«Մոնոպոլիայի սովոր կուսակցությունը դժվարությամբ թույլ կտա ջարդել այդ մոնոպոլիան, բայց Ս. Սարգսյանին պետք է ՀՅԴ-ն»

ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները դեռ ավարտական փուլի չեն հասել եւ ամենայն հավանականությամբ մինչեւ այս շաբաթվա վերջ կավարտվեն, եւ կհրապարակվի՝ այդ կուսակցությունների ինչ նոր միություն է ձեւավորվել: Չնայած այս ամենին՝ ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները շարունակում են փոխադարձ դժգույն հայտարարություններ հնչեցնել:

Ավելի քան նկատելի է, որ ՀՅԴ-ին իշխանություն բերելու ինչպես գաղափարը, այնպես էլ կամքը Ս. Սարգսյանինն է եւ ոչ թե ՀՀԿ-ինը:

Այնուամենայնիվ, հարց է առաջանում, ինչո՞ւ նման անհրաժեշտություն առաջացավ:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասում է. «Դրա համար կարծում եմ՝ ներքին քաղաքական խնդիր չկա, որովհետեւ նման թույլ վիճակում երբեւէ չի եղել ընդդիմությունը: Եվ նոր ուժեր գործունեության մեջ ներքաշել, ուժեղացնել իշխանության դիրքերը Ս. Սարգսյանի ինչի՞ն է պետք:

Մյուս կողմից նկատելի է այն հանգամանքը, որ ՀՀԿ-ականները բավականին կոշտ են արտահայտվում ՀՅԴ-ի հանդեպ: Իսկապես հասկանալի չէ՝ ինչու պիտի կիսվեն իրենց պաշտոններով»:

Մանվել Սարգսյանն արտաքին գործոնով է պայմանավորում այս զարգացումները: Իրական պատճառներն, ըստ նրա, միայն իշխանությանն է հայտնի եւ փակ է հասարակության համար, բայց կան մի քանի ենթադրություններ.

«1. Այս մի քանի ամիսներին արտաքին պրոբլեմներ ունենան ՀՀ իշխանությունները: Դա առաջինն այն է, որ Արեւմուտքը կոշտ դիրքորոշում ցուցաբերեց հանրաքվեից հետո: Փաստորեն չճանաչեցին այդ արդյունքները: Սա բավականին լուրջ է, որովհետեւ բոլորը պետք է հասկանան, որ քաղաքական դիրքորոշում էլ կա Արեւմուտքի կողմից:

2. ԱՄՆ պահանջներն են, կառավարությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, եւ որ կոռուպցիան Հայաստանում արդեն իսկ ազգային անվտանգության խնդիր է դառնում:

Պետք է, որ այս երկու փաստերը մտահոգեն ՀՀ իշխանություններին՝ եւ Ս. Սարգսյանին, եւ թե ՀՀԿ-ում բոլորին: Չնայած առերեւույթ փորձում են ՀՀԿ-ականներն արհամարհել՝ հույս ունենալով, որ հետեւներում Ռուսաստան ունեն եւ կհենվեն Ռուսաստանի վրա, բայց իրականում հասկանում են, որ երրորդ հանգամանքն ի հայտ եկավ:

3. Միջազգային հարաբերություններում փոփոխություններն են, որոնք ազդում են մեր ռեգիոնի վրա:

Այս երեք հանգամանքներից ելնելով փորձում են ներքին ինչ-ինչ ձեւով արձագանքել: Գուցե ձեւեր թափեն, որ մոբիլիզացիա են անում, իշխանության որակն են փոխում, ինչպես սիրում է ասել ՀՅԴ-ն: Երեւի թե փորձում են ցույց տալ, որ ինչ-որ փոփոխությունների են ուզում գնալ»:

Քաղաքագետը տրամաբանական է որակում այն, որ ՀՀԿ-ին չի կարող դուր գալ առանցքային պաշտոնների «շնորհումը» ՀՅԴ-ին:

«Տարածքային կառավարման նախարարությունն, օրինակ, առանցքային նշանակություն ունի ընտրակեղծիքներ անելու համար: Որեւէ մեկը դուրս չի եկել, բան չեն ասում, բայց ինչու պիտի համաձայնեն: Բայց, այնուամենայնիվ, իշխանության բարձրագույն օղակներում այն կարծիքին են, որ Դաշնակցության մուտքը կառավարություն կարող է նաեւ միջազգային կարեւորության նշանակության քայլ համարվել: ՀՅԴ առկայությունը կառավարությունում ահագին բան կփոխի թե անվտանգության խնդիրների հետ կապված, թե Սփյուռքի հետ հարաբերություններում: Այս ամեն ինչը նշանակություն ունի, այն էական քայլ է:

Մոնոպոլիայի սովորած կուսակցությունը դժվարությամբ թույլ կտա ջարդել այդ մոնոպոլիան: Օլիգարխիկ կուսակցության համար սովորական բան չէ: Հիմա հարց է, թե Ս. Սարգսյանի համար որ խնդիրն է ավելի կարեւոր: Կարծում եմ՝ ինքը պարզապես վերադասավորումներ է անում, որպեսզի կարողանա հարթեցնել կոշտ պահանջները: Չեն կարող արհամարհել միջազգային պահանջները»,- կարծում է Մանվել Սարգսյանը:

Galatv.am