Ռուսաստանն ընդունեց Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում

Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ

Նոյեմբերի 12-ին՝ սահմանադրության օրը, Ադրբեջանը զորավարժություններ է սկսել, իսկ այդ երկրի նախագահը զինվորական համազգեստով եղել է շփման գծում, որտեղ հայտարարել է. «Մենք մեր հողերում ենք, սա Ադրբեջանն է: Եվ Լելեթեփեն, և Շուշին, և Խանքենդին Ադրբեջան են: Մենք մեր հողերում ենք եւ աչք չենք տնկում որեւէ այլ երկրի հողերի վրա: Միեւնույն ժամանակ թույլ չենք տա մեր հողերի վրա երկրորդ հայկական պետություն ստեղծել: Սա մեր իսկական, պատմական հողն է եւ կվերադառնանք մեր հողեր, որոնք այսօր օկուպացված են: Եթե հայկական զինված ուժերն ապրիլյան մարտերից հետո ճիշտ եզրակացություններ չանեն, ապա Լելեթեփեի նման բազմաթիվ հաջող գործողություններ կլինեն»: Սա նշանակու՞մ է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի:

Ադրբեջանի ղեկավարությունը երբեք չի հրաժարվել պատերազմի ծրագրերից, իսկ բանակցային գործընթացն ընդամենը խնդրի ռազմական լուծման իրավունքի ամրագրման տեղ է եղել: Մեզ ավելի շատ մեր քաղաքականությունը պետք է հետաքրքրի: Հայաստանում երկու տասնամյակից ավելի իրար փոխարինող պատասխանատու անձինք ընդամենը բողոքում են Ադրբեջանից՝ դրանում «իմաստուն» քաղաքականություն տեսնելով եւ արդարացնելով բոլոր անհաջողությունները:

Երբեք անհաջողությունների պատճառը չեն տեսել սեփական արդյունավետ քաղաքականության բացակայության մեջ: Հիմա էլ Ադրբեջանը ցույց է տալիս իր դասերը, որոնք սովորել է ապրիլյան պատերազմից հետո, իսկ Հայաստանի հանրությունը սպասում է, թե իր իշխանությունները երբ ցույց կտան իրենց եզրակացությունները: Սպասել պետք չէ, եզրակացությունն արդեն կա եւ ամենեւին էլ մխիթարող չէ: Սեպտեմբերին բոլորին ցուցադրեին նոր տեխնիկան, այդ թվում՝ հրթիռային, սակայն հայտարարեցին, որ հրթիռային տեխնիկան հակառակորդին լիամասշտաբ պատերազմից զսպելու նպատակ ունի:

Այսինքն, այդ տեխնիկան ունեինք նաեւ ապրիլյան պատերազմից առաջ, սակայն սա այն պատերազմը չէ, որ կիրառվի: Այդ պատերազմի համար ունենք այլ մարտավարություն՝ պատժիչ գործողությունների մարտավարությունը, եւ այն նպատակ ունի հակառակորդին զսպել զորքերի շփման գծում ցանկացած ակտիվությունից: Բնականաբար, հարցերին՝ թե ինչու ապրիլյան պատերազմի ժամանակ այդ տեխնիկան չի օգտագործվել, սովորաբար պատասխանում են, որ լիամասշտաբ պատերազմի խթանելու ցանկություն չի եղել: «Երկաթե» տրամաբանություն:

Ի՞նչ ենք ստանում իրականում: Ստացվում է, որ հրթիռային տեխնիկան ընդհանրապես նախատեսված չէ լոկալ պատերազմը զսպելու համար: Համապատասխանաբար, Ադրբեջանի ձեռքերն ազատ են Արցախի Պաշտպանության բանակի առաջնային դիրքերը գրավելու նպատակով ռազմական գործողություններ սկսելու համար: Ապրիլյան պատերազմի ժամանակ այդպես էլ եղավ, եւ ընդհակառակը, արդեն Ադրբեջանն էր սպառնում հրթիռակոծել Ստեփանակերտը, եթե «հայերը տեղում չմնան» եւ խանգարեն Ադրբեջանին յուրացնել տարածքները: Հայերը լռեցին ու կանգնեցին:

Ադրբեջանի՝ լիամասշտաբ պատերազմի շանտաժն աշխատել է: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ Ադրբեջանի նախագահը հավաստիացնում է իր բանակին եւ հասարակությանը, որ Լելեթեփեի օրինակով հանգիստ գրավելու է Արցախը, այսինքն՝ «բազմաթիվ անցավ» միջոցներով, քանի որ հայերն Ադրբեջանի այդ մարտավարության դեպքում լուրջ տեխնիկա չեն կիրառելու: Դա նշանակում է ոտքով առաջ դեպի ԼՂՀ ՊԲ առաջնային դիրքեր, դրանց գրավում եւ Արցախի խաղաղ բնակչության դեմ հրթիռային սպառազինության կիրառման սպառնալիքի տակ պատերազմի դադարեցման պահանջ: Այսինքն, ստեղծվել է ԼՂՀ ՊԲ պատժիչ գործողություններին հակազդելու արդյունավետ մեխանիզմ: Դրա պատժիչ գործողությունների մարտավարությունը ֆիկցիա է դարձել:

Ինչու՞ է Ադրբեջանն այդ քաղաքականությունն արդյունավետ համարում: Չէ՞ որ Վիեննայում մայիսի 16-ին Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանի առաջ կոշտ պայմաններ են դրել՝ պահանջելով վերահսկողության մեխանիզմներ ներդնել շփման գծում:

Այո, Մինսկի խմբի համանախագահների կողմից այդ պահանջներն այնքան էլ հաճելի չեն Ադրբեջանի համար: Դիվանագիտական շրջանառության մեջ է դրվել հրադադարի ռեժիմի խախտման մեղավորին որոշելու գաղափարը: Դա ուղիղ սպառնալիք է Ադրբեջանի՝ «պատերազմի իրավունքի» քաղաքականությանը:

Հենց այդ հանգամանքն է ստիպում Ադրբեջանին քաղաքականություն վարել՝ հուսալով, որ աշխարհին կստիպի հրաժարվել այդ պահանջներից: Ադրբեջանի ընթացիկ բոլոր գործողությունները՝ լայնամասշտաբ զորավարժությունները, նորագույն սպառազինության ձեռքբերման մասին հայտարարությունը, ուղիղ սպառնալիքներն ու վերջնագրերը նպատակ ունեն ցույց տալու համաշխարհային հանրությանը, որ առաջադրած պահանջներն արհամարհում է: Եվ միայն առաջին հայացքից է թվում, որ այդ մոտեցումը քմահաճույք է հիշեցնում, սակայն միայն առաջին հայացքից:

Ադրբեջանում լավ են հասկանում, որ ԼՂՀ չճանաչվածությունն իրավունք է տալիս իրեն խոսել «օրինական կարգով» ուժի կիառման իրավունքի մասին: Այդ երկրի ղեկավարությունը հույս ունի, որ կարող է համաշխարհային հանրությանը համոզել, որ խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու ստանձնած պարտավորությունները չեն կարող ռազմական լուծման ճանապարհին խոչընդոտ լինել: Ադրբեջանը ծայրահեղ դեպքում հույս ունի, որ տերություններից մեկին դուր կգա կամ էլ կձանձրացնի «զենք ճոճելու» քաղաքականությունը, եւ դրանից առանձնապես վնաս չի լինի:

Այդ ժամանակ հնարավոր կդառնա մշտական պատերազմի մարտավարությունը, որտեղ հնարավոր կլինի ձեռքբերումներ ունենալ: Ալիեւի անվերջանալի հայտարարություններն իր երկրի իրավունքների մասին հետապնդում են այդ քաղաքականության արդարացման նպատակ: Պետք է ասել, որ ողջ ռիսկայնությամբ հանդերձ, Ադրբեջանի այդ քաղաքականությունն առայժմ առանձնապես վնաս չի հասցրել: Չնայած, իհարկե, աշխարհում բոլորը չէ, որ կիսում են Ադրբեջանի տեսլականն այդ երկրի իրավունքների վերաբերյալ: Առնվազն Արցաի ինքնորոշման իրավունքը շատերը ճանաչում են:

Ինչպե՞ս կարելի է հաղթահարել Հայաստանի եւ Արցախի համար այս վտանգավոր իրավիճակը: Չէ՞ որ Ադրբեջանն իր կամքով չի հրաժարվի խնդրի լուծման ռազմական ճանապարհից:

Մեր նպատակը չի կարող լինել Ադրբեջանի հետ մշտական պատերազմը: Այդ երկիրը կդադարի պատերազմել միայն այն ժամանակ, երբ համոզվի, որ պատերազմը չի լուծում իր խնդիրները: Ադրբեջանին մենք պետք է համոզենք, միջազգային հանրության հայտարարություններն առ այն, որ ռազմական լուծում չկա, չեն համոզում ադրբեջանցիներին:

Արմատապես պետք է փոխել կողմերի ռազմական դիմակայությանը վերը նկարագրված վերաբերմունքը: Անհրաժեշտ է Ադրբեջանին զսպելու լրիվ այլ տրամաբանություն մշակել: Առաջին հերթին անհրաժեշտ է Ադրբեջանին զրկել ուժի կիրառման իրավունքից: Հայաստանում մինչեւ հիմա լավ չեն հասկանում այս հանգամանքի կարեւորությունը, մինչ այժմ տարվող քաղաքականությունում այս ուղղությամբ առանձնապես ջանքեր չեն գործադրվել:

Ընդհակառակը, աշխարհում ԼՂՀ ճանաչման ավելացող դեպքերը ժպիտով են ընկալվում: Քչերն են գիտակցում, որ յուրաքանչյուր ճանաչում Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրավունքի մերժման փաստ է պարունակում: Վաղուց արդեն պետք է ազատված լինեինք այդ միամիտ պատկերացումներից: Հակառակորդի ցանկացած տեղային գործողություն այնքան պետք է բարդացնի Ադրբեջանի ռազմական եւ քաղաքական դիրքերը, որ կորցնի իմաստը:

Դրանք կկրորցնեն իմաստը, երբ Ադրբեջանն ավելի շատ կորցնի, քանի կարողանա ձեռք բերել ցանկացած տեղային գործողության արդյունքում: Խոսքը մարդկային եւ տեխնիկական կորուստների մասին չէ, այդ կորուստները քիչ նշանակություն ունեն Ադրբեջանի համար: Ավելի շատ կորցնել՝ նշանակում է նոր խնդիրներ ստանալ, որոնք բարդացնում են երկրի դրությունն ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ոլորտում: Առաջին հերթին՝ ԼՂՀ դեմ ուժի կիրառման իրավունքի կորստի խնդիրը: Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանի ամենաթույլ կետն այն է, որ Արցախը կորցրել է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով:

Ադրբեջանը չի կարող միայնակ Արցախի գրավման խնդիր դնել, չի կարող նաեւ լուծել այդ խնդիրը: Համապատասխանաբար Ադրբեջանի կողմից տեղային գործողությունների կիրառման դեպքում անդառնալի վնաս հասցնելու նպատակը պետք է դրվի հայկական քաղաքականության ռազմավարության հիմքում: Դա է պատժիչ գործողության իմաստը:

Անգամ Հայաստանի «անատամ» քաղաքականության պայմաններում ապրիլյան պատերազմն Ադրբեջանին այդպիսի վնաս է հասցրել. Հայաստանը հնարավորություն է ստացել նորագույն սպառազինություն ստանալ, իսկ ԼՂՀ-ն քաղաքական աջակցություն է ստացել աշխարհում: Արցախի կարգավիճակի խնդիրն ակտուալ է դարձել միջազգային քաղաքականությունում, իսկ Հայաստանի ռազմական կարգավիճակը՝ որպես տարածաշրջանում կայունության գործոն, ճանաչվել է աշխարհի առաջատար տերությունների կողմից: Արդյունքը կարող էր մեծ լինել, եթե հերթական անգամ չդրսեւորվեր հայկական քաղաքականությանը բնորոշ «տերություններից վախի մոլուցքը»: Այդ մոլուցքից ազատագրվելու գործում պետք է սովորել գոնե հակառակորդ Ադրբեջանից:

http://www.lragir.am/index/arm/0/interview/view/142897