Պատերազմը որոշման խնդիր է

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

Ինչպե՞ս եք գնահատում «Միջազգային ճգնաժամային խմբի հայտարարությունը՝ Ղարաբաղի խնդրի կարգավորման, հնարավոր էսկալացիայի հետ կապված։

Իհարկե, նրանք պրոֆեսիոնալ են, ամեն բան ճիշտ պատկերացնում և ներկայացնում են, բայց ինքնին փաստն է հետաքրքրիր, թե ինչու հիմա այսպիսի ապոկալիպսիս սարքեցին։ Որովհետև մենք այս վերջին տարիներին տեսնում էինք, որ այս կամ այն տարբերակն էին ասպարեզ բերում, մեկ էլ տեսանք այնպիսի բաներ են բերում, որոնք ավելի շատ են նպաստում էսկալացիային, ինֆորմացիոն ինչ-որ ռումբեր են պայթեցնում։ Այդ հայտարարությունն էլ նման մի բան է, որն իր մեջ շանտաժի տարրեր է պարունակում, մասշտաբային նկարագրություններ և այլն։ Հիմա շատ դժվար է ասել, թե նման հայտարարության բուն նպատակը որն է։ Կան տեսակետներ, որ հօգուտ Ադրբեջանի սարսափներ են ստեղծել թե ներքին օգտագործման և թե ընդհանրապես կոնֆլիկտի կողմերի վրա ազդելու համար, կամ հնարավոր է ընդամենը բոլորին շանտաժի են ենթարկում, կամ մեկ այլ նպատակ էլ կա։ Այսպիսի փաստաթուղթ է։ Եվ ես տեսնում եմ, որ տարբեր փորձագետներ թե մեզ մոտ, թե տարբեր երկրներում նկատել են, որ այստեղ նպատակային բան է, և վերջապես չպետք է մոռանալ, որ այնտեղ կոչ կա գերտերություններին, որ նրանք ավելի ակտիվ լինեն, չթույլատրեն, կարող է տեղեկատվական ֆոն ստեղծելու նպատակ լինի, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները գուցե ցանկություն ունեն ինչ-որ ակտիվություն ցուցաբերել, քան կտրուկ քայլեր անել։ Սա Մինսկի խմբի համանախագահների այցից առաջ արված քայլ էր։

Հիմա իրավիճակը սահմանին ինչպե՞ս եք գնահատում։

Ամենաթույլ օղակը հենց դա է, որ պատերազմի խնդիրը, այն էլ լայնածավալ պատերազմի, անմիջապես կապում են շփման գծում տեղի ունեցող դեպքերի հետ։ Շատերը պատերազմը կապում են շփման գծի հետ, մինչդեռ դրանք իրար հետ ոչ մի կապ չունեն։ Պատերազմը լրիվ այլ որոշում է։ Կարող է մեկ տարի ընդհանրապես կրակոցներ չլինեն, բայց պատերազմ սկսվի, կամ հակառակը՝ անընդհատ կրակոցներ լինեն, ու դա պատերազմի չհանգեցնի։ Պատերազմը որոշման խնդիր է։ Այդ որոշմանը կարող են նպաստել, կարող են աջակցել, դրդել։ Մինչև ապրիլյան պատերազմն էլ ենք մենք դա տեսել, որ տարբեր ձևերով դրդում էին։

Իշխանությունները հայտարարում են, որ եթե սահմանին իրավիճակը չբարդանա, եթե պատերազմ չսկսվի, անպայման կտեսնենք կառավարության գործունեության հաջողությունները։ Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները։

Արդեն 25 տարի է՝ իշխանությունը առիթներ է գտնում իրենց ձախողումներն արդարացնելու համար՝ սահման, Ղարաբաղի հարց, հայ-թուրքական հարաբերություններ։ Անընդհատ պատճառներ են սարքում ՝քողարկելու համար իրենց անհաջողությունները կամ ընդհանրապես հակապետական գործունեությունը։ Ոչ մի նոր բան չկա այդտեղ։

Մամուլը չի դադարում գրել, որ 2018-ին իրավիճակը կփոխվի, որ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հրաժարական է ցանկացել տալ։ Ձեր կարծիքով, իսկապես կա՞ ներիշխանական այդ ինտրիգն ու բախումը։

Իշխանությունները խնդիրների առջև են կանգնած, որքան էլ գումարներ դնեն, ինչ-որ բաներ են ուզում անել, բայց չի ստացվում։ Բանն այն է, որ ցանկացած խնդիր իշխանությունները կարողանում են լուծել, բայց հենց ֆինանսական խնդիր է առաջ գալիս, այստեղ արդեն իրենք էլ են խեղճանում։ Եթե գումար չկա, Սերժ Սարգսյանն ի՞նչ անի, ոչ մի բան։ Միակ խնդիրը, որ ունի համակարգը, փողի պակասն է։ Օլիգարխիան հենց փողն ու իշխանությունն են, եթե իշխանությունը փող չունի, նա ոչ մի բան է։ Դրա համար էլ անընդհատ ինտրիգներ են առաջանում։

Ֆինանսների պակասը ինչի՞ կարող է հանգեցնել իշխանության ներսում։

Բնականաբար, ով մի քիչ փող ունի, նա «վերխ» է վերցնում։ Մոսկվայի միլիարդատերերը, որ մեջտեղ են ընկել, նրանք փող ունեն, Սերժ Սարգսյանը չունի։ Հենց այդտեղից էլ սկսվում են այդ ինտրիգները։

Իսկ Սերժ Սարգսյանը փող չի՞ կուտակել։

Հո իր անձնական միջոցները չի՞ բերելու դնի տնտեսության մեջ, հիմնարկներ աշխատեցնի։ Թեև, որ խելք ունենար, կաներ։

Ընդդիմադիրների մի մասը հայտարարում է, որ թեև հետընտրական զարգացումներ չեղան, բայց արտախորհրդարանական հզոր ուժի ձևավորման անհրաժեշտություն կա։ Սրանք դարձյալ լոկ խոսքե՞ր են։

Քաղաքական լիակատար վակուում է ստեղծվել։ Ընտրությունների միջոցով ոչինչ չի փոխվել, նույն ուժերն են, նույն համակարգը, նույն ուժերը ամրապնդել են իրենց դիրքերը։ Քաղաքական այս վակուումի պայմաններում որոշ ուժեր փորձում են ինչ-որ բան անել, համախմբվել և այլն, բայց դա ոչինչ չի տա։ Կուսակցությունները դեվալվացվել են։ Ընտրությունների ընթացքում էլ մենք տեսանք, որ կուսակցությունները, քաղաքական միավորումները կամ քայքայվեցին կամ, 1-2 տոկոս ստանալով, նրանց դուրս շպրտեցին քաղաքական կյանքից։ Մի անգամ էլ 2003 թվականին էր, երբ առաջին անգամ Ծառուկյանի կուսակցությունը ստեղծեցին, ասպարեզ մտցրին, բոլոր կուսակցությունները դեվալվացվեցին ու վերացան։ Նույն վակուումն է նաև հիմա։

Այսինքն՝ սա տարիների՞ վակուում է։

Տարիների ընթացքում եկան նրան, որ կուսակցությունների վերջին ներուժն էլ վերանում է։ Կյանքը ցույց տվեց, որ «Ծառուկյան» պրոյեկտը բավական արդյունավետ աշխատեց ու դեռ աշխատում է։ Հիմա քաղաքականությունը մի ձեռքով է իրականացվում, երբ ֆուտբոլ են խաղում մեկ դարպասի վրա։ Ասպարեզում մի ծրագիր է, ուրիշ ծրագիր չկա։ Հրամցնում են գործող համակարգը, բերում իրականացնում, մնացածներին մեկուսացնում, փոշիացնում։ Առայժմ իշխանություններին դա հաջողվում է։

Գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե ինչ տեղի կունենա, երբ Սերժ Սարգսյանը թողնի՞ նախագահի պաշտոնը։

Բայց 2018-ից հետո ի՞նչ պետք է լինի։ Ինչ նշանակություն ունի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, երբ երկրում տնտեսական առաջխաղացում չկա, հավասար հնարավորություններ չեն ստեղծվում, կոռուպցիան չի պակասում։ Եթե այդ ամենը չի արվում, ի՞նչ նշանակություն ունի, թե իշխանություններն ինչով են զբաղված։ Կառավարության գործունեությունից արդեն անցել է 8 ամսից ավելի, պետք է արդյունքները տեսնեինք, թե ինչպես է կրճատվում ստվերը, ինչպես են հավասար պայմաններ ստեղծել, ինչպես են դատարաններն աշխատում, որ մարդիկ հավատան ու ներդրումներ անեն։ Այդ ամենը չկա, դեռ մի բան էլ պակասել է։

http://www.lragir.am/index/arm/0/interview/view/154888