Մեր հյուրն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը
– Մի քանի օր առաջ լրացավ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության պայմանագրի կնքման 20–ամյակը: Որքանո՞վ էր կարևոր և ճիշտ այդ պայմանագրի կնքումը դեռ այն ժամանակ՝ 1997–ին:
– Բացի այն, որ պայմանագրի կնքումը կախված էր այն ժամանակվա կառավարող համակարգի ներկայացուցիչների պատկերացումներից, նշանակություն են ունեցել նաև մի շարք գործոններ: Առաջին հանգամանքը պատերազմն էր: Եվ բնական է, որ կար պատերազմի ժամանակ եղած պրոցեսների ազդեցությունը: Երկրորդ էական հանգամանքն այն էր, որ հետպատերազմյան՝ 94 թ. բանակցությունների ժամանակ Ռուսաստանը փորձում էր ամեն կերպ հասնել խաղաղապահ զորքերի տեղակայման: Տեսակետները տարբեր էին, բայց ի վերջո հաղթեց այն դիրքորոշումը, որ դա անթույլատրելի էր: Ու ռուսական զորքը Ղարաբաղ չմտավ: Դրանից հետո Ռուսաստանը փորձեց տարբեր ձևերով ազդել ՀՀ իշխանությունների վրա, որ գոնե Հայաստանի տարածքում կարողանան զորք ունենալ: Եվ արդեն 1995–ին ձեռք բերվեց ռուսական բազա տեղակայելու նախնական պայմանավորվածություն: Դա էլ իր հերթին ստեղծեց այն փիլիսոփայական հիմքը, որի հիման վրա զարգացան հայ–ռուսական հարաբերությունները:
Իսկ արդեն ռազմավարական համագործակցության պայմանագիրը Հայաստանի անվտանգության համակարգը մեծ կախվածության մեջ դրեց Ռուսաստանից: Եվ դա էլ ազդեց մնացած բոլոր հետագա պայմանագրերի վրա: Ռուսաստանը կարողացավ անհավասար պայմաններում ստորագրել տալ տարբեր փաստաթղթեր, որոնք այսօր մեծ խնդիրներ են ստեղծում մեր երկրի համար: Չի գործում հարաբերությունների այն մոդելը, որը գուցե նպաստավոր զարգացումների բերեր, և Հայաստանի ազատության ու սուվերենության աստիճանը բարձր մնար: Ռուսաստանը մեծապես օգտվեց այդ պայմանագրից և տնտեսական էքսպանսիա սկսեց՝ «գույք–պարտքի դիմաց»–ի ու այլ ձևերով ձեռք բերեց հիմնարկներ, որոնք այդպես էլ էֆեկտիվ չաշխատեցին: Արդյունքում՝ Հայաստանի տնտեսական ու ֆինանսական կախվածությունը Ռուսաստանից նույնպես մեծացավ:
– Հայ–ռուսական հարաբերությունների այդ որակական տրանսֆորմացիայի պատճառը ո՞րն էր:
– Այն ժամանակ Ռուսաստանը բոլորովին այլ վիճակում էր: Բացի այդ, ռազմական առումով «տեղավորվելով» Հայաստանում՝ նրանք գնալով մեծացրին իրենց ազդեցությունը գրեթե բոլոր ոլորտներում: Մյուս կողմից, այն ժամանակ մեզանում հրապարակ նետվեց մի թեզ, թե իբր մեր կարևոր խնդիրներից մեկը Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելն է, թե առանց հայ–թուրքական նորմալ հարաբերությունների Հայաստանը չի կարող զարգանալ: Ու ընդհանրապես, հարյուրամյա վախերի ազդեցության տակ ձևավորված ինչ–որ պատկերացումներ կային, որոնք բերում էին նման որոշումների: Իսկ եթե դուք անընդհատ պրոբլեմ եք ստեղծում, պետք է լուծումներ գտնել: Ու եթե չենք կարողանում թուրքերի հետ հարաբերություն ստեղծել, արդեն դիմում եք ռուսին՝ որպես պաշտպան: Սա մտածողության խնդիր է:
– Արդյոք այսօր չի՞ առաջացել այդ պայմանագիրը վերանայելու հարց, թե, այնուամենայնիվ, խնդիրը պայմանագիրը չէ:
– Վաղուց է առաջացել այդ հարցը: Բայց ճիշտ եք՝ խնդիրը պայմանագիրը չէ: Խնդիրն այն է, որ Հայաստանում դեգրադացվել է քաղաքական էլիտան: Պրոռուսականությունը, ռուսական ագենտուրան չափից ավելի են ներթափանցել պետական կառավարման համակարգ: Չափից ավելի սուր է դրված անձնական շահերի խնդիրը: Ռուսաստանը կարողացել է մեզանում կառուցել այնպիսի կառավարող համակարգ, ձևավորել հանրային այնպիսի գիտակցություն, որտեղ որևէ մեկը չի էլ դնում նման խնդիր: Եթե Արևմուտքի որևէ ներկայացուցիչ մի թթու խոսք է ասում, մենք միանգամից կուրծք ենք ծեծում, մատ ենք թափ տալիս՝ մի խառնվեք մեր ներքին գործերին: Իսկ թե ռուս մի լրագրող էլ մի բան ասի, բոլորն սկսում են պաշտպանել: Տեսեք, թե ինչպես ենք ատամներով պաշտպանում Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի իրավունքը: Այդ աստիճանի ենք հասել: Նման մտածողության գործիչներ ունենք և կառավարման համակարգում, և հանրային հատվածում: Իսկ դա լուրջ խոչընդոտ է, որպեսզի բարձրացվի Ռուսաստանի հետ հարաբերություններն այլ կերպ կառուցելու հարցն անգամ: Խնդիրն այն չէ, որ Ռուսաստանը մեզ համար թշնամի պետություն է: Ոչ: Խնդիրն այն է, որ հարաբերությունների սխեման է սխալ կառուցված: Պետք է ուրիշ ձևով կառուցել դրանք: Եվ դա հնարավոր է:
Այսօր մենք ունենք երկու պետություն՝ Հայաստան և Արցախ: Նրանց անվտանգության համակարգերը բոլորովին տարբեր են: Արցախում որևէ երկրի զորք չկա: Այնտեղ սուվերենության աստիճանը բարձր է: Իսկ դա միջազգային դիրքորոշումների և ուժերի բալանս է ստեղծում այդ տարածքի շուրջ: Իսկ Հայաստանն ընկալվում է որպես ռուսական ֆորպոստ: Ամբողջ աշխարհը կասկածի տակ է դնում Հայաստանի՝ սուվերեն որոշումներ ընդունելու կարողությունը: Վերջերս ՀՀ–ում ԱՄՆ դեսպանն էլ բացահայտ ասաց՝ ձեզ գործիքներ կտանք, որ կարողանաք սուվերեն լինել: Դա արդեն միջազգային լուրջ խնդիր է դարձել Հայաստանի համար:
– Ռուսաստանից անկախանալու դիմաց Վրաստանը վճարեց Աբխազիայով ու Հարավային Օսիայով, Ուկրաինան՝ Ղրիմով ու Դոնբասով: Գուցե ՀՀ իշխանությունների հասցեին ճակատային մեղադրանք հնչեցնելն այնքան էլ ճիշտ չէ՞:
– Մեղադրանքի խնդիր չկա: Դա այդ մարդկանց քաղաքական փիլիսոփայությունն է: Մարդկանց այդ մտածողությունը քաղաքական լրջագույն արատ է, որը շատ խորն է նստած: Ինչ վերաբերում է ձեր նշած օրինակներին, կոնկրետ Վրաստանը ճիշտ քաղաքականություն չէր վարում: Եթե ճիշտ ուղի որդեգրեր, ոչինչ չէր լինի:
– Հայաստանը փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել ՌԴ–ի ու Արևմուտքի հետ: Արդյո՞ք ստացվում է:
– Ես չեմ կարծում, թե դա հավասարակշռված քաղաքականություն է: Ուղղակի Ռուսաստանն այն աստիճանի է իրեն անարդար պահել Հայաստանի նկատմամբ, որ Հայաստանը կորցնելու վտանգ է զգում: Չի կարելի այդ աստիճան անկյուն հրել երկիրը: Վտանգ է ստեղծվել, որ այդ երկիրը ընդհանրապես կարող է թշնամանալ: Դրա համար ռուսները մեղմացնում են դիրքորոշումը: Արդեն չեն կարող թույլ չտալ, որ գնաս Եվրոպա, որ չմասնակցես ՆԱՏՕ–ի զորավարժություններին: Ցավոք, խնդիրն այն չէ, որ մերոնք խելոքացել են: Մարդիկ շարունակում են նայել նաչալնիկի աչքերին: Պարզապես Ռուսաստանն է վերաբերմունքը փոխել:
Արփի Սահակյան
«Փաստ» օրաթերթ