ՌԱՀՀԿ-ն Հայոց ցեղասպանության խնդիրն արծարծեց միջազգային քաղաքականության դիտանկյունից

29 ապրիլի 2014թ., Երեւան : Այսօր՝ Մեծ եղեռնի մեկդարյա տարելիցին ընդառաջ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) 1915թ. Հայոց ցեղասպանության խնդիրն արծարծեց միջազգային քաղաքականության դիտանկյունից: Կլոր սեղանի հերթական քննարկմանը հրավիրված էին թուրքագետ-վերլուծաբաններ, քաղաքագետներ, հանրային հատվածի ակտիվիստներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Սեմինարը բացեց եւ նրա մասնակիցներին ողջունեց ՌԱՀՀԿ հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նախօրեին էր վերադարձել Թուրքիա կատարած վեցօրյա այցից: «Հատկանշական է, որ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններն այս տարի զգալապես ընդլայնեցին իրենց աշխարհագրությունը՝ ներառելով նաեւ Ստամբուլը եւ Թուրքիայի մի շարք այլ քաղաքներ: Դրա հետ մեկտեղ՝ գնալով տիրապետող է դառնում այն գիտակցությունը, որ 99 տարի առաջ Արեւմտյան Հայաստանում կատարված ոճիրը սոսկ ցեղի սպանություն չէր, այլեւ հայրենազրկում, որի խնդիրը հավասարապես պետք է դրվի իրավական հիմքի վրա»,- ասաց Հովհաննիսյանը:

Այնուհետեւ «Ցեղասպանության հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում» թեմայով հետաքրքիր զեկուցում ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը: 1965 թվականից ի վեր հայկական կողմի պայքարի թիրախը՝ ճանաչումը, նրա կարծիքով, ճիշտ չէ ընտրված. «Բոլոր ջանքերը հատուցման, պահանջատիրության հունով ուղղորդելու փոխարեն մենք անպտուղ պայքար ենք մղում թուրքական ժխտողականության դեմ»,- պատմական էքսկուրս կատարելով՝ փաստեց Մելքոնյանը: Մինչդեռ Ցեղասպանությունը վիճարկելը, ըստ բանախոսի, քաղաքական լրջագույն սխալ է, որի մեջ թուրքերը միշտ փորձել են մեզ ներքաշել: «Ճանաչումն առանց դատապարտման եւ հատուցման գրոշի արժեք չունի: Ցեղասպանվածի ու հայրենազրկվածի բարդույթից մենք կազատվենք միայն այն դեպքում, երբ մեզ վերադարձվի մեր հայրենիքը, ինչը, իմ խորին համոզմամբ, միանգամայն հնարավոր է»,- վստահեցրեց գիտնականը:

Իր հերթին՝ Ցեղասպանության ճանաչման միջազգային քաղաքականությունը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդրի լույսի ներքո դիտարկեց ՌԱՀՀԿ գիտական տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ շեշտելով, որ Հայոց ցեղասպանության հիմնահարցը արեւմտյան տերությունների համար վաղուց դարձել է Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունների կարգավորման գործիք: «Համադրելի՞ է արդյոք այս վիճակը սփյուռքահայության եւ Հայաստանի շահերի հետ: Որքանո՞վ է պահանջատեր Հայաստանը, ո՞րն է նրա իրավունքը, մի՞թե մենք հաշտվել ենք այն իրողության հետ, որ մեր իրավունքն ուրիշներն են տնօրինում՝ ի շահ իրենց նպատակների: Ուրեմն ինչպե՞ս Ցեղասպանության խնդիրը դուրս բերել աշխարհաքաղաքականության ցանցից, ո՞րն է մեր այլընտրանքային դիրքորոշումը»,- այս հարցադրումների վրա հրավիրելով ներկաների ուշադրությունը, խնդրո առնչությամբ լուրջ վտանգներ է տեսնում Սարգսյանը:

Զեկուցումների շուրջ ծավալված հարցուպատասխանին եւ կարծիքների փոխանակությանը մասնակցեցին ՀՀ նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, փորձագետներ Սուսաննա Բարխուդարյանը, Սեդա Մելիքյանը, վերլուծաբան Սարո Սարոյանը եւ ուրիշներ:

Գերիշխող տեսակետն այն էր, որ պետք է ճկուն ու դինամիկ ուղեգիծ հաղորդվի ՀՀ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքին՝ այն հաշվով, որպեսզի անցած դարասկզբին իր բնօրրանում հայությանը պատուհասած ողբերգությունը մանրադրամ չդառնա գերտերությունների աշխարհաքաղաքական խաղերում: