Իհարկե, հատուկ չեմ հաշվել, բայց կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը մարտի 24-28-ը Չինաստան կատարած պետական այցի հինգ օրերին առնվազն տասնհինգ անգամ հիշատակել է Մետաքսի ճանապարհի անունը: Պեկինյան գրեթե ոչ մի հանդիպում չի շրջանցել այդ թեման: Տարածագոտու տնտեսական ու մշակութային զարգացման մեջ կարեւոր առաքելություն կատարած հինավուրց ճանապարհային ցանցը վերականգնելու գաղափարով ՀՀ նախագահի հրապուրվածությունն ակնբախ էր:
Եթե ուշադրություն դարձրել եք, այդ մեծ առեւտրաքարավանային մայրուղու անվանումը պարոն Սարգսյանի շուրթերից հնչել էր թե´ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի ու Պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ հանդիպումների ընթացքում եւ թե´ Պեկինի համալսարանում ու Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովում: Ընդ որում, հնչել էր բազմիցս եւ ոչ առանց զգացմունքային շեշտադրումների:
«Հուսով եմ, որ մեր օրերում Մետաքսի ճանապարհի հայաստանյան հատվածով անցնող հարավային երկաթուղու կառուցման ծրագիրը կլինի մեկն այն նախագծերից, որ կոչված է նպաստելու նշյալ տնտեսական գաղափարի (Մետաքսի ճանապարհի վերագործարկման-հեղ.) իրականացմանը»,- մարտի 27-ին Պեկինի համալսարանում ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նշել է Սերժ Սարգսյանը:
Թվում է, թե մայրուղուն նոր կյանք տալու՝ վերջինիս շահագրգռվածության մեջ արտառոց ոչինչ չկա. չէ՞ որ կարեւորության առումով իսկապես Մետաքսի ճանապարհն արժե, որ իր մասին խոսեն: Եվ խոսեն ակնածանքով, ինչը միանգամայն բնական է:
Այս ողջ «մետաքսասիրության» մեջ անբնականն այլ բան է: Ժողովուրդն ասում է` «լեզվի տակ ոսկոր չկա», ինչքան ասես, կարելի է խոսել, բայց միայն խոսելով հարց չես լուծի: Մանավանդ` եթե խոսքը վերաբերում է կենսական նշանակության այնպիսի առանցքի, ինչպիսին Մետաքսի ճանապարհն է: Եվ մանավանդ` եթե այդ մասին խոսողը բնավորությամբ շուտ ոգեւորվող եւ դեպքերից առաջ ընկնելու որոշակի հակումներ ունեցող Սերժ Սարգսյանն է:
Նույն այն Սերժ Սարգսյանը, ով տարիներ առաջ խանդավառված պատմում էր ՁԻԱՀ-ՄԻԱՎ-ը բուժող հայկական հրաշքի` Արմենիկումի մասին: Եթե չեմ սխալվում, դա 1998 կամ 1999 թվականին էր: Թե ինչ անփառունակ ավարտ ունեցավ «արմենիկումյան էպոպեան», բոլորս տեսանք` ավելի անպատվաբեր վախճան, քան «մոռացման փոշու» տակ հավիտենապես թաղված մնալն է, չէր կարող լինել: Արմենիկումի հռչակն արագ բռնկեց եւ արագ էլ մարեց: Նրա իրական փառքի էջը փակվեց՝ դեռ չբացված:
Ավելի ուշ վրա հասավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «էպոպեան», եւ գործընթացի մոտալուտ հաջողության մասին Սերժ Սարգսյանը սկսել էր խոսել նույնքան ինքնավստահ, որքան նախորդ շաբաթ Մետաքսի ճանապարհը տնտեսական զարգացման գոտի դարձնելու գաղափարի մասին: Բայց ի՞նչ շահեց դրանից Հայաստանը: Փաստն այն է, որ նրա նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» դարձյալ ոչ մի օգուտ չբերեց, եթե չասենք` էլ ավելի խճճեց երկու պետությունների հարաբերությունները: Իսկ Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանն ընդհանրապես դրանից հետո լրիվ արձակեց սանձերը:
Նույնը վերաբերում է ՀՀ գործող նախագահի մի շարք այլ անկատար կամ կիսակատար նախաձեռնություններին, որոնց մեկնարկը, շնորհիվ իշխանական ԶԼՄ-ների ու ՀՀԿ-ական «սազանդարների», շռնդալից էր, իսկ վերջաբանը… ինչպես միշտ: Ահա այդ կարգի ձեռնարկներից մի քանիսը. Ազգային անվտանգության ռազմավարության կամ ռազմական հայեցակարգի մշակում, մի շարք ոլորտներում բարեփոխումների իրագործում, կառավարման խորհրդարանական համակարգի ներդրում եւ այլն, որոնց շուրջ եղան սոսկ ամպագոռգոռ հայտարարություններ, անպտուղ բանավեճեր ու քննարկումներ, ու նորից «սայլը տեղից չշարժվեց»: Նշված խնդիրներից եւ ոչ մեկը լիարժեք լուծում չստացավ:
Հարց է առաջանում՝ ամենագլխավոր հարցը. ուրեմն ինչի՞ համար են բարձրագոչ խոսքերը, իրարանցումը, անհարկի ոգեւորությունը, մի խոսքով՝ գետը չտեսած՝ բոբիկանալու եւ ժամանակ առ ժամանակ հասարակության մեջ արհեստական օրակարգեր նետելու այդ մարմաջը: Արդյո՞ք դա արվում է մարդկանց ուշադրությունը կարեւորից շեղելու կամ, ինչպես ժողովուրդը կասեր, ծամոն բաժանելու համար: Այսինքն՝ մարդկանց զբաղեցնելու: Միգուցե: Դա, կարծես թե, ճշմարտանման է հնչում, որովհետեւ «ծամոնը» միշտ հրամցվում է ճիշտ ժողովրդի սոցիալական հուզումների, դժգոհությունների կամ ցասումի պահերին:
Թե չէ՝ ինչպե՞ս հասկանալ, երբ «հայկական հրաշք» հռչակվող դեղամիջոցը, շատ չանցած, ստվեր է մղվում՝ իբրեւ անպետք իր, երբ «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո ավելի են սրվում հարեւանի հետ հարաբերությունները, երբ Ազգային անվտանգության ռազմավարության տարիներ տեւող մշակումներից հայ-ադրբեջանական սահմանում չեն նվազում մահվան ելքով միջադեպերը, իսկ համակարգային բարեփոխումները, փոխանակ լավացնելու ժողովրդի ապրուստը, խթանում են գործազրկությունը, արտագաղթը, առաջին անհրաժեշտության ապրանքների ու մթերքի գնաճը, կոռուպցիան, դատաիրավական կամայականությունը, ամենաթողությունը: Ինչ-որ բան, ուրեմն, իր տեղում չէ:
Ու հիմա էլ, ահավասիկ, մոդայիկ դարձավ Չինաստանից հայ բազմաչարչար ժողովրդին մատնացույց արվող Մետաքսի ճանապարհը: Գնա՛նք այս ճանապարհով, եւ կհասնենք երանելի ափին: Իսկ իրականում Սերժ Սարգսյանը բարեկամ Չինաստանից մեզ համար «ծամոնի» նոր տեսակ էր ներմուծում, ընդ որում՝ բավական պատկառելի խմբաքանակ, որպեսզի այն բավականացնի մինչեւ իր նախագահական ժամկետի ավարտը: Դրանից հետո Աստված ողորմած է:
Գեւորգ ԼԱԼԱՅԱՆ