Հայաստան 2014. Ճանապարհ դեպի անհայտություն

25 դեկտեմբերի 2014թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) ընթերցողի դատին հանձնեց փորձագիտական խմբի ուժերով պատրաստված տարեվերջյան ուրվագիր-գրքույկը, որը կրում է «Հայաստան 2014. Ճանապարհ դեպի անհայտություն» խորագիրը: Ձեռնարկը համառոտակի ներկայացնում է ՌԱՀՀԿ անցած քսանամյա ուղին, որի արծարծմամբ հանդես է եկել Կենտրոնի հիմնադիր նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը, ինչպես նաեւ ավարտվող տարվա հասարակական-քաղաքական կյանքի կարեւորագույն փաստերն ու իրադարձությունները:

Քաղաքակրթական ո՞ր ուղեծրում է Հայաստանը տեսնում իր ապագան, ի՞նչ են փնտրում հայերն օտար ափերում, «թեժ» աշնան ներքաղաքական պերճանքն ու թշվառությունը, օգոստոսյան պայթյուն շփման գծում. ի՞նչ է ուզում հակառակորդը, եվրամերձեցման մշուշոտ հեռանկարը, Հայոց ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման մեկդարյա տարելիցի նախաշեմին. այս թեմատիկ առանցքների վրա են ՌԱՀՀԿ-ը փորձագետները հրավիրում վերլուծաբանների, քաղաքագետների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ուշադրությունը: