Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանին չի զարմացնում խորհրդարանական ուժերի մեծամասնության վերաբերմունքի փոփոխությունները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, նրանց գոհունակությունն ու լավ տպավորությունները հանրապետության նախագահի հետ հանդիպումից:
«Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանում որեւէ քաղաքական համակարգ գոյություն չունի, այդ կուսակցությունները կուսակցական գործունեությամբ չեն զբաղվում: Նրանց հիմնական գործունեությունը գործող վարչակարգի հետ այս կամ այն հարաբերությունը ստեղծելն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է նա:
Քաղաքագետը նշում է, որ ընդհանրապես կուսակցական գործունեության մասին կարելի է խոսել, երբ երկրում գոյություն ունի ազատ ընտրությունների մեխանիզմ. «Երբ բոլոր կուսակցությունները զբաղված են իրենց գործով, բայց Հայաստանում նման բան չկա: Հիմա կամ այդ կուսակցությունները պետք է լուծարված լինեին, որովհետեւ անիմաստ էր նրանց գործունեությունը, կամ նրանք պետք է փորձեին իրենց համար գտնել գործունեության ինչ-որ ոլորտներ»,- ասում է նա:
Մեր դիտարկմանը, որ խորհրդարանական ուժերից, կարծես միայն ՀԱԿ-ն է այժմ ընդդիմանում սահմանադրական բարեփոխումներին, Մանվել Սարգսյանը պատասխանում է. «Եղել են խնդիրներ, օրինակ՝ Հայաստանի ԵՏՄ մտնելու հարցը, ՀԱԿ-ը շատ հանգիստ ընդունել է գործող վարչակազմի դիրքորոշումը: Հիմա ուրիշ խնդիր է, այլ դիրքորոշում է ընդունել: Այս ամեն ինչը որեւէ նշանակություն չունի: Մենք չունենք այն պատասխանատվության համակարգը, որտեղ երկրի շահերից ելնելով այս կամ այն որոշումն ընդունվի: Ինձ համար շատ անհետաքրքիր է մեր կուսակցական կյանքը, որովհետեւ դա որեւէ ձեւով կապ չունի հանրության շահի հետ»:
Քաղաքագետը նկատում է, որ սահմանադրական բարեփոխումների անցկացմամբ նախագահ Սերժ Սարգսյանի համար իր եւ իր կուսակցության վերարտադրության խնդիրն է դրված, տարբեր քաղաքական ուժեր այլ խնդիրներ են առաջ բերում. «Դաշնակցությունն ասում է, որ կարեւոր չէ դա, կարեւորը օրենքը փոխենք: Այս ամենի մեջ ո՞վ կարող է ասել՝ ճիշտն ու սխալը ո՞րն է: Ես կարող եմ ասել, որ այսօր երկրում դա չէ գերխնդիրը: Եթե ինչ-որ օրենք եք ցանկանում ընդունել, ընդունեք:
Երբ որ պետական կառավարական համակարգը անօրինական խմբավորումներով յուրացված է, այդ ամեն ինչը ակնհայտ յուրացված համակարգում է կատարվում: Հիմա գոյություն ունեն քաղաքական ուժեր, որոնք ձեւակերպում են հայաստանյան խնդիրները: Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ Հայաստանում պետք է վերացնել պետական կառավարման համակարգը յուրացնելու բոլոր հնարավորությունները, ստեղծվեն երաշխիքներ, ժողովրդի կողմից պատասխանատու եւ օրինական ընտրված պետական իշխանություն պետք է լինի»,- ասում է Մանվել Սարգսյանը եւ համարում, որ որեւէ Սահմանադրություն իրավիճակը չի փոխի, եթե մենք շարունակենք մնալ այս պետական համակարգում:
Քաղաքագետը սահմանադրական բարեփոխումներին թերահավատորեն է վերաբերում, ասում է. «Այս ամեն ինչը նշանակություն չունի, ամենը ինֆորմացիոն փուչիկներ են. մի երկու, երեք տարի մի ուրիշ ինֆորմացիոն փուչիկ կար՝ «ոսկե ցլիկի» գաղափարը՝ Գագիկ Ծառուկյանի: Դրա շուրջ էին մարդիկ սեւեռվում, ինչ-որ հարաբերություններ ստեղծում, գործունեություն ծավալում: Հիմա ի հայտ է եկել մի նոր ինֆորմացիոն փուչիկ, որը կոչվում է՝ սահմանադրական բարեփոխումներ. դրա շուրջ են մարդիկ դրսեւորվում»:
Պարոն Սարգսյանն ասում է, պետք է հնարավոր ամեն ինչ անել, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն չանցկացվի. «Եթե հանրությունը ուժ գտնի, եւ թույլ չտա, լավ կլինի: Այլ երկրներում եղել են նման փորձեր եւ հաջողությամբ են պսակվել: Հիմա չկան ուժեր, որոնք պոտենցիալ ունեն դա անելու: Եթե լինեն, ապա կարելի է մի բան անել»,- ասում է նա:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ