաստիճան սրված հարաբերությունների համատեքստում նշեց, որ հիմա տարածաշրջանում այնպիսի վիճակ է, որ ԼՂ բանակցային գործընթացի մասին նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ-ն է` անիմաստ համարում խոսել: Ըստ նրա` Թուրքիան Ադրբեջանին ընտրության առաջ փորձեց կանգնեցնել `ասելով, որ Թուրքիան Ադրբեջանին կօգնի վերադարձնել «ադրբեջանական կորսված հողերը»: Իսկ Ադրբեջանն էլ պատասխանել է փոխարտգործնախարարի մակարդակով ` ասելով, որ մենք Ռուսաստանից առաջարկ ունենք ղարաբաղյան խնդիրը լուծելու:
-Ռուս-թուրքական հակամարտությունում այլևս ոչ միայն օգտագործվում է Հայկական հարցը, այլև Ղարաբաղյան հիմնախնդիրը: Մասնավորապես, «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման վարողը հիշեցրել է, որ Թուրքիան հայտարարել է, որ կօգնի Ադրբեջանին «վերադարձնել ադրբեջանական հողերը» և հավելել, որ եթե ռազմական հակամարտություն առաջանա Հայաստանում, դա կլինի Ռուսաստանի ուղղակի պարտականությունը՝ ՀԱՊԿ պարտավորությունների համաձայն պաշտպանել իր դաշնակցին»: Սակայն մեզ մեր պատմությունից հայտնի է, որ երբ թուրքերն ու ռուսները կռվել են, հայերը հողեր են կորցրել:
-Ռուսաստան-Թուրքիա ցանկացած բարդացումից, բնականաբար, սպասելի է արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրների ակտուալիզացիա, և Ռուսաստանն էլ դա անում է թե՛շատ ինտենսիվորեն Հայկական հարցը շոշափելով, այլև քրդական: Նույնն էլ անում է Թուրքիան, որովհետև անմիջապես այդ խնդիրը բարձրացրեց այս երկրի վարչապետը` Ղարաբաղի հարցով, ըստ էության, Ադրբեջանին առաջարկելով կողմնորոշվել: Երկու կողմերն էլ թեման փորձում են ակտուալացնել, որ դրա շուրջ արդեն իրենց աղթականությունները ամրապնդել, մեխանիզմներ ստեղծեն, դաշնակիցներ ստեղծեն:
- Մեկ բան է պատմական փաստաթղթեր` Սևրի և Մոսկվայի պայմանագրերը (նույն Սոլովյովի հաղորդման շրջանակներում, երբ ասվեց, որ կարող էր ՀՀ-ն լինել 50 հազար քառակուսի կմ), մեկ այլ բան` ՀՀ-ին կոնկրետ գործողությունների մեջ ներքաշելը: Չմոռանանք, որ մենք հայտարարել էինք, որ Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության համակարգ ենք ստեղծում: Եվ հիմա չկա՞ն նախադրյալներ Թուրքիայի հետ մեր սաhմանի թիրախավորման համար:
- Ո՞նց չենք թիրախավորվի, եթե մենք ռուսների հետ ունենք ստրատեգիական հարաբերություններ, ռազմական տարբեր պայմանագրեր, ռուսական ռազմաբազա ՀՀ-ում: Բնական է, որ Ռուսաստանի խնդիրների հետ կապված` մեզնից անկախ մասնակից ենք դառնում ենք այդ ծրագրերին: Հիմա ինչ ձևով, ո՞նց, դա միայն զարգացումներից կերևա, բայց արդեն իսկ հենց Ձեր իսկ նշած հակաօդային պայմանագիրը իրականում ի՞նչ է: Նախ, դա այն է, որ Ռուսաստանն իրավունք է ստանում Հայաստանի օդում օգտագործի իր սարքերը հենց Ռուսաստանի տարածքից: Սա արդեն շատ կոնկրետ ներգրավվում է: Հիմա դեռ զարգացումները Սիրիայի տարածքում է, արդեն իսկ մեծաքանակ զորքեր են կուտակվել այնտեղ Թուրքիայի տարածքից: Եվ այդ իսկ պատճառով բավականին բարդ վիճակ է ստեղծվում, առաջին հերթին` հենց Ռուսաստանի համար: Եվ երկրորդ, ինչպես արդեն ասացի` Ադրբեջանն էլ հիմա մեծ ընտրության առաջ է: Երբ ճանապարհները փակեցին թուրքական մեքենաների առաջ, Ադրբեջանը ստիպված էր Թուրքիային իր ճանապարհը առաջարկել:
-Այսինքն` և՛ Հայաստանն է ընտրության առաջ, և՛ Ադրբեջանը, թե՞ Հայաստանը ընտրության իրավունք չունի էլ:
- Հայաստանի խնդիրն է, թե ինչքանով կարող է չներքաշվել: Եվ Հայաստանը, այո՛, ընտրություն չունի` ստրատեգիական մակարդակի պայմանագիր ունենալով ՌԴ-ի հետ:
-«Ադրբեջանին ընտրության առաջ կանգնեցնել» ասելով` նկատի ունեք, որ Դավութօղլուն ասել էր, որ Թուրքիան Ադրբեջանին կօգնի վերադարձնել «ադրբեջանական կորսված հողերը՞»:
-Ադրբեջանն էլ պատասխանել է, որ երբ արտգործնախարարն այս օրերին գնաց Բաքու, ասաց, որ մենք Ռուսաստանից առաջարկ ունենք ղարաբաղյան խնդիրը լուծելու: Դա նշանակում է, որ նրանք հրաժարվում են Թուրքիայի առաջարկից:
-Եվ ավելի շուտ հակված են Ռուսաստանի առաջարկի՞ն:
- Բայց նման առաջարկ կա՞: Իրենք այդպես են, այո, ասել, բայց ես դրա մեջ ավելի շատ քաղաքական կողմնորոշման խնդիր եմ տեսել: Այսինքն` Թուրքիան խնդիր է դրել` ո՞ր կողմում եք դուք, Ադրբեջանը ցրել է, ասել է` դե, Ռուսաստանը բան է առաջարկել: Դրանից հետո, ի դեպ, Հայաստանը արդեն ասել է, որ դեկտեմբերին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում չի լինելու (նկատի ունի ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Կենտրոն» հեռուստաընկերությանը): Այսինքն` արդեն իսկ եղած պլաններում են փոփոխություններ են կատարվել: Ստացվում է, որ հիմա ոչ մի բան չի նախատեսվում:
– Այս իրավիճակում որքանո՞վ կարող ենք ակնկալել ԵԱՀԿ ՄԽ-ում Ռուսաստանի ավելի հայանպաստ դիրքորոշում: Եվ նաև դրան Արևմուտքի հնարավոր արձագանքը:
-Այս փուլում Մինսկի խումբը լռում է, ոչ մի ռեակցիա չկա, որովհետև, ըստ երևույթին, բոլորն էլ հասկանում են, որ շատ կտրուկ իրավիճակ է փոխվել: Եվ այս պայմաններում ի՞նչ պետք է հայտարարեն… անիմաստ է:
-Սա, փաստորեն, իրավիճակի կտրուկ վատթարացում եք գնահատում նաև ղարաբաղյան հիմնախնդրի տեսանկյունից:
-Վատթարացում է, բա ինչ է: Հիմա, եթե թուրքական զորքը մտավ Սիրիայի տարածք, արդեն պետք է այդ պրիզմայով նայել ամեն ինչին: Եվ հիմա այս պայմաններում բանակցությունների մասին անիմաստ է խոսելը, բանակցություն կարող է լինել այն ժամանակ, երբ կտրուկ որոշումներ կարող են կայացվել, երբ կան ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվածություններ: Միայն այդ ժամանակ: