Մեր զրուցակիցն է Ռազմավարական և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը
Պարոն Սարգսյան, Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցածն ինչպե՞ս եք գնահատում, երբ սկզբում խոսվում էր ներքաղաքական պատերազմի մասին, ու մեկ գիշերվա մեջ ամեն ինչ փոխվեց՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո։
Գործող իշխանությունը ինչ-որ խաղ է խաղում բացահայտելու այսպես կոչված ընդդիմության կերպարը, որն իբր հեղափոխություն էր ուզում անել։ Եկավ մի պահ, որ բացահայտվեց այդ ամենը։ Այլ բան չկար և չէր էլ կարող լինել. Ծառուկյանին կանչեցին ասացին՝ գնա քո գործերով զբաղվիր, նա էլ գնաց իր գործերով զբաղվելու։ Բավական շատ մարդիկ իրենց համար հորինել են հեղափոխության, իշխանափոխության պատրանք, որը վերացավ գնաց, ինչպես թարախի պարկը ծակելիս է լինում։
Հերթական անգամ հասարակությունն ականատես եղավ իշխանություն կիսելու գործընթացին և Գագիկ Ծառուկյան փրկչի կերպարի վերացմա՞նը, որը խոստանում էր, որ իր խոսքը գործ է, բայց վերջին պահին մենակ թողեց հասարակությանը։
Ես չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ բան կիսելու խնդիր կա։ Այն մարդիկ, որոնք հավաքվել են Ծառուկյանի շուրջը, իրենց համար հորինել են, թե իրենք ինչ-որ գործոն են, ինչ-որ բան կարող են անել, հավատացել են իրենց ասածներին, բայց հիմա մի իրավիճակ ստեղծվեց, երբ մարդիկ հասկացան, որ ոչ մի կիսելու բան էլ չունեն, ավելի շատ իրենց փրկելու խնդիր ունեն։ Շատերը մտածում էին, թե ինչ-որ մեկը Ծառուկյանին ձեռք կտա, բայց նրան ձեռք տան ի՞նչ անեն, մարդը ոչ մի բան իրենից չի ներկայացրել, չի էլ ներկայացնում։ Մարդիկ նրան փորձել են ներկայացնել որպես կուռք՝ հույս ունենալով, որ փողն ինչ-որ բան է որոշում այս երկրում, համոզված են եղել, որ աշխարհը փողի վրա է կառուցված, հետո տեսան, որ այդ ամենը սուտ է, գնացին տուն։ Որևէ սենսացիա չկա այստեղ, սովորական բան է։ Բայց իհարկե մեծաքանակ մարդկանց համար սա ողբերգություն էր, որովհետև հավատացած էին, որ այս աշխարհում փողով կարելի է մի բան փոխել։
Այսինքն՝ փողով հնարավո՞ր չէ իշխանափոխության հասնել. ընդդիմադիրները գրեթե միշտ իրենց ձախողումները պայմանավորել են ֆինանսների սղությամբ։
Փողով երբեք էլ դա հնարավոր չի եղել։ Եթե աշխարհն այդքան պարզունակ լիներ, միջնադարում կապրեինք։ Աշխարհը շարժողը միտքն է։ Ըստ էության, ինտրիգներով իշխանության հասած Սերժ Սարգսյանը ելավ և ամբողջ ազգին համոզեց, որ փողով հարցեր չեն լուծվում։ Նա թեզ առաջ քաշեց, որ պետք է խելքով, ինտելեկտով առաջ շարժվես, այդ մարդը երբեք ինտելեկտ չի ունեցել, բայց այժմ մի բանի է հասել, և այժմ հասկացել է, որ ինքը մի բան էլ բարձր է, քան փողով իշխանություն վերցնողները:
Հասարակությունը կարո՞ղ է ինքնուրույն քայլերի գնալ, ինքնակազմակերպվել, թե շարունակելու է փրկիչներ փնտրել։
Դե եթե հասարակությունը չի կարողանում ինքնուրույն քայլերի գնալ, այսպես էլ շարունակում է ապրել։ Մինչև հիմա մարդիկ կարևորել են փողը, Սերժի փողը, Ծառուկյանի փողը և այդ գաղափարով էլ ապրել են։
Ինչո՞ւ Սերժ Սարգյանն ընտրեց Ծառուկյանին հրապարակային մինչև վերջ վարկաբեկելու ու ոչնչացնելու ուղին, եթե հենց սկզբից կարող էին երկխոսել ու ընդհանուր հայտարարի գալ։ Մի՞թե սահմանադրական փոփոխությունները կարող էին նման հարաբերությունների վերջ դնել։
Իշխանության մեջ Հովիկ Աբրահամյանն, օրինակ, ասաց, որ մարդուն մի բանը մի անգամ, երկու անգամ են ասում, եթե չի հասկանում, գլխին բամփում են։ Սա է գողերի մակարդակը, տրամաբանությունը։ Դե եթե հասկանար, չէին բամփի։ Ամոթ է ազգի համար, երբ գողերը եւ շուլերները այս ազգին պարտադրում են իրենց խնդիրներն ու օրակարգը։
Ինչ վերաբերվում է սահմանադրական փոփոխություններին, կան մարդիկ, որոնց ասել են, որ սահմանադրական փոփոխությունները նրա համար են, որ գործող իշխանությունը վերարտադրվի, բայց դա ո՞ւմ է հետաքրքրում։ Թղթեր են ներկայացրել, Ծառուկյանին պատերազմ են հայտարարել, թող այդ թղթերն ուրիշ տեղ ներկայացնեն, բայց մի մարդու, որի կյանքի իմաստը փողն է, թղթեր ես ներկայացնում, նա ի՞նչ պետք է անի, պիտի գնա իր փողերի հետևից, չէ՞։ Այդպես էլ գնում է քաղաքական կյանքը նույն որակի մեջ։ Նույն որակի մեջ երբևէ աշխարհում փոփոխություն չի եղել, եթե չեն առաջարկվել նոր սկզբունքներ, նոր արժեքներ։ Հիմա Հայաստանում որոշել են նորամուծություն անել. նույն որակի, նույն սկզբունքների մեջ ինչ-որ նոր բան անել, իսկ այդ նորն էլ մի փոքրիկ հարց է. Իշխանափոխություն անել, ամեն ինչ թողնել նույնը, հանցավոր համակարգը վերցնել և ասել՝ երկրում կատարվել է փոփոխություն։ Նման բան չի լինում։ Նման սկզբունքներով ապրող մարդիկ են ստեղծել այն վիճակը, որն այսօր գոյություն ունի Հայաստանում։
Պարոն Սարգսյան, այսինքն՝ հասարակությունը պետք է ինքնակազմակերպվի, փոխվի և հույսը չդնի իշխանության կամ ոչ իշխանության վրա, որովհետև նոր որակի իշխանության ու նոր որակի հասարակության անհրաժեշտություն կա։
Անկասկած, հասարակությունն անմեղ չէ, նա էլ իր մեղքի բաժինն ունի, որ հավատում է այդ լիդերներին։ Դե եթե հավատում ես, այսպես էլ ապրում ես։ Եթե մարդիկ չեն ուզում հստակեցնեն, ձևակերպեն իրենց խնդիրները, կազմակերպվեն, մարդկանց միավորվեն ու առաջ գնան, այսպես էլ ապրում են։ Կարո՞ղ է Կենտրոնական Ամերիկայի ժողովուրդները մեզնից վատն են. Վատը չեն, ընդամենը նրանք էլ տասնամյակով են սպասում, որ ինչ-որ մեկը գա, իրենց խնդիրները լուծի, իսկ արդյունքում ինչ-որ մեկը գալիս է, իրենց թալանում է։ Նույն վիճակն է նաև Հայաստանում։
ՀՅԴ-ն ինչո՞ւ որոշեց միջնորդի դեր ստանձնել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, արդյոք այդ կուսակցությունն ուներ այդքան կշիռ նման միջնորդության համար։
Դե, մարդիկ պիտի մի ձև արդարացնեն իրենց գոյությունը։ Ինչ-որ դերակատարություն են վերցնում՝ փորձելով ցույց տալ, որ իրենք էլ կան։ ՀՅԴ-ն, իրականում, մարգինալացված ուժ է։