Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով, այսպես կոչված, 1000 դրամների նախագծին, որը խորհրդարանն ընդունեց ձայների մեծամասնությամբ, կարծիք հայտնեց, թե վտանգն այն է, որ կարևորագույն հարցում պետությունը ցանկանում է պատասխանատվությունը գցել իր վրայից հասարակության վրա: Նախագծի ծնունդը պայմանավորում է նաև երկրում տիրող անելանելի վիճակով:

«Ամենաէականն այն է, որ այս նախագծով գործող վարչախումբը փորձում է զինվորների սոցիալական խնդիրը հումանիտար խնդիր սարքել: Այսինքն՝ գնա այն ճանապարհով, որ պետությունն իրենից գցի այդ գործառույթը, պարտավորությունը: Էականը դա՛ է, որովհետև բազմաթիվ երկրներում, հատկապես այնտեղ, որտեղ բանակը գործում է, դա պետության գործառույթն է, ճիշտ այնպես, ինչպես կրթությունը դպրոցներում: Պետության գործառույթն է, ժողովուրդը դրա համար է բյուջե հավաքում: Սրա մասին ավելի քիչ է խոսվում: Սա շատ վտանգավոր է, չի կարելի թույլ տալ երբևէ»,- նշում է Մանվել Սարգսյանը:

Հասարակությունը տեսնում է ոչ թե ռեալ փոփոխություններ, նոր նախաձեռնություններ, այլ ավելի շուտ ականատես է լինում «աֆյորաների»:

«Հիմա, ասենք, լավ չի հավաքվում գումարը, ամիսներ շարունակ, կասեն՝ դե էդ եք էլի, ժողովուրդ, դուք չե՞ք, այ դրա համար էլ զինվորները այս վիճակում են: Չեք հավաքում, դրա համար էլ վիճակն այսպիսին է: Պատասխանատվությունն այսպիսով գնաց արդեն: Կլինի, աստված չտա, նոր գործողություններ և անհաջողություններ, անպայման բոլորը դուրս կգան կասեն՝ էդ եք, մի հազար դրամն ի՞նչ է: Անընդհատ դրոշ են սարքելու»:

Ապրիլյան պատերազմն, ըստ քաղաքագետի, ցույց տվեց, որ գործող ռեժիմը, չինովնիկները որևէ պատասխանատվություն չկրեցին տեղի ունեցածի համար՝ տարածքային կորուստ, մարդկային զոհեր:

Անդրադառնալով ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարություններին և նախաքննական մարմինների՝ քրեական գործ չհարուցելու դանդաղկոտությանը, նշեց, թե որևէ բարձրաստիճան պաշտոնյայի պատժելը վտանգավոր նախադեպ կարող է լինել իշխանության համար, որը նրանք թույլ տալ չեն կարող:

«Երբևէ հնարավոր չէ, որ այդ մարդիկ մեկի պոչը տրորեն: Այդ նախադեպերը շատ ավելի վտանգավոր են գործող համակարգերի համար: Նախադեպ չի կարելի թույլ տալ: Հիմա ոնց կարող է դատախազը մեկին մեղադրի, եթե ինքը նույն կոռուպցիոն կարգավիճակում է»:

Հարցադրմանը, թե նոր կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, վարչապետ Կարեն Կարապետյանի գործողությունները արդյո՞ք շղարշ չեն՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Մանվել Սարգսյանը հիշեցրեց վարչապետի խոսքերը, որ մեկ խնդիր կա, որը պետք է լուծել, և դա ստվերի դեմ պայքարն է:

«Մարդիկ փայլուն գիտեն, որ ստվերը Հանրապետական կուսակցությունն է, դա անօրինական բիզնեսի և անօրինական սեփականության քաղաքական ակումբն է, բոլորը դա փայլուն գիտեն: Այսինքն, պայքարել ստվերի դեմ նշանակում է ազատել պետությունն այդ կուսակցությունից, կամ լուծարել, արգելել, դատել: Այս հարցն այնքան պարզ է, որ Կարեն Կարապետյանը փախչելու տեղ չունի: Կամ… կամ է: Կամ դու դա անում ես, կամ դու ցույց ես տալիս, որ հերթական խաբված մարդն ես, կամ աֆյորաների նոր ձևերը շարունակող մարդն ես»,- նշեց Մանվել Սարգսյանը:

http://galatv.am/hy/news/171209/