Քաղաքագետ Մանվել Սարգսյանը կիսում է տեսակետը, որ հայ-ադրբեջանական սահմանային լարումների այս օրերին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ոչ ադեկվատ է աշխատում. «Ու եթե Արտգործնախարարությունը չի աշխատում, բնական է, որ պետք է փոփոխություն մտցնել։ Այն հանգամանքը, որ նա օրերս փորձում էր արդարացնել Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելը, հերիք է, որ այդ մարդն ընդհանրապես այդտեղ չաշխատի»։
Ըստ նրա՝ չկա պետության կողմից տարվող քաղաքականություն, որը պետք է զսպի Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականությունը։ «Բանակի կողմից վերջին տարիներին կարծես թե նկատում ենք դա, ավելի հմուտ քաղաքականություն է վարվում, բայց դրանով չի վերջանում։ Ի վերջո՝ սա քաղաքական խնդիր է, Ադրբեջանին զսպելու համար պետք է ստեղծել այնպիսի քաղաքական իրավիճակ, որ նա հազար անգամ մտածի՝ արժե՞ կրակել, թե՞ ոչ»։
Իսկ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն վարում այդպիսի քաղաքականություն։ «Մեր ձեռքերը կապված են ռուսական բազայով, մենք չենք կարող ազատ քաղաքականություն վարել։ Մենք կարող էինք Ռուսաստանի առաջ դնել հարցեր, որ Ադրբեջանին զինել շարունակելու դեպքում կասկածի տակ կդնենք նրա հետ ռազմավարական հարաբերությունները։ Նույնն էլ ՀԱՊԿ-ի հետ կապված՝ նա այս օրերին Ալագյազում զորավարժություններ է անում, մեզ մոտ էլ խաղաղ բնակիչներ են մեռնում։ Անգամ մի հայտարարություն չկա, այդ զորավարժություններն ինչո՞ւ պետք է շարունակվեն»,- հարց է բարձրացնում քաղաքագետը։
Պարոն Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները սխալ են կառուցել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ «Իշխանություններն ի վիճակի չեն այս լուրջ խնդիրները դնել. Արդեն կապել են նրանց ձեռքերը, տարիների ընթացքում կոմունիկացիոն, տնտեսական ոլորտում բազմաթիվ փաստաթղթեր են ստորագրվել կապված հենց Ղարաբաղի հետ, որոնք թույլ չեն տալիս, որ դու խոսես այնպես, ոնց որ իրավունք ունես խոսելու։ Սա արվել է այս երկու տասնամյակում։ Այնպես չէ, որ հենց հիմա՝ երկու օրում այսպես եղավ։ Բայց պիտի վերանայվի այս ամենը՝ ուրիշ ձև չկա»։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա է նաև որոշակի մրցակցություն՝ ո՞ր երկրին ավելի լավ դիրք կզբաղեցնի միջազգային ասպարեզում, ո՞րն ավելի մեծ դեր կունենա ուժային կենտրոնների համար։ Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքն, ըստ քաղաքագետի, այդ երկրի հետ համեմատությամբ. «Ղարաբաղյան կոնֆլիկտային զոնան միջազգային մեծ նշանակություն ունեցող գործոն է և ավելի է մեծանում։ Ադրբեջանը կարողացավ հաջող կերպով հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ, ժամանակակից զենքեր ստանալ, բանակ կառուցել՝ օգտագործելով նավթը, գազը։ Մենք նույնպես մեր դերում ենք, բայց դա շատ նեղ դեր է, ինչը կապված է հենց ռուսական քաղաքականության հետ։ Այո՛, Հայաստանը շատ հզոր զսպող գործոն է տարածաշրջանում և դա ճանաչվում է ամբողջ աշխարհում, սակայն դա շատ նեղ է, ժամանակները փոխվում են, պոտենցիալները փոխվում են»,- նշում է նա։
Պարոն Սարգսյանն այս իրավիճակում ելք տեսնում է՝ Հայաստանն ավելի մեծ դեր պետք է վերցնի իր վրա, որ արդեն իսկ հարաբերություններ ստեղծվեն։ «Օրինակ՝ Իրանը հազար ու մի բան է առաջարկել Հայաստանին, բայց մեր դերն այնքան նեղ է ռուսական քաղաքականության պատերի մեջ, որ մենք չենք կարող քայլ անել, նոր հնարավորություններն օգտագործել։
«Այ սրանից է գալիս, որ ավելի հետ ես մնում, ավելի նեղ իրավիճակում ես հայտնվում՝ որպես պետություն»,- հավելում է նա։