10 փետրվարի 2016թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) կլոր սեղանի այսօրվա քննարկման թեման առնչվում էր եվրոպական կառույցներում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված փաստաթղթերի՝ մասնավորապես «Բռնության աճը Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս բռնազավթված տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությունը դիտավորյալ զրկված է ջրից» հակահայկական երկու զեկույցների քաղաքական նշանակությանը:
Հակիրճ խոսքով բացելով քննարկումը, փորձագիտական հետազոտությունների գծով ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանն ասաց. «Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քվեարկված հայտնի բանաձեւերի շուրջ տարաբնույթ արծարծումները, ըստ էության, շրջանցեցին այն բացը, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղի իրավիճակին առնչվող միջազգային բանաձեւերն անդրադառնում հակամարտության գոտում առկա իրադրության եւ կարգավորման դիվանագիտության վրա: Այդ հարցի վրա էլ կփորձենք հնարավորինս լույս սփռել մեր սեմինարի ընթացքում»:
«ԵԽԽՎ բանաձեւեր. վտանգներ եւ հնարավորություններ» թեմայով իր հիմնական զեկուցման մեջ Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը կարեւորեց եվրոպական հանրակարգերի ճիշտ ընկալումը եւ առանձին երկրների հետ տարվող աշխատանքի նպատակասլաց կազմակերպումը: Այդ տեսակետից Ադրբեջանը, ըստ զեկուցողի, ավելի արդյունավետ է համակարգում իր լոբբիստական գործունեությունը եվրոպական կառույցներում: Իսկ Սարսանգի պարագայում այդ երկիրը կարողացավ ջրամբարի ջուրը համատեղ օգտագործելու մասին Արցախի նախաձեռնությունն ուղղել հենց Արցախի դեմ: «Ներկայացված բանաձեւերն իրականում միտված էին ոչ թե ջուրօգտագործմանը, այլ միջազգային հեղինակավոր հարթակում հղումների դաշտի ձեւավորմանը՝ ապագայի համար նպաստավոր բանակցային պաշարներ կուտակելու մտայնությամբ»,- նշեց պատգամավորը:
Արցախյան հակամարտության եվրոպական չափումների ծիրում իրողությունների ու պատրանքների սահմանները փորձեց հստակեցնել մյուս հիմնական զեկուցողը` քաղաքագիտության դոկտոր Սերգեյ Մինասյանը: Բանախոսի կարծիքով՝ բավական մտահոգիչ է այն հանգամանքը, որ առաջին բանաձեւը մերժվեց ընդամենը 4 ձայնի տարբերությամբ: Ըստ նրա, հայկական պատվիրակությունը պետք է կարողանա ավելի ճիշտ օգտագործել եվրոպական հարթակների հնարավորությունը: «Այն, ինչ տեղի ունեցավ ԵԽԽՎ մակարդակով, Հայաստանի համար ցանկալի չէ, չնայած ընդունված փաստաթուղթը ռազմաքաղաքական առումով որեւէ նշանակություն չի ունենա»,- ընդգծեց զեկուցողը՝ հավելելով, որ բանաձեւերի շրջանառությունը, բացի քարոզչականից, այլ նպատակներ չէր հետապնդում:
Սեմինարի աշխատանքին մասնակցում էր նաեւ ՌԱՀՀԿ հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Զույգ զեկույցների շուրջ վերջում ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն: