20 տարի առաջ հաստատված հրադադարի, նրա անհրաժեշտության, նշանակության և հետևանքների շուրջ զրուցեցինք Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եղավ, որ հակամարտող կողմերին 1994 թվականին համաձայնության բերելու պարտավորությունն իր վրա վերցրած Ռուսաստանը գրեթե մեկ տարի անց իր տեղը զիջեց ԵԱՀԿ Մինսկի խմբին։
- Ռուսաստանը, որը մեծ դեր է խաղացել պատերազմական գործողությունները դադարեցնելու և Բիշքեկյան արձանագրության ստորագրման գործում, սկսեց հետպատերազմյան դիվանագիտությունը վարել ինքնուրույն։ ԵԱՀԽ-ին, անշուշտ, դուր չէր գալիս Ռուսաստանի կեցվածքը՝ ԼՂ-ի հարցով միայնակ զբաղվելու ձգտումը, առավել ևս՝ տարածքում ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման հեռանկարը։ Այդուհանդերձ, ԵԱՀԽ-ն ստիպված էր համաձայնվել, քանի որ դրա համար Ռուսաստանն արդեն մանդատ էր ստացել, սակայն մեկ պայմանով՝ կողմերի միջև պետք է ստորագրվեր պայմանագիր։ Ռուսաստանը ջանք չէր խնայում ՙՄեծ քաղաքական համաձայնագրի՚ տակ (այդպես պիտի կոչվեր փաստաթուղթը, որը թույլ կտար խաղաղապահ ուժեր մտցնել տարածք) կողմերի գրավոր համաձայնությունը ստանալու համար։ Այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվեցին մինչև 1994թ. դեկտեմբեր, սակայն ավարտվեցին անարդյունք։ Թե՜ ԼՂ-ն և թե՜ Ադրբեջանը կտրականապես դեմ արտահայտվեցին խաղաղապահ զորքեր մտցնելուն՝ մանավանդ ռուսական, ինչն անսպասելի էր Մոսկվայի համար։ Այդ նույն ժամանակ (դեկտեմբերի 5-6-ին) տեղի ունեցավ Բուդապեշտյան գագաթաժողովը, որտեղ Ռուսաստանը հիշեցրեց, որ ԵԱՀԽ-ն իրավունք չունի զբաղվելու խաղաղասիրական գործունեությամբ։ Դա փաստորեն ճիշտ էր։ Արդյունքում շատ սեղմ ժամանակահատվածում լուծարեցին ԵԱՀԽ-ն և անմիջապես ստեղծեցին ԵԱՀԿ-ն, որն արդեն խաղաղասիրական օպերացիաներ իրականացնելու իրավունք ուներ։ Այդ գագաթաժողովի ժամանակ որոշում կայացվեց ԵԱՀԿ-ի շրջանակում ստեղծել Մինսկի խմբի համանախագահություն, որը բանակցություններ կվարի կողմերի միջև։ Համանախագահություն ստեղծելու գաղափարը մեծ զիջում եղավ ԵԱՀԿ կողմից այդ օրերին բանակցություններում մենաշնորհ ունեցող Ռուսաստանին։ Վերջինը հասավ նրան, որ՝ 1. հանդես եկավ որպես Մինսկի խմբից անկախ կողմ՝ խմբին հավասարազոր իրավունքներով և 2. բանակցությունների հիմքում ընդունվեց ՙՄեծ քաղաքական համաձայնագրի՚ շուրջ արված աշխատանքը. դա կոնսոլիդացված տարբերակ էր։
- Այսինքն, հրադադարի համաձայնագրի՝ միջազգային ուժեր տեղակայելու մասին դրույթը ենթադրում էր միայն ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայո՞ւմ, ինչի համար էլ մնաց թղթի վրա։
- Այդտեղ շատ ընդհանուր էր տված՝ ընդամենը գաղափարը։ Նշված չէր շփման գծից հակամարտող կողմերի զորքերի հեռացման, ծանր զենքի դուրսբերման, չեզոք դիտորդների տեղակայման, միջազգային երաշխիքների սահմանման մասին։ Հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո պաշտպանության նախարարներին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է մանրակրկիտ մշակված մի փաստաթուղթ, որը սահմանում էր հրադադարի ռեժիմի պահպանման միջոցները։ Դրա իրականացման համար Ռուսաստանը ցանկանում էր ստանալ գրավոր համաձայնություն, որը, սակայն, չհաջողվեց։ Մինչև հիմա պարզ չէ՝ այդ փաստաթուղթը որևէ մեկը ստորագրել էր, թե ոչ։ Սակայն մինչ այդ՝ 1994թ. փետրվարի 18-ին ստորագրվել է մի արձանագրություն, որտեղ արդեն իսկ նշմարվում էին այդ մեծ փաստաթղթում նշվածը՝ խաղաղապահ զորքերի հետ կապված պլանները։ Դա կոչվում էր ՙԳաղտնի արձանագրություն՚, թե ինչո՞ւ, դարձյալ պարզ չէ։ Ամենայն հավանականությամբ, նախնական համաձայնություններ են եղել, ինչը թույլ է տվել Ռուսաստանին ԵԱՀԽ-ի հետ խոսել այդ ձևով։
Փաստորեն՝ շփման գոտի խաղաղապահ ուժեր կամ, ինչպես նշված է համաձայնագրի մեջ, միջազգային ուժեր չեն բերվել, քանի որ դրան դեմ էին և՜ Ադրբեջանը, և՜ Ղարաբաղը։ Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևն ամեն կերպ փորձում էր ՆԱՏՕ-ին ներգրավել այդ գործին, սակայն ապարդյուն։ Հեյդար Ալիեւն անգամ Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստին եւ ստորագրել ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚ ծրագրի շրջանակային փաստաթուղթը, որի մասին պարզ է դարձել հետո։ Մոսկվայի համար էական չէր, որ գաղտնի բանակցություններ վարող Ադրբեջանը դեմ է խաղաղապահների տեղակայմանը, սակայն երբ պարզվեց, որ դրան դեմ է նաև ԼՂ-ն, հանկարծակիի եկավ, այլևս ոչինչ չէր կարող անել խաղաղապահների մասով։
- Եռակողմ՝ Ադրբեջան, ԼՂ, Հայաստան բանակցությունների ժամանակ ղարաբաղյան պատվիրակությունը ղեկավարում էիք Դուք։ Ինչպե՞ս եք վերաբերում այն կարծիքին, որ հրադադարի համաձայնագիրը Ղարաբաղը ստորագրել է պարտադրաբար։
- Այդ ժամանակ հնարավոր չէր քաղաքական ազդեցություն ունենալ կողմերի վրա։ Ուղղակի պատերազմն այնպիսի վիճակ էր ստեղծել, հասցրել էր նրան, որ բոլոր կողմերը ստիպված էին գնալ այդ քայլին. այլընտրանք չկար։ Ադրբեջանն այդ ժամանակ լիովին փլուզվել էր, չկար, սակայն Մոսկվայի ահռելի աջակցության շնորհիվ 1993թ. վերջում ոտքի կանգնեց։ Ռուսաստանն իշխանության բերելով Հ. Ալիևին՝ ակնհայտ ռազմական օգնություն էր ցույց տալիս Ադրբեջանին։ Գերազանցապես ռուսական զենքի ու զինվորների օգնությամբ Ադրբեջանը դեկտեմբերին դաժան հարձակում սկսեց մեր դեմ. նրանք նորից մտան Քարվաճառի շրջան, չնայած ստիպված էին նահանջել՝ տալով հազարավոր զոհեր։ Այնպիսի իրավիճակ էր, որ երկու կողմում էլ պատերազմը դադարեցնելու պահանջ ու անհրաժեշտություն կար։ Ակնհայտ էր մի բան. ռուսները ոտքի են կանգնեցրել Ադրբեջանին՝ հավասարակշռություն ստեղծելու նպատակով, ինչի արդյունքում էլ ստորագրվեց համաձայնագիրը։ Զենք մատակարարողը կարողանում է ստեղծել հավասարակշռություն՝ տեխնիկապես սնանկացնելով պատերազմող բանակներին։ Նկատենք, որ 20 տարվա ամենամեծ արժեքն այն է, որ այն ժամանակ չի թույլատրվել, որ ռուսական զորքերը տեղակայվեն Արցախում։ Եթե դա լիներ, այսօր դժվար թե Արցախից ինչ-որ բան մնացած լիներ։
-Արդեն 20 տարի է, ինչ հրադադար է, սակայն Ադրբեջանը պարբերաբար խախտում է այդ ռեժիմը։ Հաշվի առնելով դա, այնուամենայնիվ, ճի՞շտ էր հրադադար կնքելը, թե՞ պետք էր ավարտին հասցնել պատերազմը։
- Դա ոչ մեկի ցանկությամբ չէր պայմանավորված։ Այլ տարբերակ չկար։ Կարևորը գիտե՞ք որն է. որ Ադրբեջանը կորցրել է այդ տարածքները։ Նա հույս ուներ Խորհրդային Ադրբեջանի տարածքում կառուցել իր պետությունը, բայց պարտվեց։ Համապատասխանաբար, Ադրբեջանն ամեն օր պայքարում է, որ աշխարհը շարունակի ճանաչել իր ՙիրավունքը՚ Արցախի տարածքի նկատմամբ։ Նրանք փորձում են հզորացնել իրենց բանակը՝ հույս ունենալով, որ աշխարհում մի բան կփլուզվի, և ռազմական ճանապարհով կլուծեն խնդիրը։ Անիմաստ է մտածել, թե մի օր Ադրբեջանը դիպուկահարներին կհեռացնի սահմանից։ Եթե մենք կարողանայինք աշխարհին համոզել՝ ճանաչել մեր իրավունքը, ստատուս-քվո իրավիճակը կփոխվեր, և կունենայինք միջազգայնորեն ճանաչված պետություն։ Ստատուս-քվոյի կարևոր բաղադրիչը միջազգային հանրության դիրքորոշումն է կոնֆլիկտային իրավիճակի հարցում։
- Բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ-ի մշտադիտարկում իրականացնելուց հետո անգամ Ադրբեջանը կրակոցներ արձակում մեր դիրքերի ուղղությամբ։ Դրանից ելնելով՝ համարո՞ւմ եք, արդյոք, որ Մինսկի խումբը լիովին կատարում է իր պարտավորությունները։
-Մինսկի խումբը շատ լավ գիտի, որ Ադրբեջանն իր հոժար կամքով երբևէ որևէ փաստաթուղթ չի ստորագրի։ Նրա խնդիրը հրադադարի ռեժիմը պահելն է, ինչն էլ անում է։ Միակ բանը, որ կարող է անել Ադրբեջանը, պարբերաբար ռեժիմը խախտելն է։ Նրանք բազմիցս են հայտարարել, որ միջադեպերն իրենց ռազմական դիվանագիտության շարունակությունն են՝ որպես ազդեցիկ մեխանիզմ։ Միջնորդի խնդիրը կողմերի միջև հանդիպում կազմակերպելն է, ինչն էլ անում են։ Իսկ իրականում, գաղտնիք չէ, որ յուրաքանչյուրը գործում է՝ ելնելով իր երկրի շահերից։
- Ուկրաինական իրադարձություններով պայմանավորված՝ ռուս-ամերիկյան լարվածության ուժեղացումն ինչպե՞ս կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։
- Ցանկացած միջազգային հարաբերությունների փոփոխություն ազդում է ստատուս քվոյի վրա։ Ելնելով վերջին հայտարարություններից՝ մենք տեսնում ենք, որ Մինսկի խումբն, այնուամենայնիվ, մի դիրքորոշում ունի. կարծես թե Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններն այն աստիճան չեն վատթարացել, որ բանակցային գործընթացը կասեցվի։ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջ. Ուորլիքի օրերս արած հայտարարությունը մեսիջ էր բոլորին։ Դրանով ԱՄՆ-ն հիշեցրել է, որ խնդրի դրվածքը սա է, որին էլ հետևել է խմբի հայտարարությունը, այսինքն՝ Ռուսաստանի պատասխանն ԱՄՆ-ին։ Հետաքրքիրն այն է, որ ԱՄՆ-ն մատնանշել էր խնդրի լուծման երեք ուղի, սակայն, դրան զուգահեռ, ԱՄՆ ամենահզոր նահանգը, ճանաչելով ԼՂՀ-ի անկախությունը, ցույց է տվել, որ կա նաև չորրորդ ճանապարհ։ Դա, իհարկե, իրավական ուժ չունի, սակայն ունի քաղաքական մեծ կշիռ։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ