Բոլոր նշաններից երեւում է, որ Ռուսաստանը վաղ թե ուշ ստիպված է լինելու վերադարձնել հետանկախական շրջանում Հայաստանից «փախցրած» գույքը, որին փաղաքշորեն անվանել է դուստր ձեռնարկություն: Շատ հնարավոր է, որ տարած-ետ բերած առաջին «աղջիկը» լինի հենց «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» հոլդինգի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ինչ էլ երկար անուն-ազգանուն են տվել մեր ՀԷՑ-ին): Չնայած վերջինիս շուրջ բորբոքված կրքերը մի փոքր հանդարտվել են, սակայն օգոստոսի 1-ից, երբ հայաստանցիները դեմառդեմ կանգնեն թանկ «գլխագին» վճարելու փաստի առջեւ, իրավիճակը կարող է կրկին լարվել՝ առաջ բերելով հակառուսական տրամադրությունների նոր ալիք:
Եթե անկեղծ լինենք՝ ռուսաստանցի կառավարիչների (կամ՝ «փեսացուների») հարցում մեր բախտը ահավոր չբերեց: Չափից դուրս լպիրշ դուրս եկան բոլորը: Կոնկրետ «ՌԱՕ ԵԷՍ»-ի մասով հունիս ամսից պայքարի ելած՝ հանրության առավել ակտիվ շերտերն ակնկալում էին (եւ՝ են) կամ ողջամիտ «գլխագին», կամ քաղաքակիրթ «ապահարզան»: «Ոչ` թալանին, ե´տ բերեք մեր «դստրերին»»,- համերաշխ վանկարկում էին ցուցարարները: Նույնիսկ լուրեր էին պտտվում ՀԷՑ-ը վերադարձնելու կամ հայազգի գործարարի փոխանցելու մասին:
Իսկապես, հայաստանցի «դստրերի» հետ Ռուսաստանը վարվում է խելքը փչածի պես: Ուզենա՝ կվերավաճառի որպես ստրուկի, ուզենա՝ կկոնսերվացնի-կպահի, ուզենա՝ կմատնի տեւական արհամարհանքի: Ճիշտ այդպես նա վարվեց պարտքի դիմաց Հայաստանից 2003-ին տարած մեր հինգ «գեղեցկուհիների» հետ: Խոսքը Հրազդանի ՋԷԿ-ի, «Մարս» գործարանի, Կառավարման ավտոմատացված համակարգերի, Մաթեմատիկական մեքենաների եւ Նյութաբանության գիտահետազոտական ինստիտուտների մասին է:
Որքա՜ն խոստումներ շռայլեցին ռուս «փեսացուները», թե անհոգ եղեք, մենք իրենց աչքաթող չենք անի, լավ կպահենք, լավ կշահենք եւ այլն, բայց այսօր՝ ամոթալի գործարքից ավելի քան մեկ տասնամյակ անց, նրանցից լիարժեք գործում է միայն մեկը՝ Հրազդանի ՋԷԿ-ը: Անունը դնելով «Գույք՝ պարտքի դիմաց», ուղղակի Հայաստանի «կաշին քերթեց» ռազմավարական կոչված մեր գործընկերը: Ներում-բեկում չեղավ: Ուրիշ շատ երկրների մի քանի հարյուր միլիոնի, անգամ միլիարդի հասնող պարտքերը զրոյացրեց, իսկ Հայաստանի «քրջոտ» 98 միլիոնը քամեց մինչեւ վերջին սենթը:
Եվ առհասարակ՝ ինչին աչքը դիպավ ու սիրտը կպավ, իրենով արեց: «ԱրմենԹել»-ն ու «Արմենալը», «Սեւան-Հրազդան» կասկադը, հայ-իրանական գազամուղը… Իսկ ինչ էլ հղանում էր իբրեւ Հայաստանի պետական շահից բխող նախագիծ կամ գաղափար, բայց անձամբ իր սրտով չէր, խեղդում էր հենց խանձարուրում: Այդպես արգելափակվեցին նոր ատոմակայանի եւ Հայաստան-Իրան երկաթուղու խոստումնալից ծրագրերը, որոնց իրականացումը կարող էր ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսությունը, էապես մեծացնել նրա անվտանգության եւ ինքնաբավության չափաբաժինը:
Ռուսաստանը, սակայն, չէր կարող այդպիսի բան թույլ տալ: Ի՜նչ ինքնաբավություն, ի՜նչ բան: Պետք էր անմիջապես «բամփել», ու նա «բամփեց» Հով… ներողությո՛ւն, կառավարության գլխին՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Վ. Յակունինի շուրթերով օրերս հայտարարելով, թե Իրան-Հայաստան երկաթուղին չունի որեւէ հեռանկար: «Դա նույնն է, որ պատի վրա անցք բացես դեպի հարեւան տան պատը»,- «Արմինֆո»-ի հետ զրուցելիս հայ-իրանական երկաթուղու թեման փորձել էր մեկընդմիշտ փակել ռուսաստանցի պաշտոնյան:
Բայցեւայնպես՝ ռազմավարական մեր գործընկերոջ համար նախընտրելին էներգետիկան է: Նրան շա~տ են դուր գալիս այդ ճյուղի հայաստանյան «օրիորդները»: Նախանցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված «գազային» համաձայնագրով հայկական կողմը 150 մլն դոլար դարձյալ անհասկանալի պարտքի դիմաց «Գազպրոմին» վաճառեց «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի կառավարության բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը՝ այդպիսով ռազմավարական ոլորտի կառավարումը լիովին հանձնելով ռուսական ընկերությանը: Կամ, կարելի է ասել, դրսեւորելով պետական արժանապատվությունից եւ ինքնիշխանության զգացումից իսպառ զուրկ կառավարությանը բնորոշ վարքագիծ:
Այնինչ աշխարհի համբավավոր մասնագետներն անթույլատրելի են համարում երկրի առանցքային ոլորտի հանձնումը այլ պետության: «RUSARMINFO»-ի հետ զրույցում այդպիսի կարծիք է վերջերս հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի ամբիոնի վարիչ Աբել Աղանբեկյանը: Ըստ նրա, Հայաստանի էներգետիկայի բնագավառը պետության տնտեսական զարգացման շարժիչ ուժն է:
«Ինքս զբաղվել եմ Հայաստանի էներգետիկ համակարգի ուսումնասիրմամբ: Դա պետության ամենաշահավետ ճյուղն է: Հայաստանը տարածաշրջանի այն եզակի երկիրն է, որն ունի ավելցուկով էլեկտրաէներգիա արտադրելու եւ արտահանելու հնարավորություն: Չեմ հասկանում, թե ինչու են ռազմավարական կարեւորություն ունեցող ընկերությունները փոխանցվել Ռուսաստանին: Սեփական պարտքերն անհրաժեշտ է մարել այլ ճանապարհով: Տնտեսությունը, որն ապահովում է պետության նյութական պահանջմունքները եւ որոշում նրա ապագան, պետք է պահել սեփական ձեռքերում»,- ասել է անվանի տնտեսագետը: Նրա վստահեցմամբ՝ Հայաստանն ի զորու է դառնալ ոչ միայն իրեն, այլեւ հարեւան Վրաստանը, Թուրքիան եւ Իրանը էլեկտրաէներգիայով ապահովող երկիր:
Դե, իհարկե, ի զորու է: Բայց ի զորո՞ւ է արդյոք ՀՀ կառավարությունը դա ընկալելու: Թե՞ այնտեղ վաղուց վարժվել են ցանկացած խնդրի լուծման նպատակահարմարությունը նախ անցկացնել անձնական շահի պրիզմայով: Մեջը սեփական գրպանի համար օգուտ եղավ՝ հարցը կլուծեն, չեղավ՝ կհյուծեն:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, չի կարելի բացառել, որ վերջին շրջանի մի շարք միջադեպերի, այդ թվում հոսանքի սակագնի բարձրացման առնչությամբ հակառուսական մթնոլորտը մեղմելու նպատակով այդ երկիրը կգնա որոշակի զիջումների, ինչպես եղավ, օրինակ, Ավետիսյանների սպանության գործի վարույթը եւ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարցում: Ով-ով՝ Ռուսաստանը հիանալի գիտի, թե ինչի դիմաց ինչ կարելի է տալ: Կամ՝ ինչը հանուն ինչի կարելի է զիջել: Մեծը պահելու համար Ռուսաստանը միշտ պատրաստ է զոհել փոքրին: Կապ չունի՝ ՀԷ՞Ց է այդ փոքրը, թե՞ մի ամբողջ Հայաստան:
Մոտավորապես երկուհարյուր տարի հայերի հետ եւ հայերի հարցում ինքը հենց դրանով է զբաղված:
Գեւորգ Լալայան
ՌԱՀՀԿ խմբագիր