ՌԱՀՀԿ-ը թողարկեց 2017թ. իր եռամսյա պարբերականի անդրանիկ համարը

12 մայիսի 2017թ., Երեւան: Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա աշխատության ընթացիկ տարվա առաջին համարի շնորհանդեսը, որին ներկա էին նրանում զետեղված նյութերի հեղինակները, լրագրողներ, քաղաքական վերլուծաբաններ եւ հանրային հատվածի ներկայացուցիչներ:

Շնորհանդեսը բացեց եւ ներկաներին ողջունեց ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Անդրադառնալով թեմատիկ ուղղություններին, որոնք արտացոլված են հանդեսում, նա մասնավորապես ասաց. «Փորձել ենք վերլուծել, արժեւորել անկախության քառորդդարյա ժամանակաշրջանում ստեղծված ոչ դյուրին իրավիճակի առանձին դրվագները, հասկանալ եւ ընթերցողին հասցնել դրանց առաջացման հիմքերն ու պատճառները, առաջարկել որոշակի ելքեր»:

Այնուհետեւ իրենց հրապարակումների հակիրճ ամփոփմամբ հանդես եկան ՌԱՀՀԿ գործադիր տնօրեն, դոցենտ Կարապետ Կալենչյանը, պատմաբան Կարպիս Փաշոյանը, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը եւ ուրիշներ:

«Փոփոխվող աշխարհ»-ի այս տարվա անդրանիկ թողարկումն ընդգրկում է հունվար-մարտ ամիսները: Այն բացվում է քաղաքագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանի՝ հանդեսին տված հարցազրույցով, որում մասնավորապես արծարծվում են անկախ Հայաստանի Հանրապետության 25 տարիների կարեւորագույն ուղենիշները, պետականակերտման մի շարք ոլորտներում տեղ գտած բացթողումներն ու թերացումները: Կարապետ Կալենչյանի ուսումնասիրության մեջ ներկայացված են ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված «ստատուս-քվոյի» կազմավորման ակունքներն ու դրա փոփոխության հնարավորությունները: Զարուհի Հովհաննիսյանն ի ցույց է դրել ԽՍՀՄ կազմում հասունացած ազգային ինքնության ու պետականաշինության պահանջը, ազատագրական պայքարի հաղթարշավը, ինչպես նաեւ «ի շրջանս յուր» վերադարձած նախկին բռնապետության մերօրյա դրսեւորումները: Անհատի եւ գաղափարախոսության հանրային ընկալումներին, դրա պատճառահետեւանքային կապին է անդրադարձել Կարպիս Փաշոյանն իր հետազոտության մեջ: Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Մարատ Ատովմյանը խորամուխ է եղել հանրային կյանքի տարբեր բնագավառներում կոռուպցիայի ազդեցության, իսկ Հումանիտար գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոս Համլետ Զաքարյանը՝ վատ համակարգվող զբաղվածության խնդրի հետեւանքների շուրջ խորհրդածությունների մեջ: Լայնորեն լուսաբանված է նաեւ հունվար-մարտ ամիսների կարեւոր իրադարձությունների ժամանակագրությունը:

Վերջում շնորհանդեսի մասնակիցների հարցերին սպառիչ պարզաբանումներ տրվեցին, եւ ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն: