Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգի խոսքով՝ Եվրամիությունն ու Հայաստանը նպատակ ունեն երկկողմ հարաբերությունների առաջիկա համաձայնագրում, քաղաքական մասից բացի, ներառել նաև տնտեսական հատված: Թե ինչ փաստաթուղթ կընդունի Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ, եւ արդյոք դա կարո՞ղ է տեղի ունենալ հաջորդ շաբաթ Ռիգայում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում կամ առհասարակ ընթացիկ տարում՝ դեռեւս հստակ չէ:
Շվեդ դիվանագետ Մորթեն Էնբերգը նաև հույս է հայտնել,որ Հայաստանը կարող է կառուցողական դեր ստանձնել Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններում միաժամանակ լինելով ԵՏՄ անդամ:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետազոտությունների ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը հետաքրքիր է համարում այն հանգամանքը, որ եվրոպացիներն արդեն իրենք են ասում,թե Հայաստանը կարող է մերձեցնել Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումները:
«Ընդհանուր առմամբ, այս վերջին ամիսներին նկատելի է, որ Արևմուտքի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, ինչպես նաև Չինաստանի և Իրանի հետաքրքրությունները Հայաստանի հանդեպ մեծանում են: Կարծում եմ, էական փոփոխություն կա»,-նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ դրա պատճառները կարող են տարբեր լինել, որոնցից մեկը կարող է լինել այն հանգամանքը, որ այս տարվա ընթացքում ԵՏՄ-ն կայացման հարցում դժվարություններ ունեցավ.
«Առևտրային ցուցանիշները բավականին վատացան, ինչը մեծ ազդեցություն է թողնում բոլոր անդամ երկրների վրա: Բնական է, որ դա ստիպում է Հայաստանին արդեն այլ ուղղություններ գտնել, ավելի էֆեկտիվ տնտեսական կապեր գտնելու համար: Դրա մեջ իհարկե կա նաև քաղաքականություն»: Սարգսյանի խոսքով՝ եվրոպացիները կտրուկ փոխել են վերաբերմունքը ասոցացման պայմանագրի նկատմամբ. հիմա լրիվ ուրիշ կերպ են մոտենում լուծումներին, ինչը հուսադրող է:
Քաղաքագետը նկատում է, որ Հայաստանի դերը ինչ-որ կերպ քաղաքական առումով բարձրացել է եվրոպական դիվանագիտական ասպարեզում. «Այժմ տեսնում ենք, որ կտրուկ վատացել են Արևմուտքի և Ադրբեջանի հարաբերությունները և դա գուցե նաև կախված է նրանից, որ Ադրբեջանը վերջին տարիներին շատ մերձեցավ Ռուսաստանի հետ»:
Սարգսյանը կարծում է, որ ԵՏՄ-ն Ռուսաստանի համար ավելի շատ ստրատեգիական մեխանիզմ է, քան տնտեսական ինտեգրացման պրոեկտ. «ԵՏՄ նախատեսվող ծրագրեը փլուզվել են իրականացման ժամանակ, մենք դա պարզ տեսնում ենք, այդ իսկ պատճառով ցուցանիշները անկումային են»: