Եթե Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում սկզբունքորեն գերակա է 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրերի կատարումը, հետևաբար հայկական կողմը պետք է պահանջ ներկայացնի նախկին դիրքերին վերադառնալու համար: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում հայտարարեց, որ սկզբունքորեն գերակա խնդիր է 1994-1995 թթ. հրադադարի համաձայնագրերի կատարման ապահովումը, այս պայմանագրերն անժամկետ են: Մանվել Սարգսյանը նշում է, որ անհասկանալի է՝ Հայաստանը համաձա՞յն է այդ դիրքորոշմանը, թե ոչ:
«Եթե դրա շուրջ են համաձայնության գալիս, բնական է, որ Հայաստանի այսօրվա առաջին պահանջը այն պետք է լինի, որ ադրբեջանական կողմը վերադառնա այն շփման գիծը, որը կնքվել է 1994 թվականի համաձայնագրով: Սա է գերխնդիրը: Եթե Հայաստանն այդ պահանջը չի դնում, նորից հերթական անգամ նշանակում է ուրիշ պետությունների շահերով են առաջնորդվում»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ստացվում է, որ նոր պայմանագիր չի կնքվում, չնայած որ վերջին շրջանում նոր պայմանագրի մասին էր խոսք գնում, գործելու է հինը, բայց Ադրբեջանը, որը խախտել է դա, չի պատժվում: Ոչ պատժամիջոցներ են կիրառվում Ադրբեջանի դեմ, ոչ հայկական կողմին իրավունք է տրվում նախկին սահմանները վերականգնել ռազմական ուժով:
«Բնական է, եթե նման դիրքորոշում է, եթե Ադրբեջանը չվերադառնա հին դիրքեր, նախկին շփման գիծ, ուրեմն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն իրավունք է ստանում ռազմական ճանապարհով Ադրբեջանին պարտադրել վերադառնալ հին դիրքեր»,- ասաց նա:
Ըստ Մավել Սարգսյանի՝ հարցն այն է, թե արդյոք հայկական կողմերն այսօր հստակ դնում են այդ խնդիրը, թե ոչ: «Ես նկատել եմ, որ իրենց հայտարարություններում որևէ մեկն այդ խնդիրը չի բարձրացնում, որ շփման գիծը, ԼՂՀ սահմանը խախտվել է: Ինչից ասես խոսում են, բայց այդ պահանջը չեն դնում, ինչն անհասկանալի է»,- ասաց նա:
Մանվել Սարգսյանը նկատում է, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, թե այս վիճակը բերում է նրան, որ կարող են վերանայվել բոլոր հին մոտեցումները, որոնք եղել են դիվանագիտական գործընթացներում: Դա, նրա խոսքով, բնական է, բայց հիմա թե Հայստանը, թե առաջին հերթին Ղարաբաղը բանակցելու մեկ թեմա ունեն Ադրբեջանի հետ՝ վերադարձ նախկին դիրքեր: Ուրիշ հարց չի կարելի քննարկել, մինչև դա չարվի: Այդ հարցը, նրա խոսքով, պետք է դրվի նաև միջնորդների առաջ:
«Հայաստանի ու Ղարաբաղի իրավունքն է` դնել միայն այդ հարցը: Եթե առաջարկում են, որ այդ փաստաթղթերն են հիմքը, ուրեմն այդ առաջարկն ավտոմատ պետք է լինի: Այստեղ խոսքերով չէ, միայն գործերով է պետք ցույց տալ»,- ասաց նա՝ հավելելով, որ հասարակությունն այս հարցը պետք է դնի իշխանությունների առաջ: