Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը երեկ հայտարարել էր, որ սահմանին տիրող իրավիճակը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը:
Թե ինչքանով է իրատեսական ՊՆ փոխնախարարի առաջարկը և ինչ հնարավորություններ ունի այն կյանքի կոչվելու, Tert.am-ը զրուցեց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ: Նա նշեց, որ արդեն բոլորը հստակ հասկանում են՝ Ադրբեջանը նման իրավիճակում երբևէ բանակցությունների չի գնա, հետևաբար ճնշելու նոր մեդոթներ է պետք մշակել:
«Ադրբեջանը կարող է գնալ բանակցությունների միայն եթե համոզվի, որ ռազմական ճանապարհով այս խնդիրը չի կարող լուծվել: Սա միակ միջոցն է, որ նստի բանակցային սեղանին: Նա այս տարիների ընթացքում զինվում է այն հույսով, որ հնարավոր լինի ռազմական միջոցով տարածքները ստանալ: Իհարկե Ադրբեջանին պետք է պարտադրվի նոր զինադադար, հիմա թե ո՞նց են դա պարտադրելու, դժվար է իմանալ, բայց վերջին գործողություններից հետո պաշտոնապես հայտարարվեց պատժիչ գործողությունների մասին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանին պետք է պարտադրվի նստել բանակցային սեղանի շուրջ:
Հարցին, թե ներկայիս իրավիճակում հնարավո՞ր է Ադրբեջանին ստիպել նոր հրադադար, թե դա ավելի կլարի դրությունը, քաղաքագետը պատասխանեց, որ ներկա փուլում Հայաստանը պետք է նոր քաղաքականություն վարի:
«Ադրբեջանը ունի իր ստրատեգիան, նա անընդհատ փնտրում է նոր մարտավարություն, փորձում է նորանոր ճնշման մեխանիզմներ մշակել ու պարտադրել իր տեսակետը բոլոր երկրներին ու Հայաստանին: Մենք տեսանք, որ Ադրբեջանը վերջին տարիներին դիմեց Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման, խոշոր զենքեր գնեց, առաջնագծում դիմեց դիպուկահարների պատերազմին։ Հետո տեսավ, որ պարտվում է, դիմեց դիվերսիաների քաղաքականությանը, մի որոշ ժամանակ արդյունավետ իրականացնում էր, մինչև 2014թ-ի օգոստոսին վերջնականապես պարտվեց ու հասկացավ, որ սա էլ չի կարող ճանապարհ լինել: Հիմա անցել է ավելի խոշոր զենքերի օգտագործման՝ դրանով փորձելով նոր ճնշում գործադրել: Հայաստանը պետք է այնպիսի քայլերի դիմի, որ շատ վատ դրության մեջ դնի Ադրբեջանին»,-ասաց նա:
Մանվել Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանը պետք է մտածի ու իրականացնի այնպիսի քայլեր, որոնց դեմ հակառակորդը անզոր կլինի և ուզած չուզած կնստի բանակցային սեղանի շուրջ:
«Սա է միակ ճանապարհը, որն ընդունված է միջազգային պրակտիկայում: Նոր պայմաններում նոր մեթոդներ ու միջոցներ պետք է գտնվեն»,-ասաց նա: