19 մայիսի 2016թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր հրավիրված սեմինարի թեման առնչվում էր ԼՂՀ-ում ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի քաղաքական առանձնահատկություններին, որոնք պարզորոշ երեւում են ինչպես Հայաստանի ու Արցախի ներսում, այնպես էլ ԼՂՀ-ի վերաբերյալ միջազգային քաղաքականության մեջ: Կլոր սեղանի շուրջ ծավալված քննարկումներին մասնակցում էին փորձագետ-վերլուծաբաններ, քաղաքագետներ, հանրային հատվածի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Բացելով սեմինարը, ներկաներին ողջունեց ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը: «Քառօրյա պատերազմը, որից հայկական կողմը փաստորեն պարտված դուրս եկավ՝ կորցնելով տարածքներ ու կարեւոր դիրքեր, բացահայտեց մեզանում բանակաշինության ոլորտի լրջագույն խոցերը»,- ասաց նա:
Հիմնական զեկույցներով հանդես եկան ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը եւ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը:
Թե ինչ է փոխվել հակամարտ կողմերի ապրիլյան քառօրյա զինված առճակատումից հետո եւ քաղաքական ինչպիսի հետեւանքներ է առաջ բերել ետպատերազմական ներկա իրավիճակը, իր զեկուցման մեջ մանրամասնեց Մանվել Սարգսյանը: Ըստ նրա, ղարաբաղ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայից հետո աշխուժացել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային մակարդակում: «Բուն Հայաստանում եւ Արցախում ակտուալացվել են պետական կառավարման, կոռուպցիայի, ֆինանսատնտեսական իրադրության հետ կապված հիմնախնդիրները, ինչպես նաեւ ներքին ու արտաքին քաղաքականության արմատական վերանայման անհրաժեշտությունը»,- նշեց զեկուցողը՝ միաժամանակ նկատելով, որ պատերազմից հետո, փոխվել են հայ հասարակության հոգեվիճակն ու բանավեճի առարկան:
ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը աշխարհաքաղաքական համընդհանուր զարգացումների համատեքստում վերլուծեց Արման Մելիքյանը՝ կարծիք հայտնելով, որ ճանաչումը պետք է համադրելի լինի արտաքին նպաստավոր միջավայրի եւ աշխարհի խոշոր «խաղացողների» շահերի հետ: «Ճանաչման խնդիրը այսօր չենք կարող դիտարկել աշխարհաքաղաքական զարգացումներից դուրս: Ընդորում՝ պետք է մինչ այդ պատրաստվի դիվանագիտական հուսալի ենթահող, որպեսզի ճանաչումը լինի Արցախի՝ սահմանադրորեն ամրագրված ներկա տարածքների սահմաններում, իսկ Հայաստանի վրայից մեկընդմիշտ հանվի ագրեսորի խարանը, որը մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների թույլ աշխատանքի հետեւանքն է»,- ընդգծեց Արցախի արտաքին գործերի նախկին նախարարը: Նրա խոսքով՝ ճանաչման հարցը երկու ասպեկտ ունի՝ մեկը տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումն է, մյուսը նրա դերի չեզոքացումը:
Վերջում զեկույցների շուրջ տեղի ունեցան հարցուպատասխան եւ մտքերի աշխույժ փոխանակություն, որոնց մասնակցեցին ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը, Հադրութի ինքնապաշտպանական մարտերի մասնակից Մարգարիտա Քարամյանը, «Ա1+»-ի քաղաքական մեկնաբան Մերի Մարտիրոսյանը, հանրային հատվածի ներկայացուցիչ, հոգեբան Հրաչյա Տաթեւյանը, էլեկտրոնային «Թերթ»-ի վերլուծաբան Տիգրանուհի Մարտիրոսյանը եւ ուրիշներ: