Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի խոսքով՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունները՝ կապված Հայաստանի ինքնիշխանության պահպանման հետ, վերաբերում են Հայաստանի՝ Ռուսաստանից կախվածությանը:
Նա Tert.am-ի հետ զրույցում պատահական չհամարեց, որ ամերիկացի դեսպանը նման հայտարարություններ է անում Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների լարվածության ֆոնին:
«Իրականում որևէ մեկը չի էլ փորձում Հայաստանում թաքցնել, որ ցանկացած քայլ Ռուսաստանի հետ համաձայնեցնելով են անում: Բացահայտ են դա անում: Մեկը փորձվի Ռուսաստանին ինչ-որ բան ասել, պաշտպանում են: Երբեք իրենց երկրի շահերն այնքան չեն պաշտպանում, որքան Ռուսաստանինը: Մենք դա ամեն օր ենք տեսնում, աշխարհում բոլորն են դա տեսնում»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել էր, որ Միացյալ Նահանգները բազմիցս ասել է, որ իրենց նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: «Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ, և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»,- նշել էր դեսպանը:
Խոսելով ԱՄՆ-ից Հայաստանին առաջարկվող «գործիքների» մասին, որոնք պետք է Հայաստանը դարձնեն ինքնիշխան, Մանվել Սարգսյանը նշեց․«Ամերիկան էլ է հասկանում, որ չունենալով անվտանգության պահպանման ինչ-որ հնարավորություններ, ազատություն, Հայաստանն ավելի մեծ կախվածության մեջ է գտնվելու Ռուսաստանից: Իրենք էլ փորձում են իրենց առաջարկները ներկայացնել՝ Հայաստանին ազատություն տալու համար: Քանի անգամ են Հայաստանին առաջարկել, որ ներդրումներ կբերեն, պարզ խոսում են այն մասին, թե ինչ պայմաններ են ուզում, որ ներդրումներ լինեն: Արդեն ամոթալի էլ է, որ այդքան բացահայտ են մեզ նման բաներ ասում»:
Մանվել Սարգսյանը համաձայնեց դիտարկման հետ, որ հարցազրույցի առիթը նաև ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ներկայացրած՝ Ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հայտարարություններն են: «Հոգլանդի հայտարարությունից կարելի էր եզրակացնել, որ նա զգուշացնում էր Ռուսաստանին, որ չի կարելի միակողմանի որոշումներ կայացնել: Բոլոր կողմերը պետք է համաձայնության գան, ոչ թե միանձնյա որոշումներ կայացվեն: Ամեն ինչի կենտրոնում Ռուսաստանն է»,- նշեց նա:
Մանվել Սարգսյանի խոսքով՝ Արևմուտքի առաջարկը շատ պարզ է՝ որոշեք ինչ է պետք Ձեզ սուվերենության համար, մենք կտանք: «Իրենք են գալիս, մեզ սուվերենություն առաջարկում: Եթե չգային, կասեինք ՝ այլ առաջարկ չկա: Դա նշանակում է, որ շահեր ու հետաքրքրություններ ունեն այստեղ: Իսկ մենք ինքնուրույն չենք գործում՝ անընդհատ Ռուսաստանի շահերը պաշտպանելով»,- նշեց նա: