25 մայիսի 2017թ., Երեւան: Այսօր ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) անցկացրեց Կլոր սեղանի շուրջ սեմինար-քննարկում, որի թեման էր՝ «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. բանավեճեր արցախյան ստատուս-քվոյի շուրջ»: Հրավիրված էին փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող անձինք, քաղաքագետ-վերլուծաբաններ, հանրային ակտիվիստներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Բացելով քննարկումը եւ ողջունելով ներկաներին, ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանն ասաց. «Այսօրվա քննարկումը մի փորձ է՝ հնարավորինս հստակեցնելու «ստատուս-քվո» հասկացության տարակերպ ընկալումները, որոնք առկա են Արցախի հիմնախնդրի վերաբերյալ միջազգային քննարկումներում: Ո՞րն է իսկապես ավելի վտանգավոր՝ ստատուս-քվոյի պահպանո՞ւմը, թե՞ դրա փոփոխումը. հարցը խիստ արդիական է եւ պահանջում է համակողմանի պարզաբանումներ»:
Հիմնական զեկույցներով հանդես եկան ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը եւ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը:
Անդրադառնալով մասնավորապես արցախյան ստատուս-քվոյի իրավաքաղաքական տեսանկյուններին, Մանվել Սարգսյանը նկատեց, որ տվյալ խնդրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարածքները պատկանում են կողմերից մեկին՝ Արցախին, իսկ դրանց նկատմամբ իրավունքը մնացել է Ադրբեջանի ձեռքին: «Հենց այս հանգամանքն էլ կանխորոշում է թե՛ դիվանագիտությունը եւ թե՛ ռազմաքաղաքական մթնոլորտը: Ադրբեջանն իրեն է վերապահել նաեւ պատերազմ սկսելու ու տարածքները զենքով ետ բերելու իրավունքը, ինչը եւ իրագործեց անցյալ տարվա ապրիլին՝ առանց դույզն-ինչ դատապարտվելու միջազգային հանության կողմից: Հետեւաբար, Հայաստանի քաղաքականության էությունը պետք է լինի Ադրբեջանին այդ իրավունքներից զրկելը,- համոզված է Սարգսյանը:
Իր զեկուցման մեջ Արման Մելիքյանն էլ մանրամասնեց Արցախում ստատուս-քվոյի աշխարհաքաղաքական տեսանկյունները՝ նշելով, որ ստատուս-քվոյի պահպանման կամ փոփոխության տարբերակներից ոչ մեկն ի զորու չէ ցանկալի լուծում ապահովել ԼՂՀ-ի համար: «Բանն այն է, որ 1993թ. աշնանը՝ Ադրբեջանում Հեյդար Ալիեւի նախագահ դառնալուց հետո, Հայաստանը հռչակվեց հակամարտության կողմ, եւ այդպիսով խնդիրը միջազգայնացվեց: Օգտվելով պատեհ առիթից, Ադրբեջանը կարողացավ նենգափոխել հակամարտության էությունը, այն ներկայացնել որպես հարեւան երկրների միջեւ ծագած տարածքային վեճ՝ պահանջելով վերադարձնել «զավթած» տարածքները»,- նշեց բանախոսը՝ պատահական չհամարելով, որ հաճախ խնդրի կարգավորման շուրջ խոսելիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնն են պահանջում Հայաստանից:
Սեմինարի աշխատանքին մասնակցում էր եւ թեմայի վերաբերյալ իր տեսալականը ներկայացրեց ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն, ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: «Անկախ ԼՂՀ-ի ստատուս քվոյի կամ գոյավիճակի նշված տարբերակներից, իբրեւ մեկնակետ պետք է ընդունել Արցախի տարածքային ամբողջականությունը երիտասարդ Հանրապետության Սահմանադրությամբ գծած սահմաններում: Սա շատ ավելի կարեւոր է, քան գոյավիճակի շուրջ բանավեճերը»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Զույգ զեկուցումների շուրջ ծավալված հարցուպատասխաններին ու կարծիքների աշխույժ փոխանակությանը մասնակցեցին «Միացյալ հայեր» շարժման խորհրդի անդամ Ազատ Արշակյանը, քաղաքագետներ Արմեն Աղայանը, Սերգեյ Շաքարյանցը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը եւ ուրիշներ: