3 նոյեմբերի 2016թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցավ Կլոր սեղանի ձեւաչափով հերթական քննարկումը, որը նվիրված էր ԼՂ հակամարտության միջազգային կարգավորման համատեքստում Արցախի կարգավիճակի վերարծարծման թեմային: Մասնակցում էին փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող անձինք, վերլուծաբաններ, քաղաքագետներ, հանրային հատվածի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկմանը ներկա էր նաեւ ՌԱՀՀԿ հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Սեմինարը բացեց եւ ներկաներին ողջունեց ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը՝ նշելով, որ այսօրվա քննարկումը ապրիլյան պատերազմից հետո ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված զարգացումները համակողմանիորեն կշռադատելու եւ իմաստավորելու նպատակ ունի:
Հիմնական զեկույցներով հանդես եկան քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը եւ ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի ղեկավար Մանվել Սարգսյանը:
Արցախյան քաղաքականության իրավաքաղաքական հայեցակարգի վերանայման նպատակահարմարության մասին էր Ալեքսանդր Քանանյանի զեկուցումը: Խնդրի համապարփակ վերլուծությունը քաղաքագետին բերել է այն համոզման, որ Արցախի հիմնահարցի վերջնական լուծման շահեկան տիպօրինակը «միացումն» է: «Այն առարկությունը, թե միացումը վերահաստատող ակտերը միջազգային հանրության համար երբեք ընդունելի չեն լինի՝ անտեղի է արդեն իսկ այն պատճառով, որ Արցախի անկախությունն էլ նույն միջազգային հանրությունը չի ճանաչել։ Մինչդեռ միացումը, ի հեճուկս ժամանակավրեպ քաղաքագիտական առասպելաբանությունների, խնդիրը լուծում է ինքնաբերաբար»,- նշեց Քանանյանը՝ փաստելով, որ «անկախության» տիպօրինակի ընտրությունն իրական լուծում չի տալիս հայոց պետականության առջեւ ծառացած որեւէ լուրջ մարտահրավերի: Ավելին՝ առաջացնում է Հայաստանի ազգային անվտանգության հիմնարար կարեւորության՝ հանրորեն դեռեւս լիովին չգիտակցվող մի շարք հարցադրումներ, որոնցից մեկը, ըստ զեկուցողի, վերաբերում է ՀՀ արեւելյան միջպետական սահմանի խնդրին։ «Հուսալ, որ վերջինիս արցախյան հատվածը ճանաչվելու է ներկա սահմաններում կամ առանց այդ սահմանների հստակեցման, լուրջ միամտություն է»,- նկատեց բանախոսը։
Հակամարտային իրավիճակներում ինքնիշխանության խնդիրն արծարծեց Մանվել Սարգսյանը՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով սեփական իրավունքը ճիշտ ձեւակերպելու կարեւորությանը, քանի որ քաղաքականությունը, ըստ նրա, «պայքար է սեփական իրավունքների համար»: Քաղաքագետի խոսքով՝ Արցախյան քառօրյա պատերազմից հետո ԼՂՀ հիմնախնդրի վերաբերմամբ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել ինչպես հայ հասարակության ներսում, այնպես էլ միջազգային հանրության դիրքորոշման մեջ: Ի մասնավորի՝ կարգավորման դիվանագիտության առաջին գիծ է դուրս եկել Արցախի կարգավիճակի խնդիրը: «Այժմ առավելապես խոսվում է ոչ միայն ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման, այլեւ արցախյան խնդրի կարգավորման հայեցակարգի վերանայման հնարավորության մասին: Մեզանում ավելի ու ավելի կասկածահարույց են դարձել թե՛ ԼՂՀ կողմից տարածքային զիջումների քննարկումը եւ թե՛ ԼՂՀ-ի անկախության բուն գաղափարը՝ թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են պնդել Մադրիդյան սկզբունքներում ամրագրված գծապատկերը պահպանելու անհրաժեշտությունը»,- շեշտեց Սարգսյանը:
Վերջում զեկույցների շուրջ տեղի ունեցան հարցուպատասխան եւ մտքերի աշխույժ փոխանակություն, որոնց մասնակցեցին Րաֆֆի Հովհաննիսյանը, «Մոդուս Վիվենդի» կազմակերպության ղեկավար, դեսպան Արա Պապյանը, «Ռեսպուբլիկա Արմենի» թերթի մեկնաբան Գայանե Մովսիսյանը, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Արմեն Վարդանյանը, քաղաքագետներ Արմեն Աղայանը, Սերգեյ Շաքարյանցը եւ ուրիշներ: