Շավարշ Քոչարյանը վերջերս ԱԳ նախարարի խոսնակի դերն է կատարում։ Հենց նրա շուրթերով ենք մենք ամեն հինգշաբթի, կառավարության նիստից հետո տեղեկանում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ պաշտոնական տեսակետներին և դիրքորոշումներին։ Երբեմն հակասություններ են լինում Էդվարդ Նալբանդյանի և նրա ոչ պաշտոնական խոսնակի մտքերում։ Վերջերս Նալբանդյանը հայտատարեց, որ ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին Կազանի փաստաթուղթն է։ Իսկ այսօր արդեն Շավարշ Քոչարյանն ասաց բառացիորեն հետևյալը․ այս պահին սեղանին որևէ փաստաթուղթ չկա։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Լավրովն իրոք իր հետ ինչ-որ նոր փաթեթ է բերել, որի մասին այս օրերին հրապարակումներ եղան ռուսական պարբերականներում։
«Տարբեր թերթերում տարբեր հոդվածներ են հրապարակվում, որոնց մեծամասնությունը իրականությունից հեռու է», - ասում է ԱԳ փոխնախարարը` վստահեցնելով, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը ԼՂՀ –ի հետ կապված չի փոխվել․ «Այն, ինչ որ առաջարկում են համանախագահները հայկական կողմի երազանքը չի եղել, բայց հիմքում ընկած են փոխզիջումային տարբերակներ։ Այնտեղ կա հետաձգված հանրաքվեի գաղափարը։ Իհարկե, տարօրինակ է, երբ որ արդեն եղել է հանրաքվե, ԼՂՀ ժողովուրդը միջազգային իրավունքին և այն ժամանակ գործող ԽՍՀՄ սահմանադրությանը դրույթներին համապատասխան, կազմակերպել է հանրաքվե և իր կամարտահայտությունը հստակ կատարել է։ Ո՞րն է իմաստը հետաձգված հանրաքվեի։ Ըստ միջնորդների, դա ուղղված է նրան, որ Բաքվի իշխանությունները կարողանան փրկեն իրենց դեմքը և ժամանակ ունենան, որ մատուցեն, հրամցնեն իրենց ժողովրդին դրա անհրաժեշտությունը։ Բայց հասկանալի է, որ Բաքուն ․․․ գործում է հակառակ ուղղությամբ։ Սա արդեն ստիպում է այդ հարցում բանակցել այլ մոտեցումների մասին։ Չի կարող լինել որևէ նոր մոտեցում, որը Ադրբեջանը կարող է ընկալել որպես իր իրականացված ագրեսիայի խրախուսում, և այդ հարցում մենք պետք է լինենք և լինելու ենք հետևողական»։
Եթե ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը սա է, ապա սա նշանակում է, որ գործընթացը մտել է փակուղի, ԱԳՆ-ն այլևս ի ի վիճակի չէ սայլը տեղից շարժել, ներազդել քաղաքական գործընթացի վրա, և մեզ համար լավագույն լուծումը կլիներ ուղղակի սառեցնել բանակցությունները, գոնե մինչև հրադադարի վերջնական հաստատումը։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով, մեր քաղաքսական էլիտան, դիվանագետները զոմբիացված են Մինսկի խմբով և արդեն 25 տարի է` սպասում են, որ մի օր գալու են ու իրենց ինչ-որ լուծում առաջարկեն։ «Պետք է այս զոմբիացած աուրայից դուրս գալ»։ Կոնֆլիկտի սրացում է եղել, և ըստ քաղաքագետի, զարմանալի չէ, որ Ռուսաստանը ցանկանում է իր ձեռքը վերցնել կարգավորման ղեկը։ «Երբ որ Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը վերադարձավ Բաքվից Մոսկվա, նա մեծ հարցազրույց տվեց, որում հստակ տվեց իր տեսակետը խնդրի կարգավորման վերաբերյալ։ Նա պարզ ասաց, որ հարցը երկու լուծում ունի՝ կամ տասնամյակներով «ստատուս քվոն» պահում ենք, փոխանցելով այն սերունդներին, կամ հիմա պատերազմով լուծում ենք խնդիրը։ Այլ լուծում չկա։ Երկրի երկրորդ դեմքը դա ասում է, իսկ այստեղ փնտրում են մի 15 ուրիշ լուծումներ։ Ապշեցուցիչ բան է։ Հիմա այս նույն երկրի արտգործնախարարը գալիս է առաջարկելու այն, ինչ սկսբից ասել է իրենց վարչապետը։ Լավրովն ո՞վ է, որ շեղվի վարչապետի ասածից, կարո՞ղ է գա ու ասի՝ տենց չի՞»։
-Մարդիկ հստակ տեղեկություններ են ուզում ստանալ մեր դիրքորոշման, մեր անելիքի շուրջ, բայց պաշտոնյաները խոսում են Ադրբեջանի թերություններից։ Կարո՞ղ ենք ասել, որ բանակցային գործընթաց այլևս չկա, փակուղի է մտել։
- Ոչ թե փակուղի է, այն քաղաքականություն, քաղաքական հարաբերություններ են ստեղծվում, սա ոչ թե լոկալ հարց է, այլ շարունակություն է միջազգային պրոցեսների՝ Սիրիայի, մյուսների։ Ժամանակին, երբ որ պետությունը ստեղծվել է՝ 91 թվականին, ԱՊՀ շուրջ պայմանագրերը ստորագրելիս, մարդիկ հույս են փայփայել, որ գոնե ԱՊՀ շրջանակներում այս խնդիրը չնշեն, մոռացության տան, և բոլոր իրավունքները տվել են Ադրբեջանին։ Բարձրացրեք այդ փաստաթղթերը, ԱՊՀ –ի պայմանագիրը, կտեսնեք։ Սա բերեց առաջին պատերազմին։ Երբ որ դուք իրավունքը զիջում եք մի պետության, ճանաչում եք նրա սուվերենությունը, նրա սահմանները, դուք նրան իրավունք եք տալիս ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 51 կետի, օրինական ուժ կիրառել այդ սահմանները պահելու համար։ Մարդիկ նման բաների մասին երբեք չեն մտածել ու չեն էլ մտածում։ Ի՞նչ է նշանակում իրավունք տալ, փոխանակ եղած իրավունքներից էլ Ադրբեջանին փորձեն զրկել և միջազգային հանրության առաջ խնդիրն այսպես դնեն, մտածում են, էլ ինչ իրավունքներ տան։ Այս տգիտությունը հենց բերել է փակուղային իրավիճակի։ Հիմա ի՞նչ զարմանանք, որ ինչ ասես, խոսում են… Մենք մնացել ենք 25 տարի առաջվա մտածողության։