Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը Վիեննայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից այնպիսի տպավորություն է ստացել, որ նրանց կանչել են գերտերությունները, նստեցրել են սեղանի շուրջ, հստակեցրել են խաղի կանոնները և ուղարկել տուն:
Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ բոլորովին այլ հայտարարություններ էին արվում, այն է՝ բանակցությունները շարունակելու համար Ադրբեջանը պետք է վերադառնա մինչապրիլյան դեպքերի հին դիրքերին, կճանաչվի Արցախի անկախությունը:
«Հայտարարվեց, որ պետք է ամրապնդվեն 1994-95թթ. եռակողմ պայմանագրերը, սակայն այս հանդիպմանը չէր մասնակցում երրորդ կողմը: Պարզ չէ՝ այժմ ԼՂՀ-ն ինչպե՞ս պետք է դրան վերաբերվի: Եթե նրան չեք կանչում, ուրեմն դա իրեն չի վերաբերում, եթե չի վերաբերում, ուրեմն ո՞րն է նրա դիրքորոշումը… Ադրբեջանը եթե անգամ վերցնում է այդ պարտավորությունը, ապա վերցնում է Հայաստանի և միջազգային եռյակի առաջ, իսկ ո՞վ է ասել, որ նա վերցնում է Ղարաբաղի առաջ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հարցադրում է անում Մանվել Սարգսյանը:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ սա կարևորագույն հարց է և շատ վտանգավոր է, ու վաղը կարող է կրկնվել նույնը. «Սրա մասին ոչ ոք չի խոսում, և իսկապես վտանգավոր է՝ ամեն գնով փորձել ամեն ինչ ներկայացնել որպես հաղթանակ և առաջընթաց, քանի դեռ չի պարզվել՝ ուր է Ղարաբաղը որպես մասնակից և որպես գործոն»:
Ինչ վերաբերում է շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, Մանվել Սարգսյանը տարակուսում է. «Իհարկե, այս պատերազմը Ադրբեջանին ստիպեց գոնե խոսել այդ մասին, սակայն պարզ չէ, թե ինչ քաղաքական բաղադրություն ունի այս առաջարկը, ի վերջո՝ դա մարդիկ են անելու՝ ովքե՞ր, ո՞ր երկիրը, ի՞նչ լիազորություն ունի այդ երկիրը այս տարածքում, կամ՝ հետո ի՞նչ են անելու՝ սանկցիանե՞ր են լինելու… Այսինքն՝ կախված բովանդակությունից՝ կարելի է խոսել՝ սա լո՞ւրջ է, թե՞ ոչ»:
Մեր զրուցակիցը վստահ է, որ Ադրբեջանը վախենում է այն բանից, որ ցանկացած պահի այդ երևույթին կարելի է բովանդակություն հաղղորդել:
«Քանի որ այս բանակցային սեղանի, այսպես կոչված, թամադան Քերին էր, սա ցույց է տալիս, որ դիվանագիտական պրոցեսում արդեն ուրիշներն են որոշում՝ ի տարբերություն 94 թվականի, երբ գործընթացն անցավ Ռուսաստանի ձեռքը»,- կարծում է Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով այս գործընթացում Ռուսաստանի նվազող դիրքերին, ինչը մեր զրուցակիցը կապում է այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանի վիճակն այժմ շատ ավելի բարդ է:
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչմանը, ապա քաղաքագետը համարում է, որ դա մշտապես ՀՀ իշխանությունների կողմից կիրառվել է որպես շանտաժի գործիք. «Չեն հասկանում, որ Ղարաբաղի ճանաչումը նշանակում է Ադրբեջանից խլել այդ իրավունքը»: