Ժողովրդական դիվանագիտության կողմնակիցները չպետք է կրկնեն Մինսկի խմբի առաջարկները

Հասարակությունները ԼՂ հակամարտության վերաբերյալ իր տեսակետն ունի և պետք է արտահայտի ժողովրդական դիվանագիտության միջոցով՝ չկրկնելով ՄԽ առաջարկները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանն՝ անդրադառնալով «Մինսկի գործընթացի անկախ քաղաքացիական նախաձեռնության» հայտարարությանը: Նա նշեց, որ հակամարտություններում ժողովրդական դիվանագիտությունն անհրաժեշտություն է, եթե այն գործում է անկախ առկա կարգավորման ձևաչափերից, այն է` Մինսկի խմբի ձևաչափից:

Ըստ նրա` ԼՂ դեպքում պետք է լինեն առաջարկներ, նոր գաղափարներ և լուծումներ, անկախ ՄԽ առաջարկներից: «Եթե Մինսկի խմբի տրամաբանությամբ գործեն, ապա ոչինչ ակնկալել պետք չէ: Հանրությունն առկա հակամարտությունների վերաբերյալ ունի իր սեփական տեսակետը, որը քաղաքական էլիտաների տեակետից տարբերվում է, որը պետք է արտահայտվի կարգավորման գործընթացում և նշանակալի կլինի, բայց եթե չի տարբերվում և ընդամենը կրկնվում է, ուրեմն նշանակություն չի ունենա»,- ասաց նա՝ շարունակելով, որ վերջին 20 տարիների ընթացքում եղել են որոշակի նախաձեռնություններ, որոնք հաջողություն չեն ունեցել, քանի որ կրկնել են ՄԽ առաջարկները:

Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սկիզբ առած «Մինսկի գործընթացի անկախ քաղաքացիական նախաձեռնությունը» երեկ Հելսինկիում նոր հայտարարություն է տարածել: Նախաձեռնության երկու կողմերի ղեկավարներն են` արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը և 1993-99թթ. Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական և քարտուղարության ղեկավար Էլդար Նամազովը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ստեղծված ստատուս քվոն չի կարող շարունակվել, «իրավիճակի սառեցում» տեղի չի ունենում. համարյա ամենօրյա կրակոցներից մարդիկ են զոհվում, ընդլայնվում է ռազմական բախումների տարածքը, հակամարտության կողմերի միջև աճում է սպառազինությունների մրցավազքը, պետական և քաղաքացիական մակարդակներում հռետորաբանությունն ավելի արմատական է դառնում: Ստատուս քվոյի պահպանման հետագա փորձերը անտարակույս կդառնան նոր վտանգավոր միտումների անբաժան մաս, որոնք սպառնում են ոչ միայն համաեվրոպական անվտանգությանը, այլև՝ մեր երկրների անկախությանն ու ինքնիշխանությանը»:

Հայտարարության հեղինակները սատարում են Խաղաղության համաձայնագրի իրագործման ընթացքում միջազգային ուժերի օգտագործման գաղափարը և շեշտում, որ միջազգային ուժերի կազմում չեն կարող մտնել ոչ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրները, ոչ էլ հակամարտության կողմերին հարևան պետությունները: Այնուհետև կոչով դիմում են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների ղեկավարներին, ինչպես նաև մյուս երկրներին. «Դադարեցնել բոլոր տեսակի հարձակողական զենքերի մատակարարումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարածաշրջանում: Ռազմական հակամարտության խաղաղ կարգավորումը միայն հնարավոր է հակամարտող կողմերի՝ փոխադարձ զիջումերի գնալու պատրաստակամության, առավելապաշտական պահանջներից ու նախապայմաններից հրաժարման, մեր ժողովուրդների ընդհանուր ազգային շահերի գիտակցման, ինչպես նաև՝ միջազգային միջնորդների կողմից ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անկեղծ ցանկության պարագայում»:

«Դիմում ենք կողմերի քաղաքական ղեկավարություններին, անկախ խաղաղ կարգավորման առանձին դրույթների սկզբունքների տարբեր մեկնաբանություններից, անվերապահորեն ձեռնամուխ լինել ղարաբաղյան Խաղաղության համաձայնագրի մշակմանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի ս.թ. մայիսի 7-ի նախաձեռնության և ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների ս.թ. մայիսի 12-ի հայտարարության հիման վրա:

Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերի քաղաքացիական հասարակություններին, բոլոր քաղաքական և հասարակական ուժերին դառնալ խաղաղ կարգավորման ակտիվ մասնակից, սկսել անհրաժեշտ փոխզիջումների փնտրտուքը, հրաժարվել առավելապաշտական պահանջներից և ստանձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվության իրենց մասնաբաժինը»,- ասված է հայտարարության մեջ:

1in.am