Հարցազրույց ՌԱՀՀԿ գիտական ծրագրերի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ
- Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը նշանակալից հանգրվան է մեր ժողովրդի անցած ուղին վերարժեւորելու համար: Հայոց երիտասարդ պետականության ազգային իրողությունների ու հաջողությունների նկատմամբ վերաբերմունքը տարբեր է: Ինչ եք կարծում՝ կարողացե՞լ է արդյոք հայերի ներկա սերունդը լուծել 90-ականների սկզբին իր առջեւ դրված խնդիրները: Ի՞նչ է իրենից ներկայացնում 2016-ի նմուշի Հայաստանի Հանրապետությունը:
- Պետությունն ու հասարակությունը կան, գոյություն ունեն՝ եւ սա է 25 տարվա գլխավոր ձեռքբերումը: Սակայն դրանով Հայաստանի քաղաքացիներն առանձնապես հիացած չեն: Չի հաջողվում ողջ ծավալով թոթափել կուտակված հիմնախնդիրների բեռը: Թերեւս անհրաժեշտ էր անկախությունից հետո քառորդ դար անցներ, որպեսզի Հայաստանում մարդիկ ստիպված լինեին արձանագրել, որ հռչակված նպատակներն իրականություն չեն դարձել, քանզի մենք այդպես էլ չունեցանք մեր ակնկալած արդարությունն ապահովող լիարժեք անկախ, իրավական, սոցիալական պետությունը։ Այդ անհաջողության շուրջ բանավեճերը ցայսօր էլ որեւէ ողջամիտ բացատրության չհանգեցրին: Իսկ պատճառը միանգամայն պարզ է. փորձ եւ պատշաճ գիտելիքներ չկային՝ հասկանալու համար պետականակերտման գերակայությունները: Մասնավորապես՝ այն, որ պետության բոլոր տեսակների մեջ միայն իրավական, սահմանադրական պետությունն է ժողովրդին վերապահում պետական իշխանություն ձեւավորելու իրավունքը: Նման պետությունում իշխանությունը կարող է ձեւավորվել բացառապես ազատ ընտրությունների միջոցով: Մյուս բոլոր ձեւերը դիտարկվում են որպես իշխանության յուրացում: Երկրի Սահմանադրության մեջ դա ամրագրել են, բայց այդ երեւույթի խորքային իմաստը չեն գիտակցել:
Հետագա զարգացումների ողջ ընթացքը դարձել է ընդամենը սեփական պետության հանդեպ նման վերաբերմունքի հետեւանք: Եթե Սահմանադրության պահանջներին քամահրանքով ես վերաբերվում, վերջինս «վրեժ է լուծում» հանրությունից, որն այն ընդունել է: Անիմաստ է ընդունել իրենց իրավունքների եւ երկրի պետական կարգի մասին քաղաքացիների համընդհանուր պայմանագիր (Սահմանադրություն), եթե չգիտես, թե ինչի հետ գործ ունես: Սակայն քանի որ Սահմանադրությունն արդեն ընդունվել է, ուրեմն նրա պահանջները պետք է կատարվեն անվերապահորեն: Հակառակ դեպքում երկրում ձեւավորվում է մի իրականություն, որի էությունը քրեական իշխանության «իրավունքների» եւ շահերի անընդհատ պաշտպանությունն է կազմակերպված կամ անկազմակերպ ընդդիմացող շարժումներից:
Երբ քաղաքացիներն իրենց ամբողջության մեջ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ի վիճակի չեն լինում իրացնել պետական իշխանություն ձեւավորելու իրենց իրավունքը, անհնար է դառնում խուսափել պետական կառավարման համակարգի յուրացումից։ Ցանկացած յուրացնողի (ուզուրպատորի) քաղաքականության մեթոդներն ունիվերսալ են: Ապօրինաբար խոշոր սեփականության տեր դարձած քաղաքացիները՝ գիտակցելով այդ սեփականության անօրինականության փաստը, ուրեմն եւ՝ դրա անպաշտպան լինելը, ցանկացած միջոցներով ձգտում են տիրապետել պետական իշխանության լծակներին: Միայն այդ լծակները ձեռքի տակ ունենալն է երաշխավորում սեփականության պաշտպանությունը: Այսինքն՝ անօրինական սեփականությունը ծնում է պետական իշխանության յուրացման երեւույթ: Սեփականատերերը բացահայտ հանցագործության են գնում: Մենք ականատես ենք եղել, որ այդպիսի գործողություններ շարունակաբար տեղի են ունեցել նաեւ Հայաստանում ու երբեւէ չեն պատժվել օրենքով։ Սա է պետության չկայացման հիմնական խոչընդոտը, քանզի այսօրինակ հանցագործությունն անխուսափելիորեն հանգեցնում է նոր հանցանքների շարքի:
Հետագա հանցագործությունների շղթան նույնպես լիովին ունիվերսալ է. արդարադատության չեզոքացում, ազատ ընտրությունների կաթվածահարություն, արտաքին հովանավորների փնտրտուքի արդյունքում երկրի ինքնիշխանության կորուստ: Իսկ հետո ձեւավորվում են այն իրողությունները, որոնցում մենք ապրում ենք արդեն ավելի քան երկու տասնամյակ. ազգային հարստության ու իրավունքների յուրացում, ստվերային մեխանիզմների ներդրման միջոցով պետական կյանքում իրավական անհավասարության արմատավորում, երկրի գաղութացում: Հազիվ թե որեւէ մեկը կարողանա ժխտել այս իրողությունները: Տարբեր է միայն դրանց հանդեպ վերաբերմունքը. ոմանք պատրաստ են ցանկացած գնով պայքարել, որպեսզի եղածից ոչինչ չփոխվի, ոմանք փորձում են առավելագույնս օգտվել ստեղծված իրավիճակից, իսկ մյուսները մերժում են այդ իրողությունները՝ ջանալով արմատապես փոխել դրանք:
- Ինչպե՞ս դուք կգնահատեիք 25 տարվա ընթացքում Սփյուռքի հետ Հայաստանի Հանրապետության ձեւավորված հարաբերությունները, եւ ինչպիսի՞ տեղ ունի, ձեր կարծիքով, Արցախի խնդիրը ՀՀ քաղաքական իրողություններում ու ազգային քաղաքականության մեջ:
- Ձեր նշած հիմնահարցերի ոլորտում իրավիճակն ավելի բարվոք չէ, քան երկրի ներսում: Եվ դարձյալ իրենց զգալ են տալիս անփորձությունը, պատմական խնդիրների բեռը եւ 90-ականների սկզբի հայ հասարակության աշխարհայացքային մտակաղապարները: Այնպես է ստացվել, որ ՀՀ անկախ պետականության առաջին իսկ օրերից երկրի քաղաքական ղեկավարության կողմնորոշումն ուղղված է եղել համազգային խնդիրների գործոնն առավելագույնս անտեսելուն եւ այդ խնդիրների պաշտոնական ճանաչումը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող առանձին հայկական հավաքականությունների ու կառույցների տիրույթում թողնելուն: Համարվում էր, որ անկախ Հայաստանի կառուցման ուղեգիծը չի կարող շաղկապված լինել համազգային նշանակության խնդիրների հետ: Վերջիններիս ռազմավարական կշիռն այդպիսով նվազեցվել էր: Ժամանակը ցույց տվեց, որ նման մոտեցման իրական հետեւանքները եղան այն, որ նորանկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման պահից հայկական առանցքային խնդիրները (Արցախ, Ցեղասպանություն) դուրս եկան ՀՀ ղեկավարության կարողությունների ու հնարավորությունների շրջանակից՝ ոչ միայն այդ խնդիրները վերահսկելու, այլեւ դրանց վրա դույզն-ինչ ազդեցություն գործելու առումով: Ժամանակի ընթացքում ՀՀ ներքին վիճակը ենթարկվեց արտաքին այդ գործոնների էքսպանսիային: Պետության քաղաքական իշխանությունը, հասարակությունը, ինչպես նաեւ արտաքին քաղաքականությունը դարձան հայկական արտաքին խնդիրների պատանդները: Երկար ժամանակ այդ հանգամանքը դիտվում էր որպես պետականաշինության ճանապարհի ռազմավարական արգելապատնեշ:
Իսկապես, ցաքուցրիվ եղած հայ ժողովրդի ազգային-քաղաքական իրողություններն ի սկզբանե կտրուկ հակասության մեջ մտան ՀՀ իշխանությունների ընդունած քաղաքական հայեցակարգի, ինչպես նաեւ ՀՀ ընդունած իրավական շրջանակների (նրա իրական քաղաքական-իրավական կարգավիճակի) հետ: Եվ դրանից հնարավոր չէր խուսափել, քանի որ հայկական խնդիրների ռազմավարական իմաստն անտեսելու փիլիսոփայությունը գործնականում խթանում էր համաշխարհային պրակտիկայում այդ խնդիրների ազդեցության աճը եւ, միաժամանակ, հանդես էր գալիս որպես Հայաստանի Հանրապետության վրա ազդեցության գործոն: 1998 թվականից այդ փիլիսոփայությունը հանգեցրեց Հայաստանի քաղաքական համակարգի փլուզմանն ու երկրի լիակատար հպատակեցմանը արտաքին գործոններին: Աստիճանաբար հաստատվեց արցախյան ռազմաքաղաքական կառույցի կողմից ՀՀ-ում իշխանության զավթման գործընթացը, հայ-թուրքական հարաբերություններում ընդլայնվեց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի արծարծումը, տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության լիակատար ռազմական հպատակեցումը ռուսաստանյան գործոնին, ինչպես նաեւ անվտանգության համակարգի ու արտաքին քաղաքականության անցումը ԱՄՆ-Ռուսաստան-Ֆրանսիա եռապետության ենթակայությանը (Մինսկի գործընթացի շրջանակներում):
Չըմբռնելով ի հայտ եկած ապակառուցողական երեւույթների պատճառը, Հայաստանի քաղաքական ընտրախավը մեկուկես տասնամյակ պնդում էր. «Մինչեւ չլուծվեն արցախյան հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը, Հայաստանում հնարավոր չի լինի կառուցել իրավական պետություն եւ ապահովել նրա տնտեսական զարգացումը»: Ընդ որում, այդ թյուրըմբռնումների ակունքները երբեք չէին դիտարկվում արտաքին քաղաքականության կիրառվող ռազմավարության ծիրում, այսինքն՝ ՀՀ-ի հետ անմիջականորեն կապված ոչ մի հանգամանք չէր դիտարկվում որպես պետականակերտման ուղու լուրջ խոչընդոտ:
- Ստացվում է, որ հայ ժողովուրդն այդպես էլ չկարողացա՞վ 25 տարվա մեջ էական հաջողություններ ձեռք բերել:
- Ինչու չէ: Հայ ժողովուրդն ազատագրեց Արցախը, ստեղծեց մարտունակ բանակ եւ ինչ-որ չափով կայուն ֆինանսական համակարգ: Կարելի է պնդել, որ Հայաստանի Հանրապետությունը հետխորհրդային տիրույթի այն փոքրաթիվ երկրներից է, որը կարողացավ ոչ միայն պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, այլեւ ընդարձակել սեփական երկրում հայ ժողովրդի անկախ գոյակցության սահմանագոտին: Դարավոր անվերջանալի կորուստների խորապատկերին նշված խնդիրների լուծումը ռազմավարական իմաստ ունի մեր ժողովրդի համար: Եվ, որ կարեւոր է՝ ՀՀ-ն, ԼՂՀ-ի հետ համատեղ, կարողացավ ձեռք բերել մի շարք ազդեցիկ տերությունների համար արժեքավոր միջազգային դեր՝ իբրեւ տարածաշրջանային անվտանգության համակարգի սուբյեկտ: Միգուցե այդ դերն ամենաարդյունավետը չէ, բայց մեր երկրով հետաքրքրվում են, նրա հետ հաշվի են նստում հենց այդ դերի շնորհիվ:
- Անկախության գոյության քառորդդարյա ժամանակաընթացքում Հայաստանի հասարակությունը մեծ ակտիվություն էր հանդես բերում եւ է սեփական իրավունքների պաշտպանության գործում: Ինչո՞ւ այդ ակտիվությունն էականորեն չի ազդում Հայաստանում պետականաշինության ընթացքի վրա:
- Դրա պատճառներն այսօր նույնպես ակնհայտ են։ Հասարակությանն ու քաղաքական ուժերին չհաջողվեց գիտակցել այն անկարգությունների պատճառները, որոնք ես վերը թվարկեցի, եւ ձեւակերպել ռազմավարական ներքին օրակարգ: Հետեւաբար՝ ամեն ինչ հանգեց «վատ իշխանության» հիմնադրույթին: Անկախության առաջին տարիներից սկսած՝ երկրի քաղաքական կյանքում կենսունակ է մնում ընդդիմության կողմից որդեգրված հիմնարար մի թեզ, որն անփոփոխ է արդեն 25 տարի։ Քաղաքական ուժերի ողջ փիլիսոփայությունն ու գործելակերպը սեւեռվել են «իշխանափոխություն» կարգախոսին։ Իշխանափոխություն՝ կեղծվող ընտրություններում մասնակցության միջոցով. սա է իր համար գերխնդիր դարձրել ընդդիմությունը՝ դրա հրատապությունն ընդգծելու համար բերելով երկու հարակից փաստարկ՝ «Հանցավոր ռեժիմը երկիրը հասցրել է ոչնչացման եզրին» եւ «Մենք այլ բաների մասին մտածելու ժամանակ չունենք»։
Խնդրի նմանօրինակ ձեւակերպումն ու փաստարկումները երկրի քաղաքական կյանքը տեղայնացրել են գործընթացների մի փակ ցիկլի սահմաններում եւ վերջ: Այդ գործընթացներն են՝ ընդդիմադիր կուսակցությունների բարեխիղճ մասնակցություն կեղծվող ընտրություններին; ընտրությունների արդյունքների հետընտրական բողոքարկում; դիմումներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ Սահմանադրական դատարանին; վերջնական հայտարարության ընդունում գործող վարչախմբի կողմից ընտրությունները կեղծելու մասին։ Այսպիսի կառուցակարգը ընդդիմության համար ընտրությունները դարձրել է ոչ թե ժողովրդի վստահության քվեն ստանալով՝ իր ծրագրերը կյանքի կոչելու գործընթաց, այլ «գլխավոր ընդդիմադրի» կարգավիճակ ստանալու մրցավազք։ Նպատակին հասնելու համար որոշ դեպքերում ընդդիմադիր ուժերին անհրաժեշտ է լինում պայքարել միմյանց դեմ, իսկ ավելի հաճախ՝ ստվերային պայմանավորվածությունների գնալ վարչախմբի հետ:
Փաստորեն, ազատ ընտրություններ ապահովող ընտրական մեխանիզմների կաթվածահարության պայմաններում, ֆորմալ քաղաքական գործունեությունն ինքնին դարձել է անորոշ եւ ապարդյուն։ Բնականաբար, նման զարգացումների պարագայում ավելի քան երկու տասնամյակ արտահայտվող ժողովրդական դժգոհությունները խնդիրների սխալ ձեւակերպման պատճառով է, որ չեն տվել ցանկալի արդյունք՝ սահմանադրական կարգի հաստատում եւ ազատ ընտրություններ: Այս ամենը հանգեցրել է հանրության շրջանում անզորության զգացումի առաջացման եւ սոցիումի քայքայման: Այսպիսով՝ հանրությունը գործնականում մեկուսացվել է պետական կառավարման գործընթացից եւ փոփոխության հույսերը շարունակաբար կապել այս կամ այն ոչ ժողովրդավարական ծրագրերի հետ:
Ավելին՝ Սահմանադրությունը քաղաքացիների համար որպես մահակ, իսկ վարչախմբի համար՝ իրավունքների աղբյուր օգտագործելու պատճառով ստեղծվել է պատային իրավիճակ, երբ հանրության ներսում վերանում են օրինականության եւ ապօրինության գնահատման սահմանները: Քաղաքացիները պատրաստ են ընդունել այն ամենը, ինչն, իրենց կարծիքով, երկրում կարող է հաստատել օրինականություն։ Եվ այս ամենի վկայությունն են «Սասնա ծռերի» հուլիսյան ապստամբությունը եւ նրանց սատարող տասնյակ հազարավոր մարդկանց հավաքները։
- Հայաստանում ավելի են հաճախացել այն խոսակցությունները, որ երկիրը կորցրել է ինքնիշխանությունը, եւ որ գլխավոր խնդիրը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների վերանայումն է: Որքանո՞վ են առկա իրավիճակին համապատասխանում այդպիսի պնդումները: Եվ որքանո՞վ են Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը պայմանավորված Ռուսաստանի քաղաքականությամբ:
- Ես արդեն ասացի, թե որտեղից են սկիզբ առնում գաղութացման ծիլերը եւ ինքնիշխանության կորուստները: Չլինեին արտաքին հովանավորներին ենթարկվելու ներքին դրդապատճառներ՝ չէր լինի նաեւ ինքնիշխանության կորուստ (մեր պարագայում խոսքը Ռուսաստանի հետ «ռազմավարական գործընկերության» մասին է): Բայց դա ձեւավորված փաստ է, եւ այժմ կարելի է խոսել կոնկրետ օրինակներով: 2015-ի վերջին Հայաստանը մոտեցել էր արմատապես փոխված միջազգային մի իրադրության: Սիրիայում ծավալված՝ ահաբեկչության դեմ պայքարի միջազգային քաղաքականության ասպարեզ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի մուտքը փոխեց Հայաստանի հարեւան երկրների եւ ամբողջ հետխորհրդային տարածքի քաղաքականության բոլոր գերակայությունները: Այդ իրավիճակում ռազմավարական առումով ուշագրավ հանգամանք էր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական զենքի վաճառման փաստը: Լինելով ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ՝ Հայաստանը հայտնվեց բարդ կացության մեջ, քանի որ նրա ազատության աստիճանը խստիվ սահմանափակվեց:
Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են ձեռք բերել նոր ձեւեր: Նոյեմբերի 11-ին Վ.Պուտինը հանձնարարեց ստորագրել համաձայնագիր Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հավաքական անվտանգության կովկասյան տարածագոտում Հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին: Նշված բոլոր հանգամանքները կարեւոր իմաստ են ստանում Հայաստանի անվտանգության համար, քանի որ Հայաստանն ավելի ու ավելի է իրեն կապում Ռուսաստանի եւ նրա թյուրքալեզու հարեւանների հարաբերությունների ոլորտին, որտեղ բազում դժվարլուծելի խնդիրներ կան: Հայաստանը, փաստորեն, ստանձնել է թյուրքալեզու այդ պետությունների հակառուսական մտադրությունները զսպողի դեր: Այդպիսի դերը խիստ նեղացնում է անվտանգության երաշխիքների ապահովման գործում մեր երկրի ազատությունը:
Այդ իրավիճակի իմաստավորումը չափազանց կարեւոր է. չէ՞ որ Հայաստանի առջեւ ծառացած է բոլոր հասունացած հիմնահարցերի վերաբերյալ նոր դիրքորոշումներ մշակելու խնդիր: Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները թե՛ դիմակայության եւ թե՛ բարյացակամության փուլերում միշտ հագեցած են եղել Հայաստանի համար տհաճ անակնկալներով: Նոր պայմաններում իր տեղի ու դերի ճիշտ ընտրությունը թույլ կտա ոչ միայն ապահովել Հայաստանի անվտանգությունը, այլեւ իրագործել պետական բազմաթիվ խնդիրներ:
- Արցախում ապրիլյան պատերազմը հասարակական գիտակցության մեջ շատ մտակաղապարներ ջարդեց: Հայաստանը եւ Արցախը կորուստներ ունեցան: Հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը ձախողվեց: Ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում խնդրի լուծման եւ երկու հայկական պետությունների պաշտպանունակության ամրապնդման գործում:
- Ապրիլյան պատերազմը հնարավորություն տվեց վերաիմաստավորել իր ռազմավարական հիմնախնդիրների եւ ՌԴ-ի վարած արտաքին քաղաքականության հանդեպ վերաբերմունքը: 22 տարվա արդյունքում մենք ունեցանք այն, որ ապրիլին պատերազմ վերսկսեց: Մինչ այդ մենք կարող էինք պնդել, որ 20 տարուց ավելի բանակցային գործընթացն ապահովում է գոնե ստասուս քվո եւ խաղաղություն: Բայց պարզվեց, որ դա այդպես չէ: Նշանակում է, որ այն մոտեցումները, որ եղել են, խոցելի էին: Ինչո՞ւ, որովհետեւ մի փոքր թերագնահատվում էին խնդրի էությունը, կողմերի մոտեցումները: Անընդհատ խոսվում էր նրանից, որ Մինսկի խմբի հովանու ներքո կարելի է հասնել փոխզիջումային տարբերակի: Բայց մի բան ոչ ոք հաշվի չէր առնում, որ 22 տարվա մեջ Ադրբեջանը երբեք չի ասել, որ ինքը համաձայն է փոխզիջումային տարբերակով այս խնդիրը լուծել: Եվ պարզ չի, թե ինչու էր հայկական կողմն անընդհատ պնդում դա:
1991-ին, երբ Հայաստանն անկախություն հայտարարեց խորհրդային Հայաստանի սահմաններում, Լեռնային Ղարաբաղը ստիպված էր նույնպես անկախություն հայտարարել: Ստեղծվեց ԱՊՀ կազմակերպությունը, դեկտեմբերին պայմանագիր ստորագրվեց: Երբ մենք նայում ենք այդ փաստաթղթերը, տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի սուվերենությունը, գոյություն ունեցող սահմանները՝ որեւէ կերպ չնշելով, որ կա Ղարաբաղի խնդիր: Սա ցույց է տալիս, որ այն ժամանակ 1991թ. իշխող ուժը հույս էր կապում, որ սա եւս լուծում է: Բայց 1992-ին եղավ պատերազմ: Ադրբեջանը բոլորի կողմից ճանաչվեց եւ իրավունք ստացավ օրինական ուժ կիրառելու, փորձեց կիրառել ու պարտվեց: Փաստորեն՝ տարածքն անցավ հայկական վերահսկողության տակ, բայց իրավունքները մնացին Ադրբեջանին:
Գերտերությունները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, արեւմտյան երկրները, Մինսկի խումբը ընդունում են, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիր, բայց այս ամենը՝ Ադրբեջանի տարածքում: Երբ 1992-ին ստեղծվեց Մինսկի խումբը, այնտեղ շարադրվեց, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի խնդիր. առաջին հերթին՝ մի քանի հարյուր հազար ադրբեջանցի փախստականների խնդիր, ինչ-որ տարածքների եւ Լեռնային Ղարաբաղի հայերի կարգավիճակի խնդիր: Դրանից հետո որեւէ բան չի փոխվել:
Անընդհատ խնդիր էր ծագում, որ պետք է փոխել մոտեցումը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Փաստարկը հետեւյալն էր. եթե մի երկիր՝ Հայաստանը, որ ՄԱԿ-ի անդամ է, ճանաչեր, դա արդեն կասկածի տակ կդներ Ադրբեջանի իրավունքը, իրավունքների վեճ առաջ կբերեր: Բայց այդ քայլին որեւէ մեկը չգնաց տարբեր փաստարկներով՝ վտանգավոր է, մենք կմեկուսանանք միջազգային ասպարեզում, կռիվ կլինի եւ այլն: Մինչդեռ դա մոտեցում էր, որի հիմքում իրավունքների վերանայման հարցն էր. հնարավոր չէ իրավուքներն անընդհատ Ադրբեջանի ձեռքին թողնելով՝ բանակցել: Ինչի՞ շուրջ բանակցես:
Ապրիլյան պատերազմից հետո մի պահ խոսվում էր դրա մասին, բայց Հայաստանը նորից ետ քաշվեց: Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն էլ, փաստորեն, Ադրբեջանը չկատարեց: Ադրբեջանի կողմից դա նորություն չէ, ամբողջ 22 տարի Ադրբեջանը նույն քաղաքականությունն է վարում՝ պաշտպանել այդ իրավունքները: Նրանց համար գերխնդիրը դա է՝ երբեք որեւէ բան չստորագրել, ոչ մի իրավունք չզիջել Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին:
Ադրբեջանում լավ են հասկանում, թե ինչ ասել է իրավունք, Հայաստանում մարդիկ չեն հասկանում դրա կարեւորությունը: Մտածում են՝ ի՞նչ տարբերություն՝ կճանաչենք, չենք ճանաչի… Մեր քաղաքականության մեջ երբեւէ իրավունքի ուժն ու նշանակությունը ոչ ոք չի հասկացել: Քաղաքական մեծ անգրագիտություն է՝ գումարած 1915թ. Ցեղասպանության համախտանիշ, մեծագույն վախեր… Եվ դա բերել է հստակ քաղաքական գծապատկերի՝ իրավունքներից հրաժարվելու քաղաքականության: Այսինքն՝ մարդիկ համոզված են, որ ինչքան շատ իրավունքներից հրաժարվեն, այնքան ավելի անվտանգ կապրեն: Չեն հասկանում, որ աշխարհը կառուցված է իրավունքների վրա, որ քաղաքականությունը՝ լինի թաղի քրեական աշխարհում, թե միջազգային հարթակներում, պայքար է իրավունքների համար:
Ընդհանրապես՝ ամբողջ այս պայքարը պետք է ուղղված լիներ իրավունքները վերադարձնելուն: Այն, ինչը մենք տվել ենք, պետք է հատ-հատ ետ վերցնենք՝ օգտվելով մեր դաշնակիցներից, միջազգային դիրքորոշումներից: Եթե դու քաղաքականություն ես վարում, ամեն ինչ ռեսուրս է, պետք է գործի դնես, եթե ոչ՝ աստիճանաբար ամեն ինչ կորցնում ես:
- Հայաստանում կառավարություն է փոխվել: Նոր վարչապետը հայտարարեց, որ երկրի տնտեսությունն աղետալի վիճակում է, եւ որ գլխավոր խնդիրը այն «ստվերից» դուրս բերելն է, համակարգային փոփոխությունների անցկացումը: Ի վիճակի՞ է արդյոք նոր կառավարությունը լուծել երկրի ռազմավարական կարեւոր խնդիրները:
- Հատկանշականն արդեն այն է, որ առաջին անգամ կառավարության ղեկավարը երկրում տիրող անմխիթար վիճակը պայմանավորում է ոչ թե հայ-թուրքական չլուծված հարաբերությունների եւ արցախի խնդրի մասին ավանդական դրույթներով, այլ տնտեսության մեջ առկա «ստվերով»: Բայց բանը միայն տնտեսությունը չէ, իշխանություններն ասում են, թե հնարավոր չէ բարեփոխել տնտեսական հարաբերություններն առանց քաղաքական բարեփոխումների: 2012 թվականին Հայաստանում ձեւավորվեց մի կառավարություն, որը նշանակում էր օլիգարխիայի հաղթարշավ: Ֆինանսատնտեսական իրավիճակը վերջնականապես հայտնվեց կապիտալի թելադրանքի ներքո: Կարելի էր երկրի դրության կտրուկ վատթարացում սպասել: Կոռուպցիան սպառնալիքի տակ էր դրել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը:
Կարո՞ղ է արդյոք նոր կառավարությունը երկիրը դուրս բերել այդպիսի վիճակից: Տեսականորեն կարող է, եթե ըմբռնի, որ ազգային անկարգությունների հիմքերի հիմքը սեփականության անպաշտպանվածության խնդիրն է: Եթե տվյալ սեփականության օրինականությունը չի ճանաչվում հասարակության կողմից, այդպիսի սեփականությունը չի կարող պաշտպանված լինել: Սեփականության եւ ձեռնարկատիրության պաշտպանության միակ իրական երաշխիքը դառնում է պետական իշխանության լծակների բռնի յուրացումը խոշոր սեփականատերերի կողմից: Հենց դա՛ տեղի ունեցավ Հայաստանում՝ նրա անկախ գոյության ողջ ժամանակաընթացքում: Չկա պաշտպանված սեփականություն՝ նշանակում է չկան անկախ արդարադատություն եւ ազատ ընտրություններ: Չկա նաեւ ինքնիշխանություն. ինքնիշխանությունը փոխանակել են արտաքին հովանավորչության հետ՝ պետական իշխանությունը զավթողների իշխանության ու սեփականության պաշտպանման դիմաց: Սահմանադրական կարգի հաստատումը եւ երկրի ինքնիշխանության վերականգնումն էլ հենց Հայաստանի ռազմավարական խնդիրն են:
Դժվար է հավատալ, որ նոր կառավարությունը կարող է այդպիսի խնդիր լուծել՝ թեպետ խոշոր սեփականատերերը պաշտոնապես հանվել են նրա կազմից: Ամեն դեպքում՝ Հայաստանում սահմանադրական կարգի հաստատումը հնարավոր է իրականացնել հանրային 3 պայմանի հասնելու միջոցով, որոնք Սահմանադրության ընդունման եւ սահմանադրական կարգի կառուցման համար հող կնախապատրաստեն։ Նման սոցիալական պայմանագրերը կարող են լինել օրենսդրական 3 նախաձեռնություններ, որոնք պետական ապարատը կազատեն կապիտալի թելադրանքից, կկանոնակարգեն սեփականության պաշտպանությունը, քաղաքական սուբյեկտների ձեւավորումն ու գործունեությունը (կուսակցությունների մասին օրենքը), ինչպես նաեւ ընտրական գործընթացներն ու դրանց արդարությունն ապահովող երաշխիքները։ Իհարկե, այդպիսի բարեփոխում կատարելու համար գլխավոր պայման է ՀՀԿ-ի արձակումը: Մինչդեռ ՀՀԿ-ն, ինչպես տեսանք, վերջերս նոր համալրում ստացավ, այդ թվում՝ ի դեմս վարչապետի, ով փորձում էր հավաստիացնել, թե իշխող կուսակցությունը որոշել է փոխվել:
Վերը նշված խնդիրների լուծումը կարող էր պայմաններ ստեղծել մեր երկրի իրավաքաղաքական մոդելի ճշգրտման համար: Ռազմավարական նշանակության համահայկական խնդիրները պետք է դուրս բերվեն հատուկ հիմնահարցերի կարգը, որոնց լուծման իրավունքը սոսկ Հայաստան պետությանը չի պատկանում. դրանք պետք է լուծվեն հայ ժողովրդի առանձին հատվածների իրավունքներին ու պարտականություններին լիովին համահունչ: Նախեւառաջ հարկավոր է գտնել ՀՀ-ի ռազմավարականորեն արդարացված ինքնորոշման իրավական շրջանակների նոր գծապատկերը: Եվ ապա՝ դրան համապատասխան գծել այն սահմանները, որոնք տարանջատում են Հայաստանի Հանրապետության հիմնահարցերը համահայկական ռազմավարական նշանակության խնդիրներից: