7 մարտի, 2014թ., Դուբլին, Իռլանդիա: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ ու ՌԱՀՀԿ (Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի) հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը մարտի 5-7-ը Իռլանդիայի մայրաքաղաքում էր՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության 2014թ. նախընտրական կոնգրեսին:
Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ 2014-2019թթ. Գործողությունների ծրագրի վերաբերյալ հանդես է եկել կոնգրեսի լիագումար նիստում, որին մասնակցում էին պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, ավելի քան 1000 պատվիրակներ: Արժանանալով ջերմ ողջույնների, իբրեւ անցյալ տարվա նախագահական ընտրություններում իրական քվեն կրող, նա իր համերաշխությունն է հայտնել Ուկրաինայի ժողովրդի ժողովրդավարական ընտրությանը եւ կոչ է արել խաղաղ ու սկզբունքային լուծում գտնել ներկա ճգնաժամին:
Հովհաննիսյանը նաեւ ԵԺԿ-ին կոչ է արել վերականգնել վստահությունը Եվրոպայում՝ շտկելով անցյալի սխալները, հարգելով ազատության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սեփական չափանիշները, այլեւս երբեք չվավերացնել կեղծված ընտրություններ եւ չընդունել նրանց, ովքեր չեն վայելում ժողովրդի դե յուրե վստահությունը: Այս համատեքստում ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ԵԺԿ-ն ինքը եւ հատկապես Հայաստանի իշխանություններն են պատասխանատու երկրի անընդունելի ներքին վիճակի եւ արտաքին քաղաքական ընտրությունների համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել ԵԺԿ-ին եւ նրա անդամ կուսակցություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) ինքնիշխանությունը, որը Բեռլինի պատի անկմանը զուգահեռ դարձավ Խորհրդային Միության փլուզման պատճառ եւ, ըստ էության, ոչ մի ընդհանրություն չունի այլ հակամարտությունների հետ, որոնք համարվում են սառեցված:
Նա եզրափակել է իր ելույթը ԵԺԿ-ին հորդորելով, ի պահպանություն սեփական ժառանգության եւ արժեքների, նախապատրաստվել պաշտոնապես ճանաչելու ու դատապարտելու Հայոց Ցեղասպանությունը եւ Ազգային Մեծ Հայրենազրկումը՝ գալիք տարվա մեկդարյա տարելիցին: Ցեղասպանությունը խլեց ոչ միայն միլիոնից ավել կյանք, այլեւ հանգեցրեց պատմական հայրենիքի եւ հինավուրց քաղաքակրթության կոտորակմանը:
Հովհաննիսյանն այս եւ հարակից այլ հարցերի մասին հանգամանորեն խոսել է նաեւ ԵԺԿ Քաղաքական ասամբլեայի նստաշրջանում եւ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի քաղաքական սեմինարի ընթացքում, որը նվիրված էր ուկրաինական ճգնաժամին, Արեւելյան գործընկերության վերամեկնարկի վրա դրա անդրադարձներին:
Կոնգրեսի շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը զրուցել է Եվրոպայի տարբեր երկրների պաշտոնյաների եւ պատվիրակների հետ, այդ թվում՝ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի, Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննիի, Իռլանդական Fine Gael կուսակցության նախագահ Չառլի Ֆլանագանի, ուկրաինացի առաջնորդներ Վիտալի Կլիչկոյի եւ Յուլյա Տիմոշենկոյի, Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ Հանս-Գերթ Փոթթերինգի, Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Մարկ Գրինի, Բրյուսելում գործող Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Միկուլաս Ձուրինդայի: Նա նաեւ կարծիքներ է փոխանակել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպույի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաեւ Հունաստանի վարչապետ Ադոնիս Սամարասի հետ, ով Հովհաննիսյանի պաշտոնակիցն էր, երբ նա արտաքին գործերի նախարարն էր:
Դուբլինում Հովհաննիսյանը նաեւ ոգեւորիչ հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: