Եթե զենք են վաճառում Ադրբեջանին՝ մեզ վնասելու համար, թող վերցնեն իրենց ռազմաբազան ու հեռանան. փորձագետ

Եթե Ռուսաստանի Դաշնությունը Ադրբեջանին զենք է վաճառում՝ քաջ իմանալով, որ դա վնասելու է Հայաստանին, թող վերցնի իր ռազմաբազան ու հեռանան Գյումրիից:

Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով օրերս ՌԴ-ի կողմից 100 միավոր զենքի վաճառքին Ադրբեջանին:

«Նրանց հետ հարաբերություն պահելու իմաստը ո՞րն է, եթե այդպիսի իրողություն է: Թող վերցնեն իրենց բազան ու գնան: Սա վաղուց Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքական գիծ է, ոչ մի բան չի փոխվում, ավելի են ուժեղացնում այդ գիծը: Իսկ թե Հայաստանը ինչ է մտածում՝ ես չգիտեմ»,-ասաց փորձագետը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ավարտել է Ադրբեջանին T. 90 C տիպի 100 տանկի մատակարարումը, և շուտով հնավարավոր է ՝ նույն քանակությամբ տանկերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը: Այս մասին հայտարարել էին ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինին:

«Հայկական ժամանակը» հեգնանքով այս լուրի հետ համադրել է 2-րդը, այն է՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը նույն ժամանակահատվածում Մոսկվայում մասնակցում էր Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին:

Մանվել Սարգսյանը, ի պատասխան հարցի, թե ինչպես է գնահատում այս գործարքը, նշեց.«Սեյրան Օհանյանը թող մտածի, թող այդ հարցը բարձրացնի, բարձացրե՞լ է»:

Tert.am-ը զրուցեց նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, ով առաջարկեց ճշտել՝ սա նո՞ր գործարք է, թե՞ նախորդ պայմանագրերով նախատեսված գործարքի հերթական փուլն է:

«Հիմա նայած՝ հնի՞ իրականացումն է, թե՞ նոր պայմանագիր է: Եթե հինն է, պետք է ասեն այն, ինչ ասում էին մինչև հիմա: Իհարկե, շատ վատ է, բայց նոր բան չկա ասելու: Իսկ եթե նոր է,արդեն նոր քաղաքական իմաստ կունենա»,-նկատեց Վազգեն Մանուկյանը:

Tert.am