Մանվել Սարգսյան. «Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է շեշտը դնեն ինքնուրույն քաղաքականության ամրապնդման վրա»

Karabakh-open.info-ի հարցազրույցը քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ։

-Ձեր կարծիքով, ինչի՞ հետ է կապված օգոստոսյան սրացումը ԼՂՀ եւ Ադրբեջանի սահմանում։

-Ես տեղի ունեցածը կանվանեի ոչ թե սրացում, այլ որպես ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ ռազմա-քաղաքական առճակատման շրջադարձային կետ: Հայ զինծառայողների պարբերական սպանությունների պրակտիկան, որն Ադրբեջանն անվանում է որպես «ռազմական դիվանագիտություն», լուրջ ռազմական ձախողում դարձավ այդ երկրի համար: Շփման գծում անվերջ դիվերսիաների շղթան, որն ի սկզբանե մշակվեց որպես անպարտելի քաղաքականություն, իրականում դարձավ արատավոր երեւույթ: Ադրբեջանի հույսերը, որ դիվերսիաների միջոցով հնարավոր է ստեղծել ԼՂՀ, Հայաստանի եւ միջազգային հանրության վրա ճնշման մեխանիզմ, ոչ միայն չեն արդարացվել, այլեւ հասցրել են Ադրբեջանի բանակը այն եզրագծին, որտեղ նա անզոր գտնվեց ԼՂՀ Պաշտպանության բանակի պատժիչ գործողությունների դեմ: Զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության դեմ կիրառվել է պատժման քաղաքականությունը: Այդ քաղաքականության դեմ Ադրբեջանն ուներ միայն մեկ հնարավորություն` օգտագործել ծանր զինատեսակներ: Այսինք, լայնածավալ պատերազմ սկսել: Սակայն իրավիճակը ցույց տվեց, որ Ադրբեջանը չկարողացավ գնալ այդ քայլին եւ, հետեւաբար, պարտություն կրեց: Ադրբեջանի կոչը միջազգային հանրությանը` պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ վկայում են, որ այդ երկրի ղեկավարությունը սթափվել է:

-Որոշ տվյալներով, Ադրբեջանը զրահատեխնիկա է մոտեցրել շփման գծին եւ նույնիսկ ինքնաթիռներ բարձրացրել օդ: Ինչո՞ւ այդ տեխնիկան չօգտագործվեց։

-Մեկ բան է ծանր զրահատեխնիկա գնել եւ այն տեղաշարժել «բաց դաշտում», եւ բոլորովին այլ բան` օգտագործել այն ժամանակակից պայմաններում: Ադրբեջանն այն երկիրը չէ, որը կարող է ինքնուրույն ընդունել լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու որոշումն այն պարզ պատճառով, որ չի կարող գնահատել նման որոշման արդյունքները: Ադրբեջանում շատ լավ են հասկանում այդ հանգամանքը, սակայն մինչեւ վերջին դեպքերն այդքան էլ լավ չէին պատկերացնում, որ նույնիսկ թեթեւ զինատեսակների օգտագործմամբ լոկալ գործողությունները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել այդ երկրի համար: Օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին Ադրբեջանին, որ չկա անպարտելի ռազմավարություն: Սա, թերեւս, ներկա պահի ամենակարեւոր դասն է: ԼՂՀ-ն ու Հայաստանն այսուհետ եւս պետք է վարեն քաղաքականություն, որի արդյունքում Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր արձակած կրակոց խնդիր կդառնա վերջինիս համար՝ լուրջ ներքաղաքական եւ միջազգային խնդիրների տեսքով։

-Ներկայումս աշխարհում բազմաթիվ արյունոտ հակամարտություններ են տեղի ունենում: Ինչո՞վ է պայմանավորված գերտերությունների եւ միջազգային հանրության այդքան բուռն արձագանքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցած օգոստոսյան իրադարձությունների կապակցությամբ։

-Լեռնային Ղարաբաղի խնդիրը շոշափում է միջազգային հարաբերությունների գլխավոր խաղացողների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Իրանի, Թուրքիայի շահերը: Այստեղ չի կարող գործել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման» կարգախոսի ներքո ոչ մի ինքնագործունեություն: Ուժերի բալանսի ցանկացած խախտում մեծ խնդիրներ կստեղծի նշված խաղացողների համար: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը չի դադարեցնում «դոբրոյի» որոնումն այս կամ այն ազդեցիկ արտաքին ուժից եւ ամեն անգամ կտրուկ մերժում ստանում բոլոր կողմերից: Չէ որ վերջիններիս համար խնդիրը ամենեւին Լեռնային Ղարաբաղը չէ, այլ տվյալ տարածաշրջանը կազմող երկրների ապագա քաղաքական անկախացումն ու քաղաքական դիրքորոշումը: Նման հարցերում շատ դժվար է կոնսենսուսի հասնելը: Ամեն դեպքում, Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է շեշտը դնեն ինքնուրույն քաղաքականության ամրապնդման վրա եւ հեռու մնան ցանկացած «դաշնակիցներից» եւ «խաղաղապահ» զորքերից: Լավագույն դաշնակիցը` սեփական իրավունքների գիտակցումն է եւ համագործակցությունը բոլոր նրանց հետ, ովքեր ճանաչում ու հարգում են այդ իրավունքները:

Karabakh-open.info